Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ



ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԱյս մասին օրերս գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը:  Գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած լրատվամիջոցը հղում է անում իրազեկ աղբյուրներին: Թեման արդիական դարձավ, երբ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սու-30ՍՄ կործանիչում նստած լուսանկար հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանից: Նիկոլ Փաշինյանը կործանիչն անվանել էր լավագույններից մեկն աշխարհում:

 

«Կոմերսանտը»  նշում է, որ ռուսական կողմը մինչև 2024 թվականը հետաձգել էր բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների վաճառքը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել էր դեռեւս 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել: Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանն այժմ մտադիր է գործարքն իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ խոսքը 12 օդանավերի ձեռքբերման մասին է: Հավելենք, որ մեկ կործանիչի գինը 40-50 մլն ԱՄՆ դոլար է: Բելառուսի համար նույն քանակի Սու-30ՍՄ-ների ձեռքբերումն, օրինակ, արժեցել է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար, իսկ թե ի՞նչ գին կունենա Հայաստանի համար՝ դեռևս պարզ չէ: Հատկանշական է, որ «Կոմերսանտի» հոդվածում նշվում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել գործարքը, ինչն անհրաժեշտ է Իրկուտսկի ավիագործարանը մինչեւ 2022թ. բեռնելու համար: Սա, թերեւս, թույլ է տալիս ակնկալել նվազագույն գին: Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, անդրադառնալով այս հարցին, Rusarminfo-ի հետ զրույցում ասել է. «Մենք հիանալիորեն հասկանում ենք, որ չորրորդ սերնդի բազմաթիրախային գերժամանակակից կործանիչների մատակարարումը չի կարող լինել զուտ բարեկամական ռազմական օժանդակության կամ մատակարարման շրջանակներում, որպիսին կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այս դեպքում Երեւանը պետք է ֆինանսական ծախսեր էլ անի: Իսկ երբ դա հնարավոր լինի, կարծում եմ, այլ խնդիր մենք չենք ունենա, եւ բոլոր հարցերը կլուծվեն ինքնին»: Նա նաեւ նկատել է՝ եթե Երեւանը այդ կործանիչները ձեռք բերի, ապա տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կհավասարակշռվի: Ըստ Կոնովալովի՝ նման մատակարարումները կարող են իրականացվել նաեւ Հայաստան-Ռուսաստան միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում:

ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՀատկանշական է, որ օրերս ավիացիայի զարգացման հարցեր են քննարկել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

ՍՈՒ-30 ՍՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՐԾԱՆԻՉ

 

Տեղեկանք

 

Երկարությունը –                              21.9 մ,

բարձրությունը –                               6.36մ,

անձնակազմը –                                 2,

մաքսիմալ արագությունը օդում –    2350 կմ/ժ,

քաշը –                                               17 700 կգ:

 

Մեկնաբանում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ,

գնդապետ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ

ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԱմենեւին չափազանցված չէ այն գնահատականը, որ Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչը լավագույնն է աշխարհում: Այն ոչ թե պարզապես կործանիչ է, այլ ավիացիոն համալիր, որը միաժամանակ կարող է կիրառվել ե՛ւ հակաօդային պաշտպանության նպատակներով, այսինքն՝ որպես կործանիչ, ե՛ւ վերգետնյա թիրախների խոցման համար, այսինքն՝ որպես ցամաքային զորքերի աջակցման միավոր: Ունի օդաչուական երկու խցիկ՝ հավասարազոր բաշխված կառավարման համակարգերով: Սա օդաչուներին թույլ է տալիս աշխատելու առանձին-առանձին՝ միաժամանակ կրակ վարելով ե՛ւ օդային, ե՛ւ վերգետնյա թիրախների ուղղությամբ: Կործանիչը ոչնչացնում է նաեւ թեւավոր հրթիռներ: Ունակ է շուրջօրյա ռեժիմով ցանկացած եղանակային պայմաններում բարձր որակով կատարելու  մարտական բազում խնդիրներ՝ բազայից զգալի հեռավորության վրա, հակառակորդի ինֆորմացիոն եւ կրակային հակազդման իրավիճակում: Ռադիոտեղորոշիչ համակարգի շնորհիվ այն կարող է ղեկավարման կետ լինել այլ ինքնաթիռների համար: Բավականին հզոր են կործանիչի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք նվազեցնում են խոցման վտանգը:

Չնայած Սու-30 ՍՄ ինքնաթիռի նախագծային աշխատանքներն սկսվել էին դեռեւս 90-ական թվականներին, բայց այն մրցունակ մարտական վիճակի է բերվել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ինքնաթիռն իր հիանալի թռիչքամարտավարական հնարավորություններն արդեն իսկ ցուցադրել է բազմաթիվ զորավարժությունների, զորավարժարանային փորձարկումների ժամանակ, ինչպես նաեւ մարտական կիրառություն է անցել Սիրիայի Արաբական հանրապետությունում ծավալված գործողությունների ընթացքում:

Սու-30 ՍՄ կործանիչը դիրքային պատերազմում կարող է իսկական պատիժ դառնալ թշնամու համար: Չմտնելով հակառակորդի խոցման գոտի՝ այն ընդունակ է հեռահար հրթիռներով մարտավարական լուրջ խնդիրներ կատարելու: Եթե Սու-30 ՍՄ կործանիչների ձեռքբերումը դիտարկենք որպես  Ադրբեջանի ռազմատենչ ձգտումների զսպման եւ կայունության ապահովման գործոն, ապա պետք է փաստենք, որ մի քանի տարիների կտրվածքով գուցե եւ  այն դառնա զսպման մեխանիզմ, սակայն բոլորիս համար էլ հասկանալի  է, որ   Ադրբեջանը եւս ի վիճակի է ձեռք բերելու նման սպառազինություն: Պարզապես  Սու-30 ՍՄ-ի պարագայում որքան շատ, այնքան լավ սկզբունքը ամենեւին էլ չափանիշ չէ. ճիշտ մարտավարության շնորհիվ նույնիսկ չորս միավորով կարելի է մեծ խնդիրներ լուծել: Ի վերջո, մտածել, որ ՀՕՊ որեւէ միջոց կարող է ինքնաթիռի ֆունկցիա կատարել, արդարացի չէ: Հետեւաբար, ՀՕՊ օդային բաղադրամասն այսօր անհրաժեշտություն է:

Ինչ վերաբերում է անձնակազմի պատրաստման հարցին, ապա պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բարձր կարգի ավիացիոն մասնագետներ՝ թե՛ օդաչուներ, թե՛ ինժեներներ,  որոնք անհրաժեշտության դեպքում շատ կարճ ժամանակահատվածում ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական առումներով կյուրացնեն այդ ավիացիոն համալիրն ու խնդիրը կկատարեն գերազանց:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/06/2018