«ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում:
Մրցավարական կոլեգիան մրցույթի արդյունքներն ամփոփելու է հինգ մրցաձևերում ելույթների ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին: Մրցավարները կհայտարարեն ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերի ու լավագույն մարզիկ-զինծառայողների անունները:
«Ընկերակցության մարտիկ» միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է նաև մշակութային ծրագրերով:
Մարզիկ-զինծառայողներն արդեն եղել են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի ուշագրավ դրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին, այցելել են Մատենադարան, որտեղ նրանց ներկայացվել է հայ մատենագրության ժառանգությունը:
Մրցույթի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: