ՔԱՐԵ ԱՂՈԹՔ
Արտակ Համբարձումյանը խաչքարագործ է: Ինքն է այդպես ասում: Իսկ ես նրան կոչում եմ խաչքարարար: Որովհետեւ նրա խաչքարերը գործ չեն, արարում են, ու դուք չեք հասկանա ասածս, մինչեւ չտեսնեք-չզգաք ասեղնագործ, ծաղկանկար նախշերի թովչանքը` մերթ ծեքծեքուն ու թեթեւ, մերթ ծանր ու պինդ… մինչեւ նրբագույն նախշերի խորքերում չպեղեք խաչի փրկագործության մեծ գաղափարը` իր անպարագիր ցնծությամբ ու անիմանալի խորհուրդներով:
-Խաչքար կերտելիս դու տեղափոխվում ես ուրիշ չափագրություն ու հետևում ինչ-որ վերին թելադրանքի: Կերտողը ե՛ւ դու ես, ե՛ւ դու չես: Այդ ամենը դժվար է բառերով նկարագրել, որովհետեւ դժվար է հասկանալ մարդկային մտքի շրջանակում: Դու կերտում ես մի բան, որը դառնում է երկխոսություն մարդու եւ Տիրոջ միջեւ:
–Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց այդ ամենը:
-Ես բնության մեջ եմ մեծացել: Պապս երկրաբան էր, մշտապես ինչ-որ բան էր որոնում երկրի ընդերքում, իսկ այդ ժամանակ ես բացահայտում էի բնությունը` սկսած մանր որձաքարերից մինչեւ հսկա ժայռաբեկորներ, փոքրիկ միջատներից մինչեւ ահռելի, հաստաբուն ծառեր:
–Դրանք ի՞նչ կապ ունեն խաչքարերի հետ:
-Շատ մեծ կապ ունեն: Բնությունը քեզ սովորեցնում է զգալ, սիրել, հաղորդակցվել: Իսկ մարդը ստեղծագործում է այն ժամանակ, երբ ուզում է իր զգացածը պատմել մեկ ուրիշին: Մարդը գրիչ, վրձին կամ որեւէ երաժշտական գործիք է վերցնում սեփական ապրումների առատությունից եւ կողքի մարդու սրտին, հույզերին հասնելու ցանկությունից:
Եթե հարցնեք, չեմ կարող պատասխանել, թե` դեռ երեխա՝ ինչո՞ւ էի հատկապես խաչեր պատրաստում փայտից ու արճիճից, ու ի՞նչն էր ինձ ժամերով պահում հորեղբորս` Վարազդատ Համբարձումյանի արվեստանոցում, երբ նա կերտում էր հերթական խաչքարը: 6-րդ դասարանում էի սովորում, երբ հորեղբայրս ինձ մուրճ ու հատիչ նվիրեց: Ու ես առաջին անգամ շոշափեցի քարը:
–Ինչո՞ւ է Հայաստանում այդքան տարածված քարարվեստը: Ավելի փափուկ նյութեր կան, իսկ մենք նախընտրում ենք կարծր, համառ ու անհնազանդ քարը:
-Ինչո՞ւ. Հայաստանը՝ հայերիս բնօրրանը, քարերի երկիր է: Մենք ու մեր քարերը նույն բնության մասնիկներն ենք, ուրեմն` ինչո՞ւ զարմանալ, որ մեր միջև փոխըմբռնում, փոխզգացողություն կա: Մենք հազարամյակներ շարունակ քարից տուն ենք շինել, զարդ, քանդակ, մահարձան, խաչ: Քարի վրա փորագրել ենք մեր պատմությունը: Քարը գույն ունի, էներգիա, տրամադրություն… Ես անչափ սիրում եմ Երեւանը, որովհետեւ Երեւանը տաք ու գույնզգույն քաղաք է, անմիջական, մտերիմ ու անկեղծ: Զբոսաշրջիկները երեւանյան ջերմությունն ու անկեղծությունը զգում են անգամ ձմռան ցրտաշունչ օրերին, որովհետեւ Երեւանի քարերը արեւ ունեն ամբարած: Ու հիշողություն ունեն: Անգամ նորակառույցները պատմական շունչ են բուրում: Երեւանը հեքիաթի քաղաք է:
