ՀԻԱՑԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Զրույց ՀՀ վաստակավոր արտիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ հետ
–Պարոն Բաբախանյան, մարդիկ եկել էին Ձեր ծննդյան 50-ամյակի և բեմական գործունեության 35-ամյակի հոբելյանական երեկոյին` տոնի ակնկալիքով, եկել էին լսելու գնահատանքի խոսքեր, մեծարելու Ձեզ: Բայց բեմում ուրիշ ապրումներ էին: Եղեռնի ժամանակ ամբողջ գերդաստանը կորցրած եւ հրաշքով փրկված արեւմտահայի թոռը մի հին վիշտ էր մորմոքում` մեծ աշխարհի խղճին պարզած իր անամոք ցավը…
-Նա հանկարծ առերեսվել էր իր անցյալին` գտնելով 100-ամյակի շեմին այս աշխարհը լքած պապի նամակները: Դրանք նամակներ էին անցյալ հանգրվաններից: Դրանք ցեղասպանության սարսափների միջով անցած փոքրիկ տղայի, անցյալի ու ներկայի միջեւ երկփեղկված հայի, իր մորթված հարազատների պատկերները հոգում պահած ծերունու հիշողություններն էին…
–Քանի որ այդ մոնոդրաման Դուք ներկայացրիք Ձեր հոբելյանական երեկոյի փոխարեն, ենթադրում եմ, որ ներկայացման սյուժեն իրապատում է, ու դա Ձե՞ր կենսագրությունն է:
-Պիեսը գրվել է ամերիկահայ գրող Կարեն Խաչատրյանի (ԽԱՉԿԱՐ) հրապարակագրությունների հիման վրա, իսկ բեմադրող ռեժիսորը Մարի Մսրյանն է:
Անօրինակ ոճիրը, որ կոչվում էր հայասպանության պետական ծրագիր, խաթարեց մեր ազգային-հավաքական հոգին, մեր ընթացքը, հայի բազմաթիվ սերունդների ճակատագրեր խեղեց: Ու ցեղասպանության զոհեր են ոչ միայն մեր հոշոտված նախնիները, նրանց փրկված ժառանգները, այլև հայի ներկա ու գալիք սերունդները, քանի դեռ աշխարհը չի մերժել ազգասպանություններն ու պատերազմները: Քանի դեռ ազգային սրբությունների շարքում կան զինվորական պանթեոններ: Քանի դեռ կրակոցներ են հնչում Արցախ անունով փոքրիկ ու հպարտ երկրի սահմաններին՝ միայն այն պատճառով, որ նրանք հանդգնել են ազատ ու անկախ ապրել: Ինչ վերաբերում է ներկայացման սյուժեին, ապա որոշ իրապատում տարրեր, իհարկե, կային: Ես արեւմտահայ եմ: Պապս ու տատս մանկահասակ երեխաներ` բոլոր հարազատներին կորցնելով` փախչում են ու հայտնվում Ռուսաստանում: Տատս` Եղիսաբեթը, Իգդիրի քաղաքապետի` Գլավ Թորոսի աղջիկն էր: …Նա աղմուկ է լսել, մոտեցել է պատուհանին ու տեսել իր չորս աժդահա եղբայրների գլխատված մարմինները սայլի կողքին: Այս ամենն ինձ մայրս է պատմել, երբ տատս արդեն մահացել էր: Իմ հիսունամյակի օրը ես հետ քաշեցի մոխիրը ու ցույց տվեցի այն կրակը, որ մխում է իմ ներսում:
–Ինչպիսի՞ն էին Ձեր մանկության մարդիկ:
-…Ինձ համար անկոտրում ուժի, անզիջում սկզբունքների ու բարձր առաքինության օրինակ է եղել իգդիրցի տատս: Արականության անբառ դասեր եմ ստացել ավագ եղբորիցս: Մայրս սիրո, լույսի, նվիրումի իմ ակունքն էր: Ես պաշտում էի մորս, ու նրա մահը կյանքիս ամենածանր հարվածն էր: Դերասանական շնորհը ժառանգել եմ հորիցս: Եթե հայրս լավ կրթություն ստանար, հաստատ հռչակավոր դերասան կդառնար: Նա փոքրիկ թատերախումբ ուներ, ներկայացումներ էր բեմադրում: Ես դպրոցական տարիներին հայտնի էի իմ պարոդիաներով` կապկում էի ուսուցիչներիս, ընկերներիս: Սրանք իմ մանկության ամենատաք գույներն են:
–Դուք սովորել եք Ղափլանյանի կուրսում, Ձեր առաջին եւ հետագա քայլերը արել եք Արմեն Խանդիկյանի կողքին` վայելելով նրա բարեհաճությունն ու աջակցությունը: Որքանո՞վ են կարեւոր արվեստի մարդու համար կրթությունն ու նրան շրջապատող մարդիկ: Չէ՞ որ արվեստի միակ նախապայմանը աստվածատուր տաղանդն է:
-Տաղանդը անմշակ ադամանդ է: Լավ կրթությունը, լավ ուսուցիչները հղկում են այն, դարձնում ավելի գեղեցիկ, իմաստալի: Որքան էլ ապավինես բնատուր շնորհիդ, բեմ բարձրանալու համար պիտի բովանդակություն ունենաս, կիրթ լինես, ասելիքդ պիտի ծնվի ներքին խտացումներից: Ասում ենք` բեմ բարձրանալ: Բարձրից ինչ-որ բան ասել մարդկանց: Բարձրանալու եւ մարդկանց ժամանակը քո ասելիքին տրամադրելու իրավունքը պիտի կերտես տքնաջան աշխատանքով: Ու պիտի զգաս էդ պատասխանատվությունը: Սկսնակ դերասանի համար շատ կարեւոր է միջավայրը: Միջավայրը` իր արժեհամակարգով, լավի ու վատի մասին պատկերացումներով, բարոյական չափանիշներով, յուրատեսակ ավանդույթներով` կենցաղայինից մինչեւ մշակութային, կերտում է վարքդ ու հոգիդ: Երիտասարդ սերնդին առավոտից իրիկուն խրատելուց, բարոյական քարոզներ կարդալուց առաջ մենք պիտի ճիշտ միջավայր ձեւավորենք նրա շուրջ ու թողնենք, որ յուրաքանչյուրը գտնի իր գույները, ձեւերը, անհատականությունն ու ինքնատիպությունը:
–Մի առիթով ասացիք, որ մարդը գալիս է թատրոն գեղագիտական հաճույք ստանալ: Հիանալու: Այդպես էլ ասացիք` դերասանի գործը մարդուն հիացնելն է: Գուցե նաեւ մտքեր, գաղափարներ ու խորհուրդներ հուշե՞լը…
-Մտքերը, գաղափարները, խորհուրդները կան ինքնաբերաբար, տողատակում: Սակայն արվեստի խնդիրն ինչ-որ բան քարոզելը չէ, այլ բարձր արվեստ ստեղծելը: Հանդիսատեսը թատրոն է գալիս դիտելու դերասանի խաղը, ոչ թե լսելու նրա քարոզներն ու հորդորները: Արվեստը հոգու «ինժեներիա» է, նա հղկում է, ակտիվացնում է հույզերը, ընկալումների նրբությունը, մարդուն դարձնում է ջերմ, կարեկից, սիրող, նրբանկատ, զգայուն, հանդուրժող… Ահա թե ինչ առաքելություն ունի արվեստը: Վայելք ապրած, հիացած հոգին հայտնվում է գեղեցիկի, վեհի, կատարելության տիրույթներում: Դա հիացած հոգիների աշխարհն է, որտեղ տիրական են սերը, ազնվությունը, կարեկցանքը, արժանապատվությունը, խիզախությունը, նվիրումը…
–Դուք եւ դերասանուհի Մարի Մսրյանը օրերս նշեցիք Ձեր արծաթյա հարսանիքը՝ ամուսնության 25-ամյակը: Չե՞ք վիրավորվի, չէ՞, եթե ասեմ, որ դերասանները հայտնի են ամուսնական անհավատարմությամբ, սիրավեպերի առատությամբ, սիրային արկածներով…
