Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԵԴԱՐՁԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ՏԱՐԵԴԱՐՁԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԳո՛ռ ջան, դու հիմա Օմարի բարձունքին ես, 3500 մետր բարձրության վրա, որտեղ դու եւ քեզ պես տղաները հայրենիքի սահմաններն եք պաշտպանում՝ ապահովելով մեր հանգիստ կյանքն ու գործունեությունը։ Իմ զինվոր տղա, այսօր դու դառնում ես 20 տարեկան… Հուզված եմ, որովհետեւ կարոտը խեղդում է կոկորդս, ու արցունքներս կուլ եմ տալիս, որովհետեւ հպարտությունս վեհություն է հաղորդում հոգուս։ Մայրական սիրտս լի է բերկրանքով ու ջերմությամբ, որ հայրենիքին ու հասարակությանը երկու քաջ, ազնիվ, առաքինի, կիրթ ու մարդկային բարձր արժեքներով օժտված որդիներ եմ տվել։ Գո՛ռ ջան, իմ մայրական ցանկությունն ու մաղթանքն է, որ կյանքում ցանկացած իրավիճակում չկորցնես մարդկային արժեքներդ ու միշտ ուժ ու իմաստություն դրսեւորես խնդիրների ու դժվարությունների հաղթահարման ճանապարհին։ Աստծուց օրհնություն եմ խնդրում քեզ ու բոլոր մեր զինվորների համար, խաղաղ երկինք ու խաղաղ արշալույսներ մեր երկրին, որ յուրաքանչյուր զինվոր փառքով ու պատվով տուն վերադառնա։ Գո՛ռ ջան, աղոթքս քեզ պաշտպան ու ուղեկից լինեն, սրտիս ամեն զարկով տունդարձիդ եմ սպասում, որ տունս ու ընտանիքս միասնական ու լիարժեք լինի, որ ձեր ուժով ու սիրով իմաստավորվի կյանքս, ձեզանով, ձեր ձեռքբերումներով ու հաջողություններով փառավորվի հոգիս ու ջերմանա մայրական սիրտս։

Շնորհավոր 20-ամյակդ, Գո՛ռ ջան։

 

ԼՈՒՍԻՆԵ ՌՈՒՇԱՆՅԱՆ

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Բանակ և հասարակություն


12/07/2018