ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԻՄԱՍՏՈՎ
«Ես երբեք չեմ լքել Հայաստանը եւ իմ «բացակայությունը» դիտարկում եմ որպես գործուղում»,- ասում է աշխարհի ամենահայտնի բեմահարթակները իր սքանչելի ձայնով, անզուգական հմայքով նվաճած օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը: Նա ամեն տարի այցելում է հայրենիք, այստեղ է լինում բոլոր այն պահերին, երբ իր կարիքն զգում է իր ժողովուրդը: Այս օրերին Հասմիկ Պապյանն իր