Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ



ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՀունիսի 20-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»  ռազմական պատմության թանգարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Շուշիի ազատագրման ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի  ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանի (Ճուտոյի) ծննդյան 50-ամյակին:

Հուշ-ցերեկույթի սկիզբն ազդարարվեց Կարապետյան ընտանիքին վաղուց արդեն հարազատ դարձած Տեր Երվանդ քահանա Բաբայանի օրհնությամբ եւ տերունական աղոթքով (2009թ. դեկտեմբերին Մայր տաճարում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 12 սարկավագների քահանայական ձեռնադրության ժամանակ նրանց տվել էր  Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների անունները: Տեր Երվանդը նրանցից մեկն էր, որ հետո փնտրել-գտել էր իր անվանյալ զոհված ազատամարտիկի ընտանիքին ու բարեկամացել):

Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, հերոս քաջորդու մարտական ընկերները:

Ներկայացվեց Երվանդ Կարապետյանի կարճ, բայց հերոսական դրվագներով լեցուն կյանքի ճանապարհը:

Երբ սահմաններին հաճախադեպ դարձան ազգամիջյան բախումները, Երվանդը առաջիններից էր, որ կամավորագրվեց, մեկնեց կռվի դաշտ:

-Մա՛մ ջան, մի՛ անհանգստացիր,- հուսադրում էր մորը. -փամփուշտը գիտի, որ դու ինձ շատ-շատ  ես սիրում, ու ինձ չի դիպչի:

Երվանդը միշտ միանում էր  հենց այն ջոկատներին, որոնք գնում էին սահման, ու մշտապես ամենաթեժ ու ամենավտանգավոր հատվածներում էր: Մասնակցել է Ղարաչինարի  ինքնապաշտպանությանը, Շահումյանում՝ «Կոռնիձոր» ջոկատում էր, Մոնթեի ջոկատի կազմում էլ կռվել  է Սրխավենդում, Կիչանում…

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՄարտական ընկերները պատմում են Երվանդի մասին, ու ամեն հուշ եւ հիշողություն, ամեն դրվագ ու դիպված  է՛լ ավելի էր ամբողջացնում հերոս քաջորդու կերպարը: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը հիշում է.  «Երբ  արգելում էինք, որ մեզ հետ կռվի դաշտ գա, հազար հնար էր փնտրում, հազար միջոց, միայն թե՝  մեր կողքին լիներ: Շահումյան գնալիս չթողեցի, որ մեզ հետ գա: Ուղղաթիռը շարժվեց, մեկ էլ ալյուրի ծանր պարկերի տակից  ալրաթաթախ, ձեռքերը վեր բարձրացնելով, դուրս է գալիս  Ճուտոն ու կատակում. «Հրամանատա՛ր, ուզում ես՝ ինձ գցիր թշնամու վրա, թող վախենան, իմանան՝ ռումբ ես գցում»:

Ռոմիկ Մխիթարյան. «Արծիվ-28» արցախյան ազատամարտի մասնակիցների միության հիմնադիր-նախագահ, պահեստի փոխգնդապետ. «Շարժման առաջին օրվանից ճանաչել եմ Ճուտոյին:  Որտեղ լիներ Երվանդը, այնտեղ  ջերմ մթնոլորտ էր, ուրախություն ու ժպիտ: Այնքան մաքուր էր, այնքան պարզ, բարի ու անկեղծ: Երազում էր Շուշին ազատագրված տեսնել»:

1992թ. ապրիլին   Երվանդ Կարապետյանը  Մարտունիում միացավ Շուշիի ազատագրմանը մասնակցող ջոկատներին:

Հայոց  բերդաքաղաքի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա ապրելու հայերի իրավունքը: Որքան էր սպասել այդ օրվան, քանի անգամ էր Կոմանդոսին  անհամբեր հարցրել. «Արկադի՛ Իվանիչ, ե՞րբ ենք սկսելու Շուշիի օպերացիան»:

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՄայիսի 7-ին շարժվեցին Շուշի: Գուցե ինչ-որ բան էր կանխազգացել,  ճանապարհին  խնդրել էր ընկերներին. «Թե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս, իսկ թե ոչինչ չպատահի, վերջնական որոշել եմ՝ վերադառնալու եմ և ամուսնանամ»:

Հակառակորդը մոլեգնած կրակ էր թափում, առաջ շարժվելն անհնար էր: Ազատամարտիկներից մեկը ծանր վիրավորվեց: Տեսնելով վիրավոր ընկերոջը՝ Երվանդը վճռական ոտքի կանգնեց ու առարկություն չընդունող տոնով պարտադրեց-համոզեց տղերքին. «Ես պահեմ, դուք առաջ գնացեք»,  ու սկսեց կրակահերթ մաղել  թշնամու ուղղությամբ…

Զինընկերները դուրս եկան վտանգավոր գոտուց:

«Թող տղաս վերջին զոհը լինի»,- որդու զենքը համբուրելով՝ մրմնջաց մայրը:

Ասում են՝ մարդն ապրում է այնքան, ինչքան հիշում են նրան:  Երվանդը մեզ հետ է, մեզ հետ են հայրենիքին կյանքը նվիրաբերած բոլոր հերոս տղերքը: Նրանք հավերժ ներկա են:  Ծնունդդ շնորհավոր, Երվա՛նդ…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Հոգևոր-մշակութային


28/06/2018