Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՅՈՒՆԵՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՅՈՒՆԵՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆԻնչպես արցախյան ազատամարտում, այնպես էլ ապրիլյան պատերազմում սյունեցի զինվորականներն ու կամավորականները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի հետնորդն են ու պատրաստ են կյանքը չխնայել ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար:

Օրերս ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանի նախաձեռնությամբ սիսիանցիները կրկին մեկտեղվեցին՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Մայիս Միրզոյանի և մյուս սյունեցի հերոսների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին փոխգնդապետ Մ. Միրզոյանի ընտանիքի անդամները, մարտական ընկերները, ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների ծնողներն ու հարազատները, մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր:

Արցախյան ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Մայիս Միրզոյանը մայիսի 1-ին կդառնար 62 տարեկան: Ապրիլյան քառօրյա պատերազմում թշնամու անօդաչու թռչող սարքը խլեց հրամանատարի կյանքը:

Հիշատակի միջոցառումը մեկնարկեց Սիսիանի հրապարակից` քայլերթով դեպի քաղաքային պանթեոն: Ներկաները խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին, որից հետո շարժվեցին Համո Սահյանի անվան մշակույթի տուն` մասնակցելու համերգ-ցերեկույթին:

Միջոցառմանը Զեփյուռ Սարդարյանը հակիրճ ներկայացրեց հրամանատար Միրզոյանի անցած մարտական ուղին: Խոսեց նաև ծնունդով սիսիանցի այն զինծառայողների մասին, ովքեր ընկան հանուն հայրենիքի: Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների մայրերին ծաղիկներ նվիրեցին տեղացի դպրոցականները:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՅՈՒՆԵՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆԴարբաս գյուղի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանն էլ օրհնեց ներկաներին և աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգու հանգստության համար: Այնուհետև ցուցադրվեց ռեժիսոր Զ. Սարդարյանի փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որում ներկայացված են արցախյան ազատամարտից մինչեւ ապրիլյան պատերազմ հրամանատարի անցած փառահեղ ճանապարհը, ինչպես նաև քառօրյա պատերազմում զոհված ծնունդով սյունեցի 14 հերոսները:

Միջոցառման երկրորդ հատվածում զինվորական խրոխտ երգերով հանդես եկավ ՀՀ ՊՆ «Զորական» համույթը: Հուշ-ցերեկույթին հրավիրված էին նաև ինչպես տեղի, այնպես էլ Երևանից ժամանած պարային խմբեր, անհատ կատարողներ:

-Մայիսը շատ գրագետ և պատրաստված հրամանատար էր,- վերջում օրվա խորհուրդը ամփոփեց փոխգնդապետ Մայիս Միրզոյանի այրին՝ տիկին Արծվիկը:- Արցախյան պատերազմում վիրավորվելուց 23 տարի անց նա միացավ իր զինակից ընկերներին ու գնաց փրկելու հայրենի հողը:  Երբ տեսնում եմ որդի կորցրած մայրերին, հասկանում եմ, որ մենք պարտավոր էինք վճարել այդ ծանր գինը Հայրենիքի ազատության համար, իսկ այսօր բոլորիս պարտքն է փայփայել մեծ զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունն ու ազատությունը:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Հոգևոր-մշակութային


28/06/2018