ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԱՐԳԱՆԱԼ
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները՝ նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու՝ պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Դեսպան Դաղերն իր հերթին նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