Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ



ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Ռազմարվեստը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.) նախապատրաստվում էր մոտավորապես մեկուկես տասնամյակ: Քաղաքական առումով Մեծ Բրիտանիան հասկանալով, որ ամեն կերպ զիջում է միավորված Գերմանիային, ճկուն դիվանագիտությամբ նրա դեմ կազմակերպեց մեծ ու հզոր ռազմական դաշինք: Դաշինքում ընդգրկվեց Ֆրանսիան, որին բրիտանացիները «հատկացրել էին» պատերազմի տարածքի դերը և Ռուսաստանին՝ մարդկային ռեսուրսի առումով: Բրիտանացիները դաշինքն ապահովում էին լրացուցիչ ծախսերով ու տեխնոլոգիաներով: Ամենադժվարը, իհարկե, Ռուսաստանի անդամակցությունն էր, քանի որ Գերմանիան ամեն ինչ անում էր, որ դա չկայանա: Բայց, ի վերջո, Ռուսական կայսրությունը հայտնվեց այդ դաշինքում` Բրիտանիայից ու Ֆրանսիայից ստանալով մեծ ներդրումներ և մեծ խոստումներ: Պատերազմի իրական «ճարտարապետները» շատ լավ հասկանում էին, որ այն ընդգրկելու է մեծ տարածքներ: Եվ իսկապես` Առաջին աշխարհամարտն ընդգրկեց երկրագնդի մեծ մասը: Ռազմական գործողությունները միաժամանակ ընթանում էին Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների ավազաններում: Բրիտանիան, չնայած իր որոշմանը` պատերազմին ցամաքում չմասնակցել, պատերազմի առաջին իսկ տարում հասկացավ, որ Ֆրանսիան և Ռուսաստանը չեն կարող ցամաքում զսպել Գերմանիային, և ստիպված սեփական զորքերով ներքաշվեց Առաջին աշխարհամարտի մեջ:

Գլխավոր թատերաբեմերն էին`

– Արևմտաեվրոպականը,  որը կոչվում էր նաև ֆրանսիական,

– Արևելաեվրոպականը,  որը կոչվում էր նաև ռուսական:

– Ասիաթուրքականը,  որն ընդգրկում էր Թուրքիայի բոլոր ճակատները, իսկ այստեղ գլխավորը Հայկական լեռնաշխարհն էր` Ռուսաստանի հետ առճակատման հիմնական ուղղությունը,

– Իտալականը,

– Բալկանյանը:

Ակտիվ ռազմական գործողություններ ծավալվեցին`

– Հյուսիսային ծովում,

– Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում,

– Միջերկրական ծովում,

– Բալթիկ ծովում,

– Սև ծովում,

– Բարենցի ծովում,

– Սպիտակ ծովում:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՊատերազմի թատերաբեմը նախապատրաստելիս հիմնական ուշադրությունը կենտրոնացվում էր ամրացված բնագծերի զարգացմանն ու կատարելագործմանը: Դրանց հիմքը կազմում էին ամրոցները` բերդամասերի եզրաշերտերով:

Գերմանական ռազմատեսական միտքը գտել էր նոր լուծումներ` պատերազմի մասշտաբայնությունը, գործողությունների արագությունը, ավերիչ միջոցների հզորությունը և այլն:

Կարեւորվում էր երկաթուղին` կարճ ժամկետում մեծաթիվ զորքերի տեղափոխում ապահովելու առումով: Գերմանիան երկու ճակատով էր պատերազմելու և զորքերի մշտական խուսավարման խնդիրներ ուներ:

Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործողություններն սկսվեցին գերմանական զորքերի արագ հարվածներով: Համաձայն Շլիֆենի պլանի` գերմանական բանակը պետք է Բելգիայի տարածքով խոր թևանցումով հարվածեր ֆրանսիական բանակին և թևերից դուրս գար Փարիզի մատույցներ` միաժամանակ խաղից հանելով բելգիական և օգնության եկած բրիտանական բանակին:

 

Տեղեկանք. Ալֆրեդ ֆոն Շլիֆեն (1839-1913թթ.), գերմանական տաղանդավոր ռազմական տեսաբան, գեներալ-ֆելդմարշալ (1911)։ Որպես Գլխավոր շտաբի սպա` մասնակցել է 1866թ. ավստրո-պրուսական և 1870-1871թթ. ֆրանս-պրուսական պատերազմներին։ 1891-1905թթ. եղել է Գլխավոր շտաբի պետ։ Գերմանիայի ռազմականացման գաղափարախոսներից էր, երկու թևերից վճռական հարվածով հակառակորդին շրջապատելու և ոչնչացնելու տեսության ստեղծողներից։ Երկու ճակատով` Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ, պատերազմելու ծրագրի հեղինակն է, որը Գերմանիան փորձեց իրագործել պատերազմի սկզբին:

 

Մարտական գործողություններն սկսվեցին օգոստոսի 1-ին Լյուքսեմբուրգ գերմանական զորքերի ներխուժմամբ:

Սկզբնական շրջանում գերմանական զորքերը հաջողությամբ առաջ էին ընթանում: Բելգիան արագ նվաճվեց, սակայն դիմադրությունը հետզհետե ավելի կազմակերպված էր դառնում:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՍեպտեմբերի 5-ից 9-ը 260 կմ ճակատում Մառն գետի երկու ափերով անգլո-ֆրանսիական վեց բանակներ գրոհեցին գերմանական հինգ բանակների դիրքերի վրա: Բախմանը ներգրավվեց մոտ 2 մլն մարդ:

Ֆրանսիական 6-րդ բանակը հարվածեց մեծ շրջանցում անող գերմանական բանակների թևերին ու թիկունքին: Հակառակ բոլորի սպասումներին` ֆրանսիական 3-րդ բանակը գրագետ վերախմբավորումներով պահեց Վերդենը: Սրա շնորհիվ խափանվեց Շլիֆենի կայծակնային պատերազմի ծրագիրը: Այսինքն` Ֆրանսիական բանակները կարողացան ժամանակին վերախմբավորվել և զրկել գերմանական բանակներին խուսավարումից:

Սեպտեմբերի 7-8-ի գիշերը 1100 մեքենաներով իրականացվեց զորքի առաջին մեծ տեղափոխումը: Փարիզից զորքերը հասցվեցին ռազմաճակատ՝ ստեղծելով միասնական ճակատ: Արդյունքում` պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց միասնական ռազմաճակատը Լա Մանշից մինչև Շվեյցարիայի սահմանը, և իրավիճակը ռազմաճակատում կարգավորվեց, որևէ մի կողմը մեծ ճեղքումներ չկարողացավ իրականացնել:

 

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄԱրևելապրուսական ռազմագործողություն.

1914թ. օգոստոս-սեպտեմբեր

Քանի որ գերմանացիների համար առաջնային ճակատը արևմտյանն էր, ապա արևելյան ճակատում ռազմական գործողություններն սկսվեցին ռուսական երկու բանակների հարձակումով, որոնք ունեին քանակական առավելություն: Բանակները երկուսն էին` Պ. ֆոն Ռենենկամպֆի հրամանատարությամբ գործող 1-ին բանակը և Ա. Սամսոնովի 2-րդ բանակը: Գերմանական հրամանատարությունը կարծում էր, որ կարող է թույլ տալ ռուսական բանակի առաջխաղացումը` մինչև կլուծվեն Ֆրանսիայի հարցերը: Թևային գրոհներով գերմանական մեկ բանակ ձախից անցավ թիկունք և օգոստոսի 29-ին շրջապատեց ռուսական երկու կորպուս: Սեպտեմբերի 9-ին գերմանացիները թևանցեցին ռուսների գլխավոր ուժերին: Նրանց շրջապատելու փորձը (սեպտեմբերի 9-13) չհաջողվեց, սակայն, ի վերջո,  ռուսական բանակը գերմանական բանակի հարվածների ներքո պարտություն կրեց: Ա. Սամսոնովի 2-րդ բանակը շրջապատվելով` ջախջախվեց, իսկ Պ. ֆոն Ռենենկամպֆի 1-ին բանակը` նահանջեց: Այս ճակատում ռուսական զորքերը զրկվեցին մեծ ռազմագործողությունների իրականացման հնարավորությունից: Այս պարտությունը խոր հետք թողեց ռուսական բանակի վրա:

 

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄԳալիցիական ռազմագործողություն.

1914թ. օգոստոս-սեպտեմբեր

Վիսլա և Դնեպր գետերի միջև` 400 կմ ճակատով, ռուսական հինգ և ավստրո-հունգարական չորս բանակների միջև ծավալված ռազմական գործողությունները հայտնի են Գալիցիական ռազմագործողություն անվանումով: Դրան երկու կողմից մասնակցում էր մոտավորապես 1.5 մլն. մարդ: Գերմանացիների կողմից կրած անհաջողություններից հետո ռուսական բանակին ոչինչ չէր մնում, քան հարվածել հակառակորդի ամենաթույլ օղակին, եւ ռուսական բանակին հաջողվեց պարտության մատնել ավստրո-հունգարական բանակին:

Ավստրո-հունգարական կողմից սպանվեց 300.000 մարդ, 100.000-ը գերի ընկան, իսկ ռուսները տվեցին 230.000 զոհ: Սակայն ռազմագործողության ամենակարևոր արդյունքն այն էր, որ մինչև պատերազմի վերջը ավստրիական բանակը կորցրեց ինքնուրույն ռազմական գործողություններ վարելու ընդունակությունը: 400կմ ճակատով ռուսական բանակներն առաջացան 200կմ: Սա ռազմավարական խոշոր ձեռքբերում էր Ռուսաստանի համար: Այնուհետև ավստրիական բանակը մշտապես պարտություններ էր կրելու ռուսական բանակից, և հակառակը` ռուսական բանակը պարտություններ էր կրելու գերմանական բանակից:

1914թ. պատերազմաշրջանը ցույց տվեց և՛ այն նորը, որ կար ռազմարվեստում, և՛ թերությունները: Մասնավորապես՝ արագ մարտական գործողություններ իրականացնողներն սկսում էին մեծ առավելություն ստանալ, չնայած, որ զորքերի կուտակումները ահռելի մակարդակի էին հասել, իսկ հրետանու խտությունը աննախադեպ էր: Այսպես, եթե դաշնակիցների հարձակման թափը Մառնում կազմեց 50 կմ 5 օրում, իսկ Գալիցիայում` 200 կմ 33 օրում, ապա գերմանական 1-ին բանակի թափը (Ախենից Մառն) կազմեց 23 օրում 520 կմ, ինչը չմեքենայացված զորամիավորումների համար ռեկորդային կարելի է համարել:

Հարձակման ժամանակ անբավարար էին օգտագործվում գնդացիրները, հրետանային կրակով ուղեկցում դեռ չկար (թեև կտրուկ աճեց կրակային պատրաստության դերը): Լավ կողմերով իրենց դրսևորեցին ծանր հրետանին և ականանետները: Ծանր հրետանի հատկապես լայնորեն կիրառում էր գերմանական բանակը: Օդուժը փոքրաթիվ էր: Արդեն կար ընդհանուր պաշտպանության գիծ, աճեց դիրքերի ինժեներական ապահովման դերը (սկսեցին կիրառել խրամուղային պաշտպանությունը` սկզբում 1, ապա 2 գծով): Գերմանական բանակները բարձրակարգ էին գրեթե ամեն ինչում:

Փոքր-ինչ ցածր ինտենսիվությամբ, սակայն ռազմական գործողություններ ծավալվեցին նաև պատերազմի մյուս թատերաբեմերում:

1914թ. նոյեմբերին Ճապոնիան գրավեց Ցինդաո ամրոցը` Շանդուն թերակղզում, ինչպես նաև անգլիական էքսպեդիցիոն խմբավորման հետ համատեղ Օվկիանիայում գտնվող Գերմանիայի տիրույթները: 1914-1915թթ. Գերմանիան զրկվեց նաև Աֆրիկայի իր տիրույթներից:

Խորագիր՝ #24 (1246) 20.06.2018 - 26.06.2018, Ռազմական


20/06/2018