Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ. ՕՐ ԱՌԱՋԻՆ



ԶՈՐԱԿՈՉ. ՕՐ ԱՌԱՋԻՆՀուլիսի 2-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկների առաջին խմբերը:

 

Հավաքակայանում  զորակոչիկները եւս մեկ անգամ բուժզննություն են անցնում, հենց հավաքակայանի ճաշարանում էլ «ընդունում են» զինվորական առաջին կալորիաները: Հանդերձասրահում զինվորական համազգեստն են փորձում. դեռ անսովոր է, դեռևս անվարժ են,  պատրաստակամորեն օգնում են միմյանց, փորձում կարգի բերել ամենայն բծախնդրությամբ` ոչ մի դետալ սխալ չպետք է լինի:

Ծանոթանում եմ տղաների հետ: Պարզվում է՝ ոչ միայն Հայաստանի տարբեր անկյուններից,  այլեւ աշխարհի տարբեր ծայրերից են եկել:

-Բանակ եմ եկել իմ խղճի թելադրանքով,- ասում է Աշոտ Չոբանյանը,- Ռուսաստանում էինք ապրում: Հայրենիքում իրավիճակի փոփոխությունից հետո որոշեցի վերադառնալ եւ ծառայել, մերոնք  էլ են եկել ինձ ճանապարհ դնելու:

ԶՈՐԱԿՈՉ. ՕՐ ԱՌԱՋԻՆԴավիթ Սարգսյանն էլ  Ուկրաինայից է եկել, Կարեն Աբասյանը՝ Գերմանիայից. «Սա իմ ծննդավայրն է, կծառայեմ  ու կմնամ իմ հայրենիքում: Մինչ Գերմանիա մեկնելս սպորտով էի զբաղվում` բռնցքամարտով, մեդալներ շատ ունեմ: Գերմանիայում  էլ եմ մրցումների մասնակցել: Մի պարզ ճշմարտություն եմ բացահայտել՝ ամեն մարդ իր հողում է զորավոր: Կծառայեմ, կպաշտպանեմ իմ բաժին սահմանն ու հայրենիքում էլ կշարունակեմ  մարզական կարիերաս»:

-Կծառայենք դուխով,- վստահեցնում են տղերքը: Մեկը մարզիկ է, մեկը՝ երաժիշտ,  մեկը՝ ապագա տնտեսագետ, մեկը… Հիմա բոլորը զինվոր են…

Խոսում են թվերը. այս զորակոչին արտերկրից վերադարձել է 300 երիտասարդ: Նրանցից 156-ը նախկինում խուսափել է զինվորական ծառայությունից, այժմ ինքնակամ ներկայացել են: Նրանք կծառայեն հավասար սկզբունքներով` առանց խնդիրների:

2018 ամառային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների եւ  ստորաբաժանումների պատրաստվածությունը տեղում ստուգելու նպատակով ՀՀ կենտրոնական հավաքակայան էր այցելել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վերջինս հանդիպեց  նաեւ  հավաքակայան այցելած  լրագրողների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Շնորհավորելով բոլորին՝ զորակոչի մեկնարկի կապակցությամբ, նշեց, որ  պատրաստվել են բավականին երկար, շատ աշխատանք է կատարվել, եւ հույս հայտնեց, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների. «Սկզբունքային առումով մեծ փոփոխություններ չկան, ուղղակի փորձում ենք ավելի կազմակերպված անցկացնել, ավելի ուշադիր լինել ցանկացած խախտման նկատմամբ եւ ավելի արագ արձագանքել»:  Լրագրողների հարցին՝ կարո՞ղ են արդյոք ծնողները վստահ լինել, որ բանակում ծառայող իրենց զավակներն ապահովված կլինեն անհրաժեշտ պարագաներով, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շեշտեց, որ զինված ուժերը ունակ են զինծառողներին ապահովելու այն ամենով, ինչը նախատեսված է օրենքով: Արտակ Դավթյանը լրագրողներին կոչ արեց նկատված թերությունների, խնդիրների մասին անպայման տեղեկացնել. «Մենք պատրաստ ենք անմիջապես արձագանքելու, համապատասխան լուծում տալու ցանկացած խնդրի»:

ԶՈՐԱԿՈՉ. ՕՐ ԱՌԱՋԻՆՄինչ լրագրողները իրենց  հուզող-մտահոգող հարցերն են բարձրաձայնում, վիճակահանության սենյակում ապակեպատ թմբուկների միջից զորակոչիկները հանում են իրենց զորամասի համարը: Սպասասրահում էլ զավակների  վիճակահանությանը հետևում են հարազատ-բարեկամները. հայրերը զսպված հուզմունքով, մայրերն ու քույրերը՝ թաց աչքերով:

-Միակ տղայիս՝ Դավիթին եմ  բանակ ճանապարհում,- ասում է Արմավիրի մարզի Քարակերտ   գյուղից Անահիտ Ապերյանը: – Ուրախ եմ, որ առողջ որդի ունեմ, հպարտ եմ, որ պիտի ծառայի, բայց նաեւ՝ անսահման հուզված: Էս երբ մեծացան մեր երեխեքը, դեռ երեկ կասկածանքով էինք նրանց տան բանալիները հանձնում, իսկ այսօր հայրենիքի բանալիներն ենք նրանց վստահում:

…Դրսից ավտոբուսների ազդանշանների ձայնը աշխարհ է բռնել. Զորակոչիկների նոր խումբն է մտնում զորահավաքակայան. բանակը համալրող ամեն զինվորով Հայրենիքը դառնում է առավել անառիկ:

Զորակոչը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը:  Բարի ծառայություն, տղե՛րք, բարի վերադարձ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #1 (1248) 04.07.2018 - 10.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/07/2018