Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՎՈԼՖԳԱՆԳ ԲՈՐԽԵՐԹ

 

Բոլորն  արդեն ունեն կարի մեքենա, ռադիո, սառնարան եւ հեռախոս։

-Հիմա ինչո՞վ ենք զբաղվելու,-հարցրեց գործարանատերը։

-Ռումբերով,- ասաց գյուտարարը։

-Պատերազմով,- ասաց գեներալը։

-Դե, ինչ,- ասաց գործարանատերը,-եթե  այլ կերպ հնարավոր չէ…

♦♦♦

Սպիտակ  արտահագուստով մարդը թղթի վրա թվեր էր գրում։ Հետո հանեց  արտահագուստը եւ մի  ամբողջ ժամ զմայլվում էր պատուհանագոգի ծաղիկներով։ Նկատելով, որ ծաղիկներից մեկը թոշնել է մարդը սաստիկ վհատվեց ու լաց եղավ։

Իսկ թղթի վրա թվեր էին։ Դրանցից երեւում էր, որ երկու ժամում հազար մարդ ոչնչացնելու համար կես գրամն էլ բավական է։

Արեւը լուսավորում էր ծաղիկները։

Թուղթն էլ։

 

♦♦♦

Երկու մարդ զրուցում էին։

-Որքա՞ն կարժենա։

-Հախճասալիկներո՞վ։

-Անշո՛ւշտ։ Կանաչ հախճասալիկներով։

-Քառասուն հազար։

-Քառասուն հազա՞ր։ Լա՛վ։  Այո՜-ո, հարգելի՛ս, եթե ես ժամանակին շոկոլադից չանցնեի վառոդի, չէի կարողանա վճարել  այդ քառասուն հազարը։

-Իսկ ես էլ՝ լոգարանը նորոգել։

-Կանաչ հախճասալիկներո՞վ։

-Կանաչ հախճասալիկներով։

Զրույցն  ավարտվեց։

Մեկը գործարանատեր էր, մյուսը՝ շինարար-կապալառու։

Պատերազմ էր։

 

♦♦♦

Երբ խաղաղության կոնֆերանսն  ավարտվեց, նախարարները գնացին քաղաքում զբոսնելու։ Մի փողոցում նրանք հրաձգարան տեսան։

-Գուցե ցանկանում եք կրակե՞լ, հարգարժան պարոններ,- սկսեցին ներս հրավիրել ներկած շուրթերով  աղջիկները։

Նախարարները վերցրին հրացաններն ու սկսեցին կրակել ստվարաթղթե փոքրիկ մարդուկների վրա։

Հրաձգության  ամենաթեժ պահին մոտեցավ մի ծեր կին եւ վերցրեց նրանց հրացանները։ Երբ նախարարներից մեկը փորձեց ետ խլել հրացանը, կինը  ապտակեց նրան։

Մայր էր։

♦♦♦

Ապրում էին երկրի վրա երկու մարդ։

Երբ նրանք երկու տարեկան էին, իրար քոթակում էին բռունցքներով։

Երբ դարձան տասներկու տարեկան, սկսեցին դագանակներով ջարդել ու քարեր շպրտել։

Երբ դարձան քսաներկու, սկսեցին հրացաններից կրակել։

Երբ քառասուներկուսը լրացավ, իրար վրա ռումբեր նետեցին։

Երբ վաթսուներկու դարձան, բաց թողեցին մանրէներ։

Երբ լրացավ ութսուներկուսը, նրանք մահացան եւ թաղվեցին կողք կողքի։

Երբ հարյուր տարի  անց  անձրեւորդը իր համար ճանապարհ փորեց երկու գերեզմանների միջով, նույնիսկ չնկատեց, որ  այստեղ թաղված են եղել երկու տարբեր մարդիկ։ Նույն հողն էր։ Ճիշտ ու ճիշտ նույնը։

 

♦♦♦

Երկու մարդ զրուցում էին։

-Դե, ո՞նց են գործերը։

-Միջակ։

-Դեռ որքա՞ն է մնացել ձեզ մոտ։

-Լավագույն դեպքում՝ չորս հազար։

-Որքա՞ն կարող եք ինձ հատկացնել։

-Ութ հարյուրից ոչ ավելի։

-Դրանք շատ շուտ կսպառվեն։

-Լավ, հազար։

-Շնորհակալ եմ։

Նրանք խոսում էին մարդկանց մասին։

Գեներալներ էին։

Պատերազմ էր։

 

Թարգմանեց ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Հոգևոր-մշակութային


12/07/2018