–Մենք մեր հեքիաթը թողնում ենք ամենուր: Որտեղ ապրում, այնտեղ արարում ենք, մշակույթ ենք ստեղծում…
-Ու դրա ամենավառ դրսեւորումը քարարվեստն է` եկեղեցաշինությունը, խաչքարագործությունը: Այդ մշակույթը սկսվեց Քրիստոնեության ընդունումից հետո, թափ առավ ու տարածվեց միջնադարում:
–Եթե եկեղեցաշինությունը հատուկ է նաեւ մյուս քրիստոնյա ազգերին, խաչքարագործությունը տիպիկ հայկական մշակույթ է:
-Մեր եկեղեցիներն իրենց ճարտարապետությամբ տարբերվում են մյուս ազգերի եկեղեցիներից, իսկ խաչքարը, իրոք, հայկականության այցեքարտ է ամբողջ աշխարհում: Այդ պատճառով էլ մեր հողը, մեր հայրենիքը յուրացնել փորձող թշնամին առաջինը մեր ազգային մշակույթի հետքերն է ջնջում մեր հողի վրայից:
–Երեւի անհնար է հաշվել, թե թուրքը քանի հայկական խաչքար է ջարդել: Մոտ տասը հազար՝ միայն Ջուղայում…
-Խաչքարը սոսկ արվեստի գործ չէ, այն սրբագործված է՝ խաչի խորհրդով, ու սրբություն է նրա մասունքն անգամ: Խաչքարը բովանդակում է բազմաթիվ գաղափարներ, որոնցից առաջնայինը Աստվածային սիրո ներբողն է՝ որպես փրկագործության ուսմունք: Չարխափան հյուսքերը խաչի պահպանիչ զորությունն են կրում: Հայկական խաչերը շրջվելիս դառնում են սուր: Մեր սրերը շրջված խաչեր են: Այսինքն՝ մեր բարությունն ու խոնարհությունը, մեր համբերությունն ու սերը կարող են նույն թափով փոխվել ուժի ու վրիժառության, ցասման ու պայքարի….
– Ահա թե ինչու թշնամին մեր խաչերը տեսնելով՝ ենթագիտակցորեն զգում է դրանց ուժն ու մարտահրավերը: Ու զարմանալի չէ, որ այդքան մոլեռանդորեն ոչնչացնում է, ասես` պատերազմելով քարի դեմ: Իզուր չեն հայ պոետները խաչքարը համեմատել զինվորի հետ: …Ի դեպ, Դուք ծառայե՞լ եք ազգային բանակում:
-Այո՛, Գորիսում եմ ծառայել:
–Ասում են` արվեստագետները, ստեղծագործող մարդիկ դժվար են հարմարվում բանակային ռեժիմին, սահմանափակումներին, կանոնակարգված կենցաղին:
-Ես, ինչպես իմ հասակակից երեւանցի տղաները, առողջ ու գունեղ մանկություն եմ ունեցել: Խաղացել եմ բակում, ծեծել ու ծեծվել եմ, կոփել եմ մարմինս ու հոգիս, այնպես որ՝ բանակային ռեժիմին հարմարվելը դժվար չէր, իսկ սահմանափակումներին ըմբռնումով էի մոտենում: Ի դեպ, ինձ խաչքարագործությամբ զբաղվելու հնարավորություն էին տվել բանակում, եւ ազատության պակասը լրացնում էի սիրած զբաղմունքով:
–Ինչ-որ բան մնա՞ց քեզ բանակից, զորացրվելիս ի՞նչ տարար զորամասից…
-Բանակն ինձ տվեց հրաշալի ընկերներ, բանակն ինձ սովորեցրեց կատարել, ինչը նույնպես շատ կարեւոր է կյանքի վայրիվերումներին դիմակայելու համար: Բայց որ ամենակարեւորն է` բանակն է՛լ ավելի սրեց հայրենիքի զգացողությունն իմ հոգում: Ես անգամ ամենաշքեղ ու բարեկեցիկ քաղաքում տասը օրից ավելի չեմ կարող ապրել: Ինչո՞ւ: Չգիտեմ: Ու բառերով չեմ կարող բացատրել, ասես՝ օդը չի հերիքում, սկսում եմ խեղդվել: Ու պիտի Երևան վերադառնամ: Այն, որ ի տարբերություն ծառի, դու կարող ես շարժվել, չի նշանակում, որ արմատ չունես ու կարող ես ապրել որտեղ պատահի՝ քո տարածքից դուրս, քո ակունքից հեռու: Հենց սա է հայրենիքի զգացողությունը` որքան իրական, նույնքան անըմբռնելի:
–Ես մի խաչքարի լուսանկար տեսա համացանցում: Անկեղծ ասած՝ անբացատրելի սառնություն ու օտարություն զգացի, նման չէր մեր խաչքարերին, հետո իմացա, որ քանդակագործը հայ չէ:
-Հայկական խաչքարերը սփռված են աշխարհով մեկ: Որտեղ թեկուզ մի քանի հայ ընտանիք կա, այնտեղ մեր պատմության այս ու այն դրվագը հավերժացնող խաչքար է դրված՝ որպես սուրբ երկրից, սուրբ մասունք: Որպես մի կտոր Հայաստան: Ես խաչքարեր ունեմ աշխարհի տասնյակ քաղաքներում, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերում ու գյուղերում, նաև` այն զորամասում, որտեղ ծառայել եմ: Խաչքարը գերբնական ձգողականություն ունի, և զարմանալի չէ, որ օտարերկրացիներն էլ են փորձում խաչքար կերտել, բայց, ինչպես Դուք ասացիք, նրանց խաչքարը իրենց լեզվով է խոսում: Ու բոլորս էլ հասկանում ենք, որ դա հայերեն չէ, հայկական չէ:
…Քարերը խիստ տարբեր են իրարից, մեկը քմահաճ է, մյուսը հնազանդ, երրորդը փխրուն է, չորրորդը` կարծր: Պիտի սիրես քարը, չպարտադրես նրան, պիտի նրբորեն, համբերատար բացահայտես քարի յուրահատկությունները:
–Այլապե՞ս…
-Կկոտրվի: Ինչպես մարդը: Կվանի քեզ, կխորթանա:
–Ինչո՞ւ է խաչքարը ասոցացվում ողբերգական իրադարձությունների հետ:
-Դա կարծրատիպ է: Փրկագործության խորհուրդը, որը դրված է խաչքարի բովանդակության հիմքում, հաղթանակ է ու ցնծություն: Մեր նախնիները խաչքարեր են կերտել՝ հավերժացնելու հայոց արքաների հաղթական ճակատամարտերի փառքը:
–Մեր նախնիները խաչքարեր են կերտել` առանց կրթության, առանց քանդակագործության դասեր առնելու: Նրանք պարզապես վերցրել են քարն ու վրան «ասեղնագործել» իրենց սերն առ Աստված, հույզերը, մտքերը: Ու քարը պահ են տվել բնությանը: Ասես՝ որպես քարե աղոթք նվիրել են Աստծուն: Ինչո՞ւ կորավ այդ մշակույթը: Հիմա բնության մեջ խաչանկար քարեր չկան:
-Եթե տեղյակ եք, Ղալթախչիում խաչքարերի դաշտ կա, սովորական մարդիկ, Ձեր ասածի պես, տաշտշում են քարն ու տեղադրում խաչքարերի դաշտում: Անշուշտ, հրաշալի կլիներ, որ քարի վրա խաչ փորագրելն ավելի լայն տարածում ունենար Հայաստանում` որպես ժողովրդական մշակույթ: Դրանք քարե մատյաններ են, պատմական վկայություններ ու մեր ազգային մշակույթի ամենավառ ու ամենաինքնատիպ արարումները: Ես վստահ եմ, որ խաչքարագործությունը Հայաստանում դեռ ծաղկելու է: Ինքս աշակերտներ ունեմ, որոնք մեծ նվիրումով են սովորում քարի լեզուն:
–Վերջում ուզում եմ Ձեզ համար ասմունքել: Մի քանի քառատող…
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային