Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ



Այս հոդվածում կանդրադառնանք հետեւյալ հարցերին.
Զինվորական ծառայության անվտանգության հիմնական հասկացություններն ու սահմանումները:
Զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը:
Զինվորական ծառայության անվտանգությունն արտացոլում է զինվորական ծառայության վիճակը, զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանվածության աստիճանը վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունից։

ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության իրավական կառուցվածքը կարելի է դիտարկել նորմատիվ-իրավական դրույթներով.
* ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը,
* ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը /ՀՀ Ազգային ժողովի կողմից 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՀ օրենքը/,
* ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. դեկտեմբերի 23-ի հրամանը,
* ՀՀ պաշտպանության նախարարի 2009թ. նոյեմբերի 10-ի հրամանը, որով գործողության մեջ է դրվել «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ձեռնարկը,
* ՀՀ պաշտպանության նախարարի 2009թ. դեկտեմբերի 26-ի հրամանը,
* ՀՀ պաշտպանության նախարարի 2010թ. հունվարի 16-ի հրամանը, որով գործողության մեջ է դրվել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ»:

Վերը նշված փաստաթղթերի բովանդակության վերլուծությունը հնարավորություն է ընձեռում առանձնացնելու զինվորական ծառայության անվտանգությանը վերաբերող հետևյալ հասկացություններն ու սահմանումները.
– անվտանգությունը գործունեության այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի հավանականությամբ բացառված է վտանգների դրսևորումը կամ առավել մեծ վտանգի բացակայությունն է,
– զինվորական ծառայության անվտանգությունը զինվորական ծառայության այնպիսի վիճակ է, որն ապահովում է զինծառայողների, տեղի բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանվածությունը զինված ուժերի գործունեության ընթացքում առաջացող հնարավոր վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունից։

Ցանկացած ոլորտ իր մեջ ներառում է գործունեության նպատակը, միջոցը, արդյունքը և բուն պրոցեսը, որի ցանկացած տեսակ կարող է վտանգավոր լինել մարդու համար: Վտանգավոր երևույթներ են գործընթացները, օբյեկտները, առարկաների հատկությունները, որոնք կարող են որոշակի պայմաններում վնաս պատճառել մարդու առողջությանը:

Վտանգների անվանացուցակը կոնկրետ զորամասում, զորատեսակում և զինված ուժերում ընդհանուր առմամբ հանդիպող բոլոր տեսակի վտանգների անվանումների ցանկն է: Ներկայումս ընդունված է առանձնացնել վտանգների մի քանի մակարդակ`
ընդհանուր (ընդհանուր առմամբ զինված ուժերին բնորոշ),
տիպիկ (զորատեսակին բնորոշ),
տեղային (կոնկրետ զորամասին բնորոշ):

Որպես կանոն առանձին օբյեկտների համար (զորամաս, ստորաբաժանում, հաշվարկ, դասակ, ջոկ և այլն) կազմվում է վտանգների անվանացուցակ: Այն պարունակում (բովանդակում) է հնարավոր բոլոր վտանգների ամբողջական ցանկը և հեշտացնում է դրանց նույնականացման (իդենտիֆիկացման) գործընթացը:

Անվանացուցակը կազմելու ընթացակարգն ունի մեծ մասամբ կանխարգելիչ նպատակ:

Ըստ ծագման տարբերակում են վտանգների 5 խումբ` մարդածին, կենսաբանական, բնական, սոցիալական, տեխնածին:
Ըստ զինծառայողի վրա ներգործելու բնույթի` կենսաբանական, մեխանիկական, հոգեֆիզիոլոգիական, ֆիզիկական, քիմիական:
Ըստ բացասական հետևանքների դրսևորման ժամանակի, վտանգները բաժանվում են խթանայինի (իմպուլսիվ) և կուտակայինի (կումուլյատիվ):
Ըստ առաջացնող հետևանքների բնույթի` հոգնածություն, հիվանդություններ, վնասվածքներ, վթարներ, հրդեհներ, մահացու ելքեր և այլն:
Ըստ հասցվող վնասի` սոցիալական, տեխնիկական, էկոլոգիական, տնտեսական:

Վտանգների դրսևորման ոլորտները` մարտական, տեխնիկական (պարապմունքներ տեխնիկայով, դրա սպասարկումը, նորոգումը և այլն), կենցաղային (զորանոցային), սպորտային, ճանապարհատրանսպորտային և այլն:
Զինվորական ծառայության անվտանգության վիճակը որոշակի ժամանակամիջոցում ստորաբաժանումում, զորամասում, զորամիավորումում զինծառայողների զոհվելու (մահվան), վնասման, հիվանդացության բացարձակ թվաքանակն է:

Զինվորական ծառայության անվտանգության մակարդակը հարաբերական մեծություն է, որը ստացվում է զինվորական ծառայության անվտանգության վիճակի և զինծառայողների որոշակի թվի հարաբերակցությամբ:
Որպես կանոն, առանձնացվում է զինվորական ծառայության անվտանգության մի քանի աստիճան` շատ բարձր, բարձր, միջին, ցածր և ծայրահեղ:
Շատ բարձրը այն վիճակն է, երբ զորամասում չկան զինծառայողների զոհվելու, ինչպես նաև վնասման և աշխատունակության կորստի հետ կապված հիվանդության դեպքեր: Վնասվածքների և առանց աշխատունակության կորստի հիվանդությունների ընդհանուր քանակը չի գերազանցում զորամասի անձնակազմի թվաքանակի 20%-ը:
Բարձրը բնութագրվում է զինծառայողների զոհվելու դեպքերի բացակայությամբ: Ընդ որում` վնասման և հիվանդությունների դեպքերը չեն գերազանցում անձնակազմի թվաքանակի 40%-ը, որից աշխատունակության կորստով դեպքերը` ոչ ավելի, քան 5-7%:
Միջինը բնութագրվում է զինծառայողների զոհվելու դեպքերի բացակայությամբ: Իսկ վնասման և հիվանդությունների դեպքում չի գերազանցում անձնակազմի թվաքանակի 60%-ը, դրանցից աշխատունակության կորստով` ոչ ավելի, քան 30%-ը:
Ծայրահեղը այն վիճակն է, որի դեպքում զինծառայողների շրջանում զոհերը կրում են պարբերական (սիստեմատիկ) բնույթ: Իսկ վնասման և աշխատունակության կորստյան կամ հիվանդությունների դեպքերը գերազանցում են անձնակազմի թվաքանակի 50%-ը:

Իսկ ինչպես բարձրացնել զինվորական անվտանգության մակարդակը:
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`
– տեխնիկական համակարգերի և օբյեկտների կատարելագործում,
– զինծառայողների տեսական գիտելիքների բարձրացում:

Անհրաժեշտ է հստակ համակարգային վերլուծություն` կոնկրետ տվյալների և պայմանների օգտագործմամբ:
Ինչ վերաբերում է համակարգային վերլուծությանը, ապա այդ ձևակերպման տակ պետք է հասկանալ մեթոդաբանական միջոցների ամբողջությունը, որն օգտագործվում է բարդ խնդիրների, տվյալ դեպքում` անվտանգության վերաբերյալ որոշումների նախապատրաստման ու հիմնավորման համար:

Համակարգային վերլուծության սկզբունքը երևույթները քննարկում է միմյանց հետ փոխադարձ կապի մեջ` որպես ամբողջական հավաքակազմ կամ համալիր: Նպատակը կամ արդյունքը (հետեւանքը), որը տալիս է համակարգը, անվանում (կոչում) են համակարգը ձևավորող տարր: Օրինակ` այնպիսի համակարգային երևույթ, ինչպիսին է հրկիզումը (հրդեհը), հնարավոր է հետևյալ բաղադրամասերի առկայության դեպքում` դյուրավառ նյութ, օքսիդիչ, բռնկման աղբյուր: Բացառելով նշված բաղադրամասերից թեկուզ մեկը` մենք վերացնում ենք համակարգը, այսինքն` այրումը (հետեւանքը):

Համակարգերն ունեն որակներ, որոնք, սակայն կարող են չլինել դրանք ձևավորող տարրերի մեջ: Համակարգերի այդ կարևորագույն հատկությունը, որը կոչվում է «էմերջենտություն», ընկած է, ըստ էության, համակարգային վերլուծության ընդհանրապես և անվտանգության խնդրի հիմքում մասնավորապես:

Զինվորական ծառայության անվտանգության համակարգային վերլուծության նպատակն է բացահայտել անցանկալի իրադարձությունների (վթարների, աղետների, հրդեհների, վնասվածքների և այլն) ի հայտ գալուն նպաստող պատճառները և մշակել դրանց ծագման հավանականությունը նվազեցնող նախազգուշական (կանխարգելիչ) միջոցառումներ:

Առանց պատճառների չկան իրական վտանգներ, որոնց կանխումը հիմնվում է պատճառների իմացության վրա: Հետեւաբար, վտանգների և պատճառների միջև կա պատճառահետևանքային կապ. պատճառները և վտանգները ձևավորում են ստորակարգության (հիերարխիական), շղթայական կառուցվածքներ կամ համակարգեր: Այդպիսի կախվածությունների գրաֆիկական պատկերը ինչ-որ բանով հիշեցնում է ծառ «գրաֆիկա»: Օբյեկտների անվտանգության վերլուծությանը նվիրված արտասահմանյան գրականության մեջ օգտագործվում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «պատճառների ծառ», «խափանումների ծառ», «վտանգների ծառ», «իրադարձությունների ծառ» անվանումները: Հիշյալ «ծառերը», որպես կանոն, ունեն իրենց պատճառների ճյուղերը, ինչը ամբողջովին արտացոլում է պատճառահետևանքային կապերի դիալեկտիկ բնույթը (տես ուրվագիծը):
«Ծառի» ճյուղավորման բազմափուլ գործընթացը պահանջում է սահմանափակումներ` վերջինիս սահմանները որոշելու համար: Այդ սահմանափակումները ամբողջովին պայմանավորված են ուսումնասիրման նպատակներով եւ բխում են նոր ճյուղեր ստանալու տրամաբանական նպատակահարմարությունից: Ուստի եւ անհրաժեշտ է տեղեկատվության և տվյալների բազայի մանրակրկիտ, փաստարկված մշակում ու իրացում, ընդհանուր առմամբ` զինված ուժերի և առանձին վերցրած` յուրաքանչյուր զորամասի համար:
Շարունակելի

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Ռազմական


07/09/2011