Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԻՐ «ՍՓՅՈՒՌՔԸ»



ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԻՐ «ՍՓՅՈՒՌՔԸ»Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին` այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միևնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ: Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարները սկսել են վիթխարի ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը ձևավորելու համար՝ որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ:

Զարմանալիորեն, մինչ Հայաստանի կառավարությունը արտերկրից հայերի հայրենադարձության ծրագրեր է մշակում, Ադրբեջանը փորձում է ճիշտ հակառակն անել՝ խրախուսելով ադրբեջանցիների տեղափոխումը նախկին խորհրդային երկրներ, Եվրոպա և Միացյալ Նահանգներ՝ իր սփյուռքն ընդլայնելու համար…

Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը վերջերս հայտարարել է. «Համակարգող կենտրոնների ստեղծումը աշխարհի ադրբեջանցիների համար շարունակվում է, և դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջնահերթություններից է: Ադրբեջանը հսկայական  ֆինանսական պայմաններ է ստեղծել դրա համար: Նախագահի հրահանգով, մենք աջակցում ենք մեր սփյուռքյան կազմակերպություններին ամբողջ աշխարհում: Այս գործունեության շնորհիվ ադրբեջանական սփյուռքը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանում է հայկական լոբբիին, այլև երբեմն  հաղթում է նրան»:

Անցյալ տարի Բաքվի պետական համալսարանի շրջանավարտ Սերգեյ Ռումյանցևը հոդված հրապարակեց OpenDemocracy.net կայքում՝ «Կեցցե՛ ադրբեջանական սփյուռքը» վերնագրով, նշելով՝ «Բաքուն ամեն ինչ կանի, որ զորաշարժի ենթարկի կամ նույնիսկ ստեղծի համաշխարհային ադրբեջանական սփյուռք»: Ադրբեջանական սփյուռքի հիմնական նպատակը հայերին Արցախյան հակամարտության մեջ հակազդելն է: Ադրբեջանի ղեկավարները հայկական սփյուռքը դիտարկում են «որպես չափազանց ազդեցիկ և խիստ համախմբված», ուստի՝ «Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխող վարչակարգի համար սփյուռքը քաղաքական լոբբիի հոմանիշն է արտասահմանում»:

Ադրբեջանցիները հայկական սփյուռքի մասին այնպիսի չափազանցված տեսակետ ունեն, որ երբ անցյալ տարի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշեց չեղյալ համարել համառուսաստանյան ադրբեջանական համագումարի գրանցումը. «Շատ [ադրբեջանցի] մեկնաբաններ շտապեցին եզրակացություններ անել հայկական դավադրությունների և խարդավանքների մասին»,- գրել է Ռումյանցևը: Ճշմարտությունն այն է, որ ադրբեջանական կազմակերպությունը խախտել էր ռուսական օրենքները: Հայերը ոչ մի կապ չունեին դրա հետ:

Ադրբեջանի իշխանությունները այնքան էին տպավորվել հայկական սփյուռքի քաղաքական ազդեցությամբ, որ 2000-ականների սկզբին նրանք, ըստ Ռումյանցևի. «Այս նախագծում ներդրել էին մեծ թվով ֆինանսական և խորհրդանշական կապիտալ: Նրանք փորձել էին հնարավորինս արագ ստեղծել իրենց երևակայած սփյուռքը»:

…Ամեն ինչ սկսվել է դեռ Հեյդար Ալիևի օրոք՝ ներկայիս նախագահի հայրը 1970-80թթ.  կազմակերպում էր բազմաթիվ ադրբեջանցի ուսանողների կրթությունը Խորհրդային Միության զանազան համալսարաններում և խրախուսում նրանց տեղափոխությունը դեպի տարբեր խորհրդային հանրապետություններ…

Մինչ 2016 թ. մարտի 16-ին ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային կոնգրեսի անցկացումը՝ «արտասահմանի ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն նկարահանել էր վավերագրական ֆիլմ՝ «մենք 50 միլիոնանոց ազգ ենք» վերնագրով»,- գրել է Ռումյանցևը: Կոմիտեն հայտարարել է, որ 10 միլիոն ադրբեջանցիներ ապրում են աշխարհի մոտ 70 երկրներում:

Ռումյանցևը համոզված է, որ արտերկրում բնակվող ադրբեջանցիները ամրակուռ խումբ չեն. զգալի տարբերություն կա ադրբեջանցի գաղթականների շրջանում. «ադրբեջանական սփյուռքի ակտիվությունը հիմնականում սահմանափակվում է ադրբեջանցի գործարարների և նրանց ընտանիքի անդամների բավականին նեղ շրջանակով»:

Ռումյանցևը պատմել է արտերկրում ադրբեջանցիների կազմակերպչական ջանքերի սկզբնավորման մասին. «2001 թ. նոյեմբերին Բաքվում Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ անցկացվեց ադրբեջանցիների համաշխարհային հիմնադիր համագումարը: Հաջորդ տարի ստեղծվեց արտասահմանում ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն, որի մշտական ղեկավար նշանակվեց Նազիմ Իբրահիմովը: Նրա առաջին ժողովը հանգեցրեց ևս մեկ մարմնի՝ «Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի» ստեղծմանը, իհարկե համաադրբեջանական նախագահ Հեյդար Ալիևի գլխավորությամբ: Հետագայում սփյուռքի կառուցման հաջողությունը չափվում էր նրանով, թե ինչքան կազմակերպություններ գոյություն ունեն և ինչպես միավորել դրանք մեկ կառույցում»:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը իր հրամաններն ստանում է անմիջապես Ադրբեջանի կառավարությունից: Նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ հայտարարել է սույն կոնգրեսի վերջին համաժողովի մասնակիցներին. «Եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 336 սփյուռքյան կազմակերպություն, ապա այժմ դրանց թիվը հասնում է 416-ի»: 2015 թ. չորրորդ Համաշխարհային կոնգրեսում պատվիրակները հայտարարեցին, որ գոյություն ունի նման 462 կազմակերպություն»:

Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն ադրբեջացիների մասնակցությամբ մի քանի միջոցառումներն ամբողջ աշխարհում ներկայացնում են չափազանցված ձևով, կարծես թե մեծ թվով ադրբեջանցիներ են ընդգրկված ադրբեջանամետ գործունեության մեջ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում՝ աջակցելով Ալիևի վարչակարգին։ Օրինակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2006թ. այցելեց Բեռլին, քիչ թվով ադրբեջանցիներ բողոքի ցույց անցկացրին և հետևյալ ուղերձը հղեցին նախագահ Ալիևին. «Պարոն նախագահ, Դուք վայելում եք  ամբողջ աշխարհի ադրբեջանցիների աջակցությունը…»։

Ռումյանցևն իր հոդվածն ավարտում է, նշելով, որ ադրբեջանական սփյուռքը չի կարող համեմատվել հայերի, հրեաների և հույների դասական սփյուռքների հետ։ Արտերկրում ադրբեջանական կազմակերպությունների մեծ մասը «գոյություն ունի միայն թղթի վրա»։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Տարածաշրջան


02/08/2018