Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԹԻՆ ԷՄԱՆՈՒԵԼԻ ՍԵԹՅԱՆ



ԱՐԹԻՆ ԷՄԱՆՈՒԵԼԻ ՍԵԹՅԱՆ-Պապս Վանում է ծնվել, հայրս` Զահեդանում, ես` Արթին Էմանուելի Սեթյանս՝ Թեհրանում,- ասում է հանդիսավոր: Ու ես մտածում եմ, որ անունը շատ է սազում նրան: Իր նման ձիգ է, արտիստիկ ու ողորկ: Ողորկ բառի վրա ակամա ժպտում եմ ու տնտղում տղայի բծախնդիր խնամված մազերի հավասար զոլերը, նուրբ շրջանակով ակնոցը, հայացքի համառ շեշտերը: Անթերի զինվորական համազգեստը:

Արթինը նայում է աչքերը կկոցած:

-Ծիծաղում եք, լացելու բան է:

Ես շփոթվում եմ:

-Ի՞նչն է լացելու:

-Պապս, ես, հայրս` ընդամենը երեք սերունդ: Ու երեք ծննդավայր… Երբ առաջին անգամ Հայաստան եկա, այ էստեղ,- ցույց է տալիս սիրտը,- մի բան խլրտաց, արթնացավ… Մեծացավ-ծավալվեց, բռնեց ամբողջ սիրտս, էստեղ տաքացավ… ու էլ չսառեց: Ես 28 տարի ապրել եմ գաղթականի պես ու չեմ իմացել, որ տուն ունեմ: Չեմ իմացել` տունն ինչ է:

Երբ առաջին անգամ զինվորական համազգեստ հագա ու նայեցի հայելուն… ճանաչեցի ինձ՝ Արթին Էմանուելի Սեթյանին: Վանեցի հային: …Գտա ինձ:

Տղան լռում է. ասես հոգին մինչեւ հատակը դատարկեց ու հանգստացավ:

 

-Ինձ թվում է` ես տեսել եմ գաղթը: Պապիս ամբողջ գերդաստանը կոտորեցին: Ոչ ոք չփրկվեց: Հետո ինչ-որ ֆրանսիացիներ գտան սարերում թափառող անտեր-անխնամ փոքրիկ տղային ու տարան Ֆրանսիա: Իմ գլխի մեջ հաճախ մղձավանջային պատկերներ են լողում՝ դաժան մանրամասնությամբ: Երբ սահմանին եմ, այդ պատկերներն ավելի իրական են ու ցավոտ:

Պապս մեծացավ, կրթություն ստացավ Ֆրանսիայում: Դարձավ ճանապարհների շինարար: Հետո եկավ Պարսկաստան:

-Ինչո՞ւ Պարսկասատան:

-Ի՞նչ իմանամ: Եթե արմատ չունես, քամին ուր ասես կարող է քշել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում՝ ոչ մի հարազատ չունենալ աշխարհում: Շատ ավելի ցավալի ու ողբերգական է, երբ հոշոտում ես մարդու հոգին: Ինքը ողջ է, սիրտը՝ չէ: Պապս ապրեց անցյալի ու ներկայի միջեւ կիսված:

…Պապս է կառուցել Զահեդանի ամենակարեւոր ճանապարհները: Նա հարստացավ: Շատ հարստացավ: Ասում էր՝ ամեն ինչ կտամ իմ մանկության հարազատներից թեկուզ մեկին գտնելու համար: Ասում էր՝ փողի մեջ երջանկություն չկա, ուրախություն չկա: Իմ ուրախությունը մնաց Էրգրում:

Հայրս Զահեդանում ծնվեց: Կյանքն էնպես դասավորվեց, որ նրան ուղարկեցին պարսկական դպրոց: Իրանի բանակում ծառայելուց հետո գնաց Հոլանդիա, որ արհեստ սովորի: Ու երկաթագործ դարձավ: Լավ վարպետ է, ինչպես բոլոր հայերը արտերկրում: Երբ Եվրոպայից վերադարձավ Պարսկաստան, իր ընտանիքն արդեն Զահեդանից տեղափոխվել էր Թեհրան: Ես Թեհրանում ծնվեցի: Սա իմ պատմության նախերգանքն է:

-Ծանոթ, հազար անգամ կրկնված նախերգանք է հայրենազրկված հայի համար:

-Գուցե նախերգանքը սովորական է, բայց իմ պատմությունն այսօր երջանիկ ու արժանապատիվ հանգրվանի է հասել: Հայրս պարսկական դպրոց ավարտեց, ծառայեց պարսկական բանակում, ես սովորեցի հայկական դպրոցում ու հիմա հայրենիքիս բանակի զինվորն եմ …Սա Սեթյան գերդաստանի հաղթանակն է ճակատագրի դեմ:

– Հերթով պատմեք:

– Ես չար երեխա էի: Լուցկի էի սիրում, զենք ու ծեծկռտուք: Հայրս ճակատագրի բերումով հայերեն տառերը սովորել էր 40 տարեկանում, բայց ինձ հայոց պատմություն էր սովորեցնում: Ես խաղաղվում էի, երբ հայրս սկսում էր պատմել մեր ժողովրդի անցյալից, նույնիսկ պատրաստ էի լուցկին տալ մորս: Թեհրանի «Շանթ» հայկական դպրոցում, որտեղ աշակերտ էի, հայոց պատմությունն սկսվում էր Վարդան Մամիկոնյանից ու շարունակվում եղեռնով: Իսկ հայրս մանրամասն էր պատմում: Հետո ինքս սկսեցի կարդալ:

Համալսարանում ես հրաժարվեցի մասնակցել Ղուրանի դասերին: Առաջնորդարանից թուղթ բերեցի` խնդրանք, որ ինձ` քրիստոնյա հայիս, ազատեն Ղուրան սովորելու պարտադրանքից, բայց համալսարանի ղեկավարությունը չհամաձայնեց: Ղուրանի քննությունից, բնականաբար, անբավարար գնահատվեցի, ու ինձ չթողեցին սովորել երկրորդ մասնագիտությունս` ինքնաթիռի մեխանիկ, որը իմ մանկության երազանքն էր: Հիմա ռազմական օդաչու կլինեի հայկական բանակում:

Ես, Ղուրանը շրջանցելով, ստացա ինժեներ-նախգծողի մասնագիտություն, սկսեցի աշխատել Թեհրանի մասնավոր հիմնարկներից մեկում: Ու մտմտալ Հայաստան գալու երազանքը:

-Եկաք ու մնացի՞ք:

-Չէ՛, առաջին անգամ եկա երկու ընկերներիս` պարսիկ Սալարի ու հրեա Ֆարշադի հետ: Գիտեք, ես մտածում էի, որ Հայաստանին նայում եմ հայի աչքերով, դրա համար են երկիրս ու մարդիկ այդքան հրաշալի թվում, բայց Սալարն ու Ֆարշադն էլ էին հիացած Հայաստանի բնությամբ, հայերի բարությամբ ու հյուրընկալությամբ: Նրանք վայելում էին իմ երկրի խաղաղությունը, ազատությունն ու ապահովությունը: Երբ գովում էին իմ երկիրը, սիրտս անսահման հպարտությամբ էր լցվում: Մենք ամբողջ Հայաստանը ոտքի տակ տվեցինք: Պարսկաստան վերադառնալուն պես սկսեցի համացանցով աշխատանք փնտրել Հայաստանում: Տվյալներս ուղարկեցի տասնյակ կազմակերպությունների: Վերջապես մի հիմնարկից աշխատանքի հրավեր ստացա` դռներ ու լուսամուտներ պիտի նախագծեի: 2016-ին տեղափոխվեցի հայրենիք:

-Իսկ զինծառայող դառնալու որոշումը ե՞րբ ծնվեց:

-Այդ որոշումը ծնվել էր դեռեւս դպրոցական տարիներին, երբ ես ու երկաթագործ հայրս զենք էինք պատրաստում ձեռքի աշխատանքի տնային առաջադրանքները կատարելիս ու ապագայի պլաններ էինք գծում: Պարսկաստանում ես ազատվեցի զինծառայությունից, որովհետեւ տան միակ աշխատող տղամարդն էի: Սա մեծ բարեբախտություն էր, որովհետեւ ես չէի համակերպվի պարսկական բանակում. իմ երազանքը հայկական բանակում ծառայելն էր: Ինձ առաջարկեցին թիկունքային ծառայություն հայկական բանակում, ես հրաժարվեցի, որովհետեւ ուզում էի զինվորական համազգեստ հագնել, զենք վերցնել ու գնալ առաջնագիծ: Ես իսկական բանակ էի ուզում, իսկական զինվորի նման:

Երբ առաջին անգամ իմ երկրի բանակի զինվորական համազգեստը հագա, հասկացա, որ էլ երբեք չեմ հանելու այն: Ինձ ուղարկեցին Ճամբարակ: Իմ խնդրանքով մեկ ամիս ծառայեցի 18 տարեկան զինվորների հետ: էնքան բան սովորեցի նրանցից: Կզարմանա՞ք, որ ասեմ` դա կյանքիս ամենահրաշալի մեկ ամիսն էր: Պարզվում է` զինվորական կյանքը խմբագրում է բոլոր թերություններդ: Դու ուրիշ ես քո երազանքի տիրույթներում: Լավն ես: Ես՝ 29 տարեկան տղամարդ, որ միշտ ըմբոստի համարում եմ ունեցել, որ չեմ փայլել կարգապահությամբ, ամենակազմակերպված ու ամենահնազանդ զինվորն էի բանակում:

Հայաստանն ապագայի երկիր է, որովհետեւ Հայաստանի ամենամեծ հարստությունը իր երիտասարդությունն է: Ոչ մի տեղ էսպիսի զինվորներ չկան, էսքան խելացի, համարձակ, հայրենասեր, ուժեղ:

Բա ինչ նվիրյալ հրամանատարներ ունենք: Որ մեկի անունը տամ` Ժամհարյանը, Ապրեսյանը, Մուրադյանը, Սարիբեկյանը… Նվիրյալներ են` իրենց կենսագրությամբ, քաջագործություններով, ու անմնացորդ նվիրված են զինվորին: Իմ բանակը ապագայի բանակ է, որովհետեւ նրա առանցքում ազգի լավագույն հատկանիշներն են: Մեր բանակի զենքը տանկն ու ռումբը չեն, այլ իր զինվորներն ու սպաները: Նրանց նվիրումը ազգին ու հայրենիքին:

-Բոլո՞րն են նվիրված…

-Գրեթե բոլորը, ում տեսել եմ: Բանակում պիտի ընտրյալներ ծառայեն: Չի կարելի զինվորական համազգեստ հագնել միայն հացի փող աշխատելու համար: Այն վեհ ու ազգապաշտպան գաղափարները, որոնք ներդրվել ու կներդրվեն բանակում, հետզհետե կսահմանեն նոր բարոյական չափանիշներ, կբարձրացնեն առաքինության նշաձողը զորքերում:

-Դուք Ճամբարակո՞ւմ եք ապրում:

-Սկզբում Ճամբարակում էի ապրում: Այստեղ ինձ ճանաչում ու սիրում են: Տաքսու վարորդները ուղեվարձ չեն վերցնում: Մարդիկ ամեն քայլափոխի իրենց օգնությունն են առաջարկում: Ու գիտեք՝ ինչո՞ւ…

-Որովհետեւ եկել եք հայրենիք, որ սահման պահեք, պաշտպանեք Ձեր ժողովրդին թշնամուց:

– Այո՛: Եվ մենակ եմ եկել: Ընտանիքս Թեհրանում է, բայց մենակություն չեմ զգում: …Միայն սահման պահելը քիչ է: Ես պիտի սպա դառնամ ու մեծ գործեր անեմ բանակի համար: Իմ խոսքը երկաթ է, չի ծալվում:

-Ամուսնանալու միտք չունե՞ք:

-Հարսնացու չկա, բայց արդեն հարյուր հոգի քավոր դառնալու խոստում են տվել:

-Իսկ ինչո՞ւ հարսնացու չկա:

-Իմ հարսնացուն պիտի լինի մեր բնության նման կոպիտ ու նուրբ, ուժեղ ու գեղեցիկ: Ես չեմ սիրում փափուկ, նվնվան կանանց: Ես զինվորական եմ, ու իմ կինը պիտի կարողանա ընտանիք պահել, եթե հանկարծ մի օր ես զոհվեմ..

-Չեք զոհվի:

-Ես պատերազմող երկրի զինվորական եմ, ու  պատրաստ եմ հայրենիքին նվիրաբերելու ամեն ինչ: Սրանք բարձրագոչ բառեր չեն: Մի օր, երբ ես հաղթեմ, մորթված ընտանիքիս մղձավանջային պատկերները կլքեն ինձ: Ես նոր պատմություն կգրեմ Սեթյան ընտանիքի համար

– Արդեն գրել եք:

– Ես՝ Արթին Էմանուելի Սեթյանս, կանգնած եմ Ձեր առաջ` որպես հայի կենսունակության ու հաղթանակի խորհրդանիշ: Սեթյան գերդաստանի՝ Եղեռնից փրկված միակ փոքրիկ ծիլը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, չչորացավ աշխարհեաշխարհ թափառելիս չպատվաստվեց օտար ճյուղի ու հիմա եկել-հասել է հայրենիք, արմատ է ձգել սեփական հողում: Շուտով հզոր, բազմաճյուղ, փարթամ ծառ է դառնալու: Ու մի ամբողջ անտառ՝ ապագայում:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Բանակ և հասարակություն


28/06/2018