Ձեր եւ Մարիի միությունը գեղեցիկ բացառությունների շարքից է: Գուցե ընթերցողին հուշեք սերը պահպանելու եւ ամուր ընտանիք կազմելու գաղտնիքը:
-Նախ՝ պետք է ամուսնանալ այն ժամանակ, երբ հոգուդ ու մարմնիդ բոլոր բջիջներով զգում ես, որ գտել ես քոնին: Երբ ես առաջին անգամ տեսա Մարիին, նրա պատկերը դաջվեց հոգուս մեջ, ինձ հետ ինչ-որ անբացատրելի բան կատարվեց:
–Իսկապես Մարին շատ կանացի է, քնքուշ, տաղանդավոր:
-Համաձայն եմ: Բայց կա մի շատ կարեւոր նրբություն եւս: Դերասանները մաշկ չունեն: Նրանց նյարդերը, հույզերը բաց են, երեխայի պես անպաշտպան են, խոցելի…
–Ինչո՞ւ միայն դերասանները…
-Մի փոքրիկ անզգույշ հպում՝ եւ փշրվում են բյուրեղապակու պես:
–Անվերադարձ փշրելով սիրո, միության, ներդաշանակության կառույցը:
-Ես ու Մարին կարողացանք պաշտպանել մեկս մյուսին, չանել այդ ճակատագրական անզգույշ քայլը: Ու այսօր Մարին իմ կինն է, ընկերը… ամեն ինչ: Ուղղակի, նա իմ Մարին է:
–Արդեն ութ տարի Ձեր ընտանիքն ապրում է Միացյալ Նահանգներում: Ինչո՞ւ եք հեռացել հայրենիքից: Փո՞ղը չէր հերիքում, թե՞, ինչպես ասում են, հորիզոնն էր նեղ…
-Ինձ միշտ փողը հերիքել է: Ես աշխատել եմ այնքան, որքան ինձ պետք է եղել: Թատերական միջավայրը Հայաստանում հրաշալի է, կան շատ լավ բեմադրիչներ, ճաշակով հանդիսատես, որը քեզ ստիպում է լարված աշխատել, որ չհեռանաս նշաձողից: Պարզապես ես ցանկացա ուժերս փորձել Հոլիվուդում: Շփվել արտասահմանի դերասանների հետ, տեսնել կինոյի ու թատրոնի անծանոթ հորիզոնները: Այդուհանդերձ, ես պարբերաբար գալիս եմ Հայաստան, խաղում եմ: Ես չեմ հեռացել հայրենիքից, ուղղակի հիմա Միացյալ Նահանգներում եմ աշխատում:
–Դուք թատերական կրթությանը զուգահեռ ավարտել եք նաեւ կոնսերվատորիան` վոկալի բաժինը, Մոսկվայի գեղարվեստի ակադեմիան…
-Ես սիրում եմ սովորել: Առավել եւս` այն ամենը, ինչը կարող է նպաստել դերասանի վարպետությանը: Ես լավ ձայն ունեմ, նկարելու շնորհ ունեմ, ինչո՞ւ չհղկեի աստվածատուր շնորհներս, չզարգացնեի:
–Ձեր ծննդյան 50-ամյակին ու բեմական կյանքի 35-ամյակին նվիրված մոնոդրաման կոչվում էր «Պատգամ», ու այն ավարտվեց թոռան` եղեռնից փրկված պապին ուղղված խոսքերով. «Մենք կիրականացնենք հեքիաթը, հեքիաթն իրականություն կդառնա»:
-Այն, որ բեմի վրա ամենայն մանրամասնությամբ պատկերվում էին Ցեղասպանության մղձավանջային մանրամասները, սոսկ արցունք կորզելու համար չէր…
–Մոր՝ ջրի հոսքն ի վար լողացող ոսկե հյուսքերը, քրոջ՝ օդում թրատված մետաքսե ճերմակ զգեստը…
-Անպաշտպան գեղեցկությունը վայրագ ուժից փրկելու պատգամն էր ներկայացման հիմքում, եղեռնից փրկված փոքրիկ տղայի շուրթերին` որպես աղերս, հորդոր, հրաման: Աշխարհն առանց դավի, արցունքի, բռնության տեսնելու իր հեքիաթը իրականություն դարձնելու անսահման ցանկությամբ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Հոգևոր-մշակութային