ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Շարքային Մաքսիմ Հունանյանն արդեն 1.5 տարի է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Հրազդանցի զինվորը 20 տարեկան է: Մաքսիմի համար ծառայությունն առաջին հերթին ինքնաճանաչման լավագույն հնարավորություն է. «Մինչ բանակ գալս շատ հարցերում այլ մոտեցումներ եմ ունեցել: Այսօր այդ մոտեցումներն էականորեն փոխվել են, քանի որ բանակն ինձ հնարավորություն տվեց որպես հասուն մարդ կայանալ և դժվարին պահերին ճիշտ որոշումներ կայացնել:
Հատուկ առաջադրանքներ կատարելիս մտածում եմ իմ առջև դրված մարտական խնդիրը լիարժեքորեն իրականացնելու մասին. չէ՞ որ քո զինակից ընկերները քո մեջ տեսնում են մեկին, որը պատրաստ է պետական սահմանի պաշտպանության համար գործի դնելու իր ամբողջ ներուժը»:
Շարքային Մաքսիմ Հունանյանն իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարում է բարեխղճորեն և նվիրվածությամբ: Վայելում է ծառայակիցների սերն ու հարգանքը: Նորարարական տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող հայրենիքի պաշտպանն ասում է, որ ծառայությունից հետո պատրաստվում է կրթություն ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ, ըստ նրա՝ երկրի անվտանգության երաշխավորը ոչ միայն զինվորն է, այլև արդի տեխնոլոգիաները. «Վերջին տարիներին առաջնագծում սկսել են օգտագործել այնպիսի սարքեր, որոնք հեշտացնում են զինվորի ծառայությունը և ավելի ապահով են դարձնում առաջնագծի պահպանումը: Պետք է հակառակորդից մի քանի քայլ առաջ անցնելու համար կիրառել այնպիսի սարքեր, որոնք է՛լ ավելի կնպաստեն սահմանի անառիկությանը»:
Մաքսիմի ծառայության ավարտին թեև դեռ 6 ամիս կա, այնուամենայնիվ, մտածում է քաղաքացիական կյանքում հանդիպող դժվարությունները պատվով հաղթահարելու մասին. «Ծառայությունը հեշտ բան չէ, ինչպես շատերին թվում է: Համոզված եմ՝ ով հաղթահարում է զինվորական ծառայության դժվարությունները, պատրաստ է լիարժեքորեն նոր կյանք սկսելուն»:
Մաքսիմը մեծ «ձեռքբերում է» համարում բանակային ընկերներին, որոնք թե՛ լավ, թե՛ վատ պահերին միշտ նրա կողքին են. «Ծառայությանս ընթացքում ունեցել եմ շատ դժվար օրեր, որոնք անցել եմ ընկերներիս հետ: Կան դժվարություններ, որոնք միայնակ չես կարող հաղթահարել»:
Հավելենք, որ զինվորական մասնագիտությանը լավ տիրապետող Մաքսիմը հասցրել է պաշտպանության բանակի և զորամասի հրամանատարության կողմից բարեխիղճ ծառայության համար խրախուսվել «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշաններով և մի շարք պատվոգրերով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ, շարքային
Լուսանկարը՝ հեղինակի
Խորագիր՝ #1 (1248) 04.07.2018 - 10.07.2018, Ազգային բանակ