ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՊԱՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ
Հուլիսյան տապը այս տարի ռեկորդներ է սահմանում: Իսկ նորակոչիկներն ու նրանց ծնողները կարծես չեն էլ նկատում. բոլորի ուշադրությունը լարված է, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը փորձում է արժանապատվորեն թաքցնել բնական հուզմունքն ու շփոթվածությունը:
Նայում եմ նորակոչիկների հերթական խմբին, որ զինկոմիսարիատի բակում տարածվող խրոխտ ռազմահայրենասիրական երգի հնչյունների տակ պատրաստվում է մեկնել կենտրոնական հավաքակայան: Շենքի ներսում ստուգվում են նորակոչիկների փաստաթղթերը: Մի բան պարզ է. այս տղաներից յուրաքանչյուրն անհատականություն է, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամեն մեկը մի օջախի ծուխ, մայրերից յուրաքանչյուրն էլ որդու հետ կապված վերապրումների իր տեսադարանն ունի՝ նրա ծննդյան օրից մինչև այս օրը:
Մոտենում եմ Նոր Նորքի զինկոմիսար, գնդապետ Սերգեյ Հակոբյանին.
–Ըստ Ձեզ, ինչո՞վ կնշանավորվի այս զորակոչը:
–Այս զորակոչի կարևոր իրողությունը, կասեի՝ նույնիսկ անակնկալը, եղավ արտերկրից զինկոմիսարիատներ ինքնակամ ներկայացած զորակոչիկների աննախադեպ թիվը: Առհասարակ, բոլոր նորակոչիկներն ավելի ոգևորված, հոգեբանորեն առավել պատրաստ են ներկայանում զինկոմիսարիատ:
Ահա Չիբուխչյան Արթուրը, որ 2009թ. ընտանիքի հետ ապրել է ՌԴ Սամարա քաղաքում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով վճռել է գալ ու ծառայել հայկական բանակում:
–Երբ իմացա, որ չծառայածների հանդեպ հետապնդում չի լինելու, և ոչ ոք ինձ դասալիք չի համարելու, որոշեցի գալ, կատարել հայրենիքիս հանդեպ պարտքս,- ասում է երիտասարդը:-Եկա, ներկայացա զինկոմիսարիատ՝ առանց որևէ խնդրի, և հիմա հանգիստ խղճով գնում եմ ծառայելու: Տրամադրությունս շատ բարձր է. վաղուց Հայաստանում չէի եղել, հարազատներիս, դասընկերներիս կարոտել էի:
Արթուրի մանկության ընկերները նրանից չեն հեռանում: Մի քիչ տխուր են. չհասցրին ոնց որ պետքն է կարոտներն առնել, բայց, ոչինչ, կյանքն առջևում է, դեռ կհասցնեն:
–Եթե ծնողներս էլ վերադառնան հայրենիք, բանակից հետո հաստատ կմնամ հայրենիքում:
–Արթուրը իմ սիրելի թոռնիկն է, մանկուց ես եմ նրան պահել,- ասում է ճանապարհելու եկած տատը:- Հենց լսեցի վարչապետի ուղերձը, զանգահարեցի որդուս. «Արմե՛ն ջան, էրեխուն ուղարկի՛, թող գա»: Ինքն էլ թե՝ «Մա՛մ, ես էլ հենց այդ էի մտածում: Ինչքա՞ն կարելի է ուրիշի հողում էսպես փախեփախ ապրել»: Արթուրս հենց ինքնաթիռից իջավ, առաջինը ինձ զանգեց՝ «Տատի՛կ, իջա՜, իջա՜»:
-Ի՞նչ կարևոր խորհուրդ ես տվել եղբորդ,- հարցնում եմ Արթուրի մեծ եղբորը՝ Ժանին, որը սահմանապահ զորամասում է ծառայել, ամենաբարդ դիրքերից մեկում է մարտական հերթապահություն իրականացրել:
–Ամենակարևորը՝ որ միշտ ուրախ լինի, «դուխը» չգցի, եթե պետք է՝ պիտի «պոստ» պահի, բա ո՜նց: Ես երկու տարի պահեցի, հիմա նրա հերթն է: Թշնամին հենց մեր քթի տակ էր՝ հաշված մետրերի վրա: Բայց, ասեմ, որ հենակետային ծառայությունն ամենալավն է: Ոչ մի վախ չկա, հասկանում ես՝ ով ով է: Երբ զգում ես թշնամու շունչը և գիտես, որ ամեն ինչ քո ձեռքին է, առավել հոգատար ես դառնում ընկերներիդ նկատմամբ:
Ուշադրությունս գրավեց մեծ ոգևորությամբ ծառայության մասին ընկերների հետ զրուցող Արման Ալեքսանյանը: Միացա նրանց զրույցին.
