ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ
Համաձայն 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի` գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մեկնարկեցին գծային գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հնգօրյա հավաքները:
Միջոցառումն սկսելուց առաջ անցկացվեց մասնակիցների շարային ստուգատես, որը փաստեց, որ բոլոր սպաները պատրաստ են անցկացվելիք հավաքներին:
Այնուհետև սկսվեցին ուսումնական պարապմունքները:
Մեկնարկած հավաքների ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական պարապմունքներով:
Տեսական պարապմունքներն ընթանում են համալրված, համապատասխան կահավորված լսարաններում, ցուցադրական պարապմունքներն էլ՝ շարահրապարակում, մարզահրապարակում, մարտավարական դաշտում, հրաձգարանում, բացազատված տեղամասերում:
Հավաքների նպատակն է մասնակիցների ունակությունների կատարելագործումը՝ զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման, մարտական պատրաստության պարապմունքների գործընթացի կազմակերպման, նախապատրաստման, իրականացման և դրա ընթացքի ղեկավարման ուղղությամբ, ինչպես նաև՝ սպաների տեսական գիտելիքների, գործնական վարժվածության մակարդակի և գործնական ունակությունների բարձրացումը, ընդգրկված կազմի պատրաստվածության մակարդակի ստուգումը՝ մարտավարական, կրակային, ֆիզիկական և այլ պատրաստություններից, ղեկավար փաստաթղթերի իմացությունից:
Հրամանատարական հավաքները նաև անցած կիսամյակի ընթացքում հայտնաբերված թերությունների վերհանման, դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների, նաև՝ առաջավոր փորձի ուսումնասիրման և դրանց փոխանակման խնդիրների բացահայտման նպատակ ունեն:
Առաջավոր փորձի ուսումնասիրման և սպաների մասնագիտական աճին նպաստող արդյունավետ մեթոդների, վարժանքների ու եղանակների ընտրության և կիրառման թեմայով առաջին պարապմունքն անցկացրեց հավաքների ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը:
-Հավաքների հիմնական նպատակը զորամիավորման հրամանատարական կազմի գիտելիքների և նրանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կատարելագործումն է,- ասաց նա:
Հավաքի ղեկավարն իր խոսքում առանձնակի ուշադրություն դարձրեց մարտավարական պատրաստությանը, զորամիավորման գումարտակների մարտական պատրաստության, տեսական և գործնական գիտելիքներին, նշելով, որ նրանց հրամանատարներն ու ուսուցանողներն ամենամեծ դերն ունեն ծառայության, ամենօրյա խնդիրների իրագործման և մարտական գործողությունների վերսկսման դեպքում:
Հնգօրյա հավաքների առաջնահերթ խնդիրը գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների մարտական փորձի, գործնական և տեսական գիտելիքների բարձրացումն ու ամրապնդումն է, նրանց լիարժեք ուսուցանումը, որպեսզի, հարկ եղած դեպքում, կարողանան բարձր մակարդակով իրագործել դրանք, իրենք էլ իրենց հերթին անձնակազմերին հասցնեն ստացած գիտելիքները:
-Անցկացվող հավաքներն արդեն ենթադրում են, որ արդյունքում կունենանք հզոր և մարտունակ, բոլոր առարկաներից պատրաստված գումարտակներ, որոնք պատրաստ կլինեն յուրաքանչյուր պահի ցանկացած մարտական խնդիր կատարելուն,- նշեց հրամանատարը:
Հավաքի թեմաներն ընտրված էին համապատասխան ուղղություններով՝ հաշվի առնելով զինված ուժերի ամենօրյա գործունեության ժամանակ զարգացման առաջնահերթությունները, շեշտը դնելով բոլոր օղակներում ծառայության բարելավմանը:
Հավաքները, ինչպես միշտ, անց են կացվում դասախոսությունների, զեկույցների, սեմինարների, զրույցների և ստուգարքների, մարտավարական պարապմունքների, տեխնիկայի և սպառազինության ուսումնասիրման գործնական պարապմունքների, գործառույթային պարտականությունների յուրացման վարժանքների, մեթոդական և ցուցադրական պարապմունքների տեսքով:
Առանձին դասաժամեր են տրամադրվել սպառազինության, տեխնիկայի նորոգման և շահագործման, հրետանու պատրաստության, պաշտպանության, ինժեներական նախապատրաստման, տեղագրական ծառայության, ռազմական հոգեբանության, մանկավարժության, հայ զինվորի գաղափարական արժեհամակարգի, բարոյահոգեբանական վիճակի, ՀՀ զինված ուժերում դաստիարակչական աշխատանքի, վարժանքների, մարզումների և զորավարժությունների կազմակերպման, մարտական և զորահավաքային պատրաստականության, կրակային, ֆիզիկական, շարային, ՌՔԿՊ, կապի պատրաստության, օրինակելի հերթապահության, փաստաթղթերի վարույթների թեմաներին, որոնց ուղղությամբ պարապմունքներ անցկացրին զորամիավորման վարչակազմի ներկայացուցիչները, համապատասխան ծառայությունների պետերը:
Հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոնների խստիվ պահպանմանը, տեխնիկայի անվտանգ շահագործմանը:
Հավաքների ավարտին ստուգարքների միջոցով խմբերի ղեկավարները կստուգեն մասնակիցների ֆիզիկական և շարային պատրաստության աստիճանը:
Զորամիավորման հնգօրյա հավաքները, նրանց իրական գնահատականները դեռ առջևում են:
Հավաքի ղեկավար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը փաստեց, որ սկիզբն արդեն խոստումնալից է. հրամանատարները օժտված են ռազմական գիտելիքներով, գաղափարապես և հոգեբանորեն լավ նախապատրաստված են, ունեն հրամանատարին անհրաժեշտ հմտություններ և կարողություններ և պատրաստ են անցած ուսումնական փուլերի ձեռքբերումներն ամրապնդելով՝ բոլոր ուղղություններում հասնել բարձր արդյունքների:
Հրամանատարական հավաքներ են նաև մայոր Սերոբ Բազիկյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման 4-րդ զրահատանկային գումարտակում:
1-ի ԲԿ թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