Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ



ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ԵԶՐԱՓԱԿԻՉԸԱվարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանն այն անցկացրեց չափազանց բարձր մակարդակով (ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն համարել է եղած առաջնություններից լավագույնը)՝ ձեռքի հետ դաս տալով հատկապես մի քանի չկամների: Խոսքս ոչ էլ ուզում եմ մասնավորեցնել, թեպետ քամին այն լավ էլ քշում-տանում է դեպի Բրիտանիո կողմ: Եվ մեկընդմիշտ փակենք Ռուսաստանի թեման ու այլեւս առանց շեղվելու հիշենք նրա ընտրանուն, որը գլխից ոչ թե վեր, այլ չափազանց վեր ցատկեց՝ հաճելիորեն զարմացնելով թե՛ իրենց՝ ռուսներին, թե՛ մնացած ֆուտբոլային աշխարհը:

 

Խորվաթական դրաման ու ֆրանսիացիների Բաստիլը

Ամեն մի առաջնության զարդերի զարդը գլխավոր եզրափակիչ խաղն է: Որպես օրենք՝ այն գերազանցապես հետաքրքիր է ստացվում: Բացառություն չկազմեց և այս մեկը, որում ուժերով չափեցին Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիները: Եթե Ֆրանսիայի մասնակցությունն անակնկալների շարքից չէր  (Դիդիե Դեշամը Ռուսաստան էր բերել բոլոր օղակներում բացառիկ բալանսավորված թիմ) նույնը չենք կարող ասել Խորվաթիայի հավաքականի մասին, որը սկսած 1998-ից է ուժեղ թիմերի շարքում, սակայն այնքա՛ն ուժեղի համարում չունի, որ վերցնես ու հաստատապես աշխարհի չեմպիոնական կոչումի ռեալ հավակնորդ համարես: Ինչևէ:

Խաղն ապշեցուցիչ ընթացք ունեցավ, ու այն ֆրանսիացիների համար բացառիկ հաջող ծավալվեց, ինչը չես կարող ասել խորվաթների առնչությամբ: Տեսեք՝ հօգուտ ֆրանսիացիների խորվաթական ինքնագոլ եղա՞վ, տասնմեկմետրանոց եղա՞վ, որն անվրեպ իրացրեց Գրիզմանը: Ուրիշ էլ ի՞նչ էր պետք, որ խորվաթները վերջնականապես կոտրվեին՝ անիծելով իրենց բաժին բախտը: Սակայն բարեբախտաբար այս երկուսի արանքում, ի դեմս Պերիշիչի, նրանք կարողացան մրցակցին մի անգամ կտցահարել ու հանդերձարան գնալ հոգիներում հույսի լույսը բնավ էլ չմարած:

Երկրորդ խաղակեսի առաջին տասնհինգ րոպեն կատարյալ մղձավանջ էր ֆրանսիացիների համար, որոնց շարքերում սկսեց աչք ծակել խուճապային տրամադրությունը: Խփեին այդ պահին խորվաթները, խոշոր հարցական կլիներ, թե ո՛ւմ մերն էր տղա բերելու: Սակայն խորվաթները ոսկե պահը ձեռքից բաց թողեցին ու հարաբերականորեն ուշքի եկած ֆրանսիացիները հաշվի մեջ մեկ գնդակով էլ առաջ անցան:

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ԵԶՐԱՓԱԿԻՉԸԱյս առաջնության ընթացքում Խորվաթիան հանդիպումներ ունեցել է, որտեղ մրցակիցը հաշվի մեջ առաջ է եղել, բայց որ փորձած լինեին երկու գնդակի առավելություն հալեցնել, նման բան ես չեմ հիշում: 3:1-ը գրեթե արդեն դատավճիռ էր, սակայն ֆրանսիացիները չէին կարող տագնապ չունենալ, որ հաշվի մեջ իրենց առաջ մղած Մանջուկիչը (հիշենք խորվաթի չարաբաստիկ ինքնագոլը), իր սխալը չէր ուղղելու: Հետևաբար, նրանց պետք էր ամրապնդել հաջողությունը, ու դա Պոգբայից րոպեներ անց արեց Կիլիան Մբապեն:

Եզրափակիչների համար 4:1 հաշիվը հետ բերվողներից չէ: Կարելի է այն խմբագրել, սակայն այն աստճանի որ… արդեն ասացինք՝ հնարավորներից չէ: Զուտ մարդկայնորեն կարելի է ուրախանալ, որ Մանջուկիչն այնուամենայնիվ ուղղեց իր սխալն ու Լյորիսին ստիպեց գնդակը հանել դարպասից՝ հաշիվը դարձնելով 4:2 (1966թ. առաջնությունից հետո սա ամենագոլառատ եզրափակիչն էր), սակայն արագորեն իր վախճանին մոտեցող խաղաժամանակի հետ սպառվում էին խորվաթների ուժերն ու հույսերը` ավելի ու ավելի առարկայական դարձնելով այն, որ խորվաթական ֆուտբոլի այս սերնդին վիճակված չէ կրելու աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը:

Ողբերգությո՞ւն է սա:

Թերևս՝ ոչ, քանզի աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակն էլ պակասներից չէ մի երկրի համար, որը ֆուտբոլում նոր-նոր է փորձում ավանդույթներ հաստատել: Խորվաթական ֆուտբոլի այս սերունդը միանգամայն իրավունք ունի գլուխը բարձր պահած ապրելու, քանզի այն իր երկրի համար արեց անհնարինը, ու արդեն իսկ նրանք հերոսներ էին՝ անկախ եզրափակիչ հանդիպման արդյունքից:

Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանք առաջնություն էին եկել ֆավորիտի կարգավիճակով ու հասան իրենց ուզածին: Պիտի այստեղ պատշաճը մատուցենք նրանց ընտրանու գլխավորին՝ Դիդիե Դեշամին, որը կարողացել էր հաղթողների թիմ ստեղծել, հասնել օղակների այնպիսի համագործակցության, որտեղ ամեն մեկն արեց իրենից կախված առավելագույնը՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով ֆուտբոլային հանրությանն այն հարցում, թե հատկապես ո՛ր օղակին տաս գերապատվությունը:

Դիդիե Դեշամը Ռուսաստան էր բերել ֆուտբոլային աշխարհում լավ անուն ունեցող անհատների, կարողացել էր հասնել նրան, որ այդ անհատականությունները նախ և առաջ ներկայանան որպես մեկ միասնական թիմ, համույթ, ապա նոր որպես վառ անհատականություններ: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ հարկ եղած դեպքում տանը մնացած ֆուտբոլիստներից Դեշամը կարող էր գրեթե նույն հզորության երկրորդ թիմ էլ կազմել, սակայն ձեռքի տակ աստղեր ունենալը քիչ է, ու այս առաջնությունը դրա առարկայական դասը մեկ հավաքականի օրինակով չէ, որ տվեց:

Այս հաղթանակով ֆրանսիացիները կրկնեցին 1998 թվականի առաջնության հաջողությունն ու դարձան աշխարհի կրկնակի չեմպիոններ:

Սակայն, ինչպես գիտեք, աշխարհի առաջնությունը հո միայն հաղթող թիմով չէ: Այն ավելի քաղցրացնելու համար կազմակերպիչները բավականին բաներ են մոգոնել, որոնք պակաս հետաքրքրական չեն: Այսպես՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու «Ոսկե գնդակի» տեր դարձավ խորվաթ Լուկա Մոդրիչը (արծաթե գնդակը հանձնվել է բելգիացի Էդեն Ազարին, բրոնզե գնդակը՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանին): Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է Կիլիան Մբապեին: Մունդիալի լավագույն դարպասապահ է ճանաչվել բելգիացի Տիբո Կուրտուան, իսկ լավագույն ռմբարկուն (վեց գոլով) անգլիացի Հարի Քեյնն է: Մի բան էլ հիշատակենք: Դիդիե Դեշամը Ֆրանց Բեքենբաուերից ու Մարիո Զագալոյից հետո դարձավ երրորդը, որն աշխարհի չեմպիոն է եղել թե՛ ֆուտբոլիստի, թե՛ մարզչի որակում:


ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

henq.am

Խորագիր՝ #3 (1250) 18.07.2018 - 24.07.2018, Մարզաշխարհ


19/07/2018