–Բոլորին կոչ եմ անում գալ, ծառայել: Մեր երկիրն այն իրադրության մեջ է, որ բոլոր հայ տղաներն էլ պարտավոր են ծառայել ու պաշտպանել հայրենիքը:
Իսկ մայրը՝ տիկին Անժելան, հպարտությամբ նայում է որդուն ու թվարկում նրա արժանիքները. «Պարտաճանաչ է, խելացի, կամային, խիզախ, հայրենասեր, մի խոսքով՝ լրիվ պատրաստ է զինծառայությանը»:
–Որդուս ճանապարհում եմ բարձր տրամադրությամբ,- ասում է Արմանի հայրը՝ Վարդան Ալեքսանյանը:- Տղան ծնված օրվանից պետք է պատրաստ լինի սրան: Մյուս որդիս՝ Դավիթս էլ վեց ամիս հետո կզորակոչվի:
Հաղթանդամ, ժպտերես նորակոչիկ է Արթուր Դավթյանը, ընդունվել է Երևանի գյուղատնտեսական համալսարան.
-Ի՞նչ տրամադրությամբ ես ճանապարհվում բանակ,- արդեն սովորական դարձած հարցիս պատասխանում է.
–Դուխով,- և արագ ձուլվում մարդկային զանգվածին:
Բակում նորակոչիկներից մեկը գեներալի ուսադիրներով ալեհեր զինվորականի հետ գրկախառնված լուսանկարվում է:
–Վաղարշակ Վարդանյան. Արդարադատության գեներալ-մայոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ և սովորական քաղաքացի,- զեկուցելու պես, բայց ժպտալով ներկայանում է նորակոչիկի պապը: Եվ ինքն էլ սկսում զրույցը.
–Երբ մեր սերունդն էր բանակ մեկնում, տղային աղջիկ տալիս ծնողները տեղեկանում էին՝ ծառայե՞լ է, թե՞ ոչ: Եթե ոչ՝ աղջիկ տալը դժվարանում էր, մտածում էին՝ ուրեմն հիվանդոտ է: Հիմա տեսնում եմ, որ մենք կրկին վերադառնում ենք մեր այդ լավ ավանդույթներին. տղա է, ուրեմն պիտի ծառայի: Ու սա շատ ուրախացնում է ինձ: Այսօր եկել եմ թոռանս՝ Վաղարշակիս բանակ ճանապարհելու:
Զինվորական ավտոբուսը մտնում է զինկոմիսարիատի բակը: Ծնողներից ոմանք այստեղ հրաժեշտ են տալիս նորակոչիկներին, մյուսներին դեռ հանդիպելու եմ կենտրոնական հավաքակայանում:
Մինչ տղաները հավաքակայանի տարբեր հատվածներում, կարգի համաձայն, բուժզննում են անցնում, ստանում են իրենց տարբերանշանները, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը շրջում է հավաքակայանի տարածքով և ուշիուշով հետևում զորակոչի ընթացքին: Քիչ առաջ է վերադարձել Ազգային Ժողովից, որտեղ քննարկվել էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովին ներկայացված առաջարկը` կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
–Այս փոփոխությունը կապված է ՀՀ քաղաքացու կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հետ: Մենք առաջարկել ենք, որ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվի տարկետում` մինչև ուսումնառության ավարտը: Հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական ուսումը 11 տարի է, իսկ Հայաստանում՝ 12, և հայրենիք վերադարձած տղաները մեկ դասարան ավելի ցածր են նստում և ավարտում են արդեն 19 տարեկանում: Ուստի, փորձելու ենք, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, արդեն իսկ 19 տարեկանը լրացած տղաներին տարկետում տրամադրել:
Ճաշի, առաջին զինվորական ճաշի ժամն է: Արդեն քաղցած տղաները «առաջին», «երկրորդ» պատվիրելով՝ նստում են սեղանների շուրջ և, ինչպես նկատում եմ, ախորժակով «ըմբոշխնում են» ափսեների պարունակությունը:
-Հը՛, տղանե՛ր, ի՞նչ կասեք:
–Շատ լավ է, ամեն ինչ համեղ է,- ուրախ արձագանքում են նորակոչիկներն ու հավելում,- եթե միշտ այսպես են կերակրելու, էլ մտածելու ի՞նչ ունենք:
Նրանց է միանում նաև պաշտպանության փոխնախարարը, որ իր նախընտրած ճաշատեսակներով տեղավորվում է սեղաններից մեկի մոտ ու զրույցի բռնվում նորաթուխ զինվորների հետ:
Հաջորդ կանգառը հանդերձավորման սրահն է: Նորակոչիկներն իրենց քաղաքացիական հագուստը տեղավորում են հատուկ պարկերի մեջ և առաջին անգամ փորձում զինվորական հանդերձանքը:
-Պետք է համազգեստի թևքերը ծալել՝ այ այսպես,-տղաները անվարժ շարժումներով փորձում են կրկնել ուղեկցող սպայի գործողությունները: Արմանը նոր է դուրս եկել հանդերձասրահից, փորձում է կարգի համաձայն հագուկապը ավարտուն տեսքի բերել:
–Համազգեստի մեջ ինձ արդեն զինվոր եմ զգում,- լուսավոր ժպտում է նա: –Սա պարզապես համազգեստ չէ,- փորձում է բացատրել իր նոր զգացողությունները` հատուկ շեշտելով յուրաքանչյուր բառը,-հայկական բանակի համազգեստն է:
Բաբլումյան Հովհաննեսը Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանող է: Գալստյան Գալուստը ոսկերիչ է, ուսանում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում: Մուրադյան Մուրադը փոխադրվել է բժշկական համալսարանի երրորդ կուրս. ատամնաբույժ է դառնալու:
Եթե անգամ չնկատեի Ժպտերես, բարեհոգի ու մի քիչ մարմնեղ, կարմրաթուշ նորակոչիկի պարանոցից կախված տարբերանշանը՝ «ՈՒԽ», անսխալ կգուշակեի նրա մասնագիտությունը:
–Ուսումնական կենտրոնում սովորել եմ խոհարարություն,- ասում է նորաթուխ զինվորը՝ Տիգրան Թումասյանը,- աշխատել եմ ռեստորանում, հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում:
-Ամենալավը ո՞ր ճաշատեսակն ես պատրաստում:
–Սթեյքը,- առանց երկար մտածելու ասում է Տիգրանը:
-Միջին աստիճանի տապակած սթեյք պատրաստելը, լսել եմ, ամենադժվարն է, ստացվո՞ւմ է:
–Էն էլ ո՜նց,- ասում է հպարտ:
Օրվա ամենահուզումնալից պահն է մոտենում. զինվորական շարք կազմելով` տղաներն ուղևորվում են վիճակահանության սրահ:
Սպասասրահում բոլորի անհամբեր հայացքներն ուղղվում են մեծադիր էկրանին, որի միջոցով հետևում են վիճակահանության սրահ մտնող զինվորներին: Երկրորդ՝ ավելի փոքր էկրանը խոշոր պլանով ցույց է տալիս վիճակահանության թմբուկներն ու բարձրախոսը, որին րոպեներ անց կմոտենան տղաները և հերթով կհայտարարեն իրենց բաժին ընկած ծառայության վայրն ու կցուցադրեն թղթիկը՝ զորամասի համարով: Ամեն ինչ պարզ է, տեսանելի ու թափանցիկ:
Տեղավորվում եմ կենտրոնական հավաքակայանում հերթապահող բուժծառայության բուժքույրերից մեկի՝ Աստղիկի կողքին, որին բազմիցս հանդիպել եմ այս նույն իրավիճակում:
Դրսում 42 աստիճան շոգ է, ու անչափ հաճելի է սպասասրահի օդորակիչի տարածած զովությունը: Մինչև վիճակահանությունը զրույցի եմ բռնվում Աստղիկի հետ:
–Հետաքրքիր մի բան եմ նկատել,- ասում է նա,- ապրիլյան պատերազմին նախորդած երկու զորակոչերին ծնողների շրջանում բուժօգնության կարիք ունեցողները շատ էին: Կարծես ավելի դյուրագրգիռ էին, սպասումից կարող է ուշաթափվեին, լացն ու հիվանդագին անհանգստությունը սովորական բաներ էին: Իսկ հիմա, տե՛ս, թե ինչ զուսպ են, հանդարտ: Հոգեբանական ուսումնասիրության նյութ է:
Իսկ ես իմ հերթին մտորում եմ, որ ապրիլյան պատերազմը ամբողջ ազգի մեջ արժանապատվության ու հայրենիքի հանդեպ նվիրումի մի նոր, աննախադեպ ալիք առաջ բերեց: Եվ անկախ հուզմունքից, որը բնական է այսօր այստեղ ներկա հարազատների համար, բոլորն էլ հստակ գիտակցում են. իրենց որդին ծառայում է ազատ ու հպարտ հայրենիքին, որն այսօր նաև հենց իրենց զավակների հույսին ու խնամքին է հանձնվելու: Մնացածը՝ ծառայության վայրը, հեռավորությունը, բաժանման թախիծը դառնում են ածանցյալ…
Վիճակահանությունից հետո մոտենում է ամենադժվար՝ բաժանման պահը: Տղաներն ու ծնողներն արդեն գիտեն, ով որտեղ է ծառայելու: Սպասասրահի տարբեր հատվածներում իրենց զինվորին են գրկել հարազատները: Ծնողներից շատերի դեմքին ժպիտ է, ոգևորություն:
Հովհաննեսի հայրը՝ Շիրազ Բաբլումյանը, փորձում է ներկայացնել իր հոգեվիճակը. «Ե՛վ ուրախ եմ, և՛ հուզված, և՛ ոգևորված: Ու այս ամենը միաժամանակ»:
Գալուստի մայրիկն ուրախ ժպիտով է որդուն հրաժեշտ տալիս.
–Ուրախ ենք, իհա՛րկե: Առողջ, լավ որդիներ ենք բանակ ուղարկում: Աստված իրենց պահապան:
Սրահի մի անկյունում էլ ինքնակամ հայրենիք վերադարձած Արթուր Չիբուխչյանի ընտանիքի անդամներն են շրջապատել իրենց հերոսին: Ակնհայտ է՝ գոհ են որդու ընտրությունից. շնորհավորում են, համբույրներով ծածկում: Արթուրը, մյուս խրոխտ տղաների հետ միասին, այսուհետ Հայրենիքի լիիրավ, հպարտ ու արժանապատիվ պաշտպանների շարքում է:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #3 (1250) 18.07.2018 - 24.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում