Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է…



 

Ահա և հերթական զորացրումը… Սա երկար սպասված իրադարձություն է հատկապես նրանց համար, ովքեր հրաժեշտ են տալու բանակային կյանքին՝ հետևում թողնելով մի մեծ պատմություն… Զրուցում ենք գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորների հետ:

 

ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է...

 

Սերժանտ Արայիկ Բաղրյանը Ասկերան քաղաքից է: Ծառայության ավարտին մնացել են հաշված օրեր: Ասում է՝ շարային ստուգատեսի եմ, վերջին հերթափոխին ենք պատրաստվում. «Աննկարագրելի ոգևորություն կա: Համոզված եմ՝ այս ոգևորությունը կա նաև մյուս զորացրվողների մոտ: Շուրջ մեկ տարի առաջնագծում մարտական հերթապահություն եմ իրականացրել և հիմա արդեն պատրաստվում եմ տուն գնալ (ժպտում է): Զինվոր լինելը և առհասարակ՝ ծառայությունը, մարդու կյանքում շատ բան է փոխում»:

Ծառայության երկու տարիների մասին խոսելիս Արայիկը նշում է, որ այս ժամանակահատվածը, թեև դժվարություններով ու փորձություններով է անցնում, այնուամենայնիվ, կյանքի լավ դպրոց է՝ հետագայում լիարժեք քաղաքացի դառնալու համար:

 

 

ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է...

 

Շարքային Արթուր Զազյանը գնդացրորդ է: Գավառցի երիտասարդը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ ոնց որ ամբողջ կյանքս ծառայության մեջ լինեմ, բայց երբ հիշում է, որ զորացրվելուն մի քանի օր է մնացել` ժպիտ է հայտնվում դեմքին. «Մեր մարտական դիրքում ընտանիքի պես ենք, միասին ենք հաց պատրաստում, մաքրություն անում և կազմակերպում մեր ծառայությունը: Մեր ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում՝ անմտածված և անարդյունք, բայց մենք արկածախնդրության չեն դիմում, որովհետև լավ գիտենք մարտական խնդիրը ճիշտ կազմակերպելու ձևերը»:

Արթուրը մեծ ոգևորությամբ էր խոսում մարտական հերթապահությունից. «Պետք է այնպես ծառայես, որ հետո ընկերներիդ պատմելու բան ունենաս, ոգևորես նրանց»:

 

 

ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է...

 

 

Շարքային Սամվել Ալեքսանյանն է. «Ծառայությունն էականորեն փոխում է մարդուն՝ նրա մեջ սերմանելով պատասխանատվություն, հավասարակշռություն և արագ կողմնորոշվելու ունակություն: Այս երկու տարիներն ինձ համար շատ արագ են անցել, կարծես մի ակնթարթ լիներ… Նոր զորակոչվող իմ եղբայրներին միայն մի խորհուրդ ու խնդրանք ունեմ՝ աչքի լույսի պես պահենք մեր դիրքերը»:

 

 

 

 

ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է...

 

Շարքային Դավիթ Հովակիմյանն էլ հրետանավոր է, նշանառու: Ծառայությունը նրա կյանքում էլ մեծ փոփոխություններ է արել, թե ինչի մասին է խոսքը, նախընտրում է չմեկնաբանել. «35 օր հետո տանը կլինեմ: Տուն գնալու ժամանակն է: Վերջին օրերն ավելի դանդաղ են անցնում… Ուրախ եմ, որ ես էլ եմ եղել բանակային միջավայրում, ընկերներիս հետ հաղթահարել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ: Կարևորը՝ ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ ծառայությունից հետո անպայման շարունակելու ենք մեր մտերմությունը»:

Դավիթը ապագա ճարտարագետ է: Ուսումը կիսատ է թողել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ. «Անկեղծ ասած՝ ծառայությունից հետո չեմ պատկերացնում ուսանողական կյանքը»:

 

ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է...

 

Արդեն երկու տարի Հայրենիքի հանդեպ իր պարտքն է կատարում նաև սերժանտ Արթուր Սուքիասյանը: Ծառայության մեծ մասն անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումում, որից հետո տեղափոխվել ուսումնական գումարտակ. «Ինչ խոսք, դժվար է հրաժեշտ տալ բանակային ընկերներին, բայց պետք է տուն վերադառնալ և շարունակել ուսումը: Սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում»:

Արթուրը ջոկի հրամանատար է: Ուսումնական գումարտակում կարևոր առաքելություն է իրականացնում՝ նորակոչիկներին նախապատրաստելով մարտական հերթապահության. «Պետք է ծառայությունդ այնպես կազմակերպես, որ՝ որպես ջոկի հրամանատար, օրինակելի լինես մյուսների համար: Յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում նորակոչիկներին հորդորում եմ լինել կարգապահ, հանդուրժող և ներողամիտ»:

Արայիկը, Սամվելը, Դավիթն ու Արթուրները շուտով հրաժեշտ կտան բանակին: Այս երկու տարիներն ինչպես նրանց, այնպես էլ հազարավոր զինծառայողների համար մի շրջափուլ էր, որի դժվարությունները հաղթահարեցին մեծ պատվով ու նվիրումով: Համոզված ենք՝ նրանք բանակին հրաժեշտ են տալու մեծ հուզմունքով և հպարտության անսահման մեծ զգացումով…

 

Զրույցը եւ լուսանկարները՝ շարքային Հովհաննես Վարդանյանի

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Ազգային բանակ


28/06/2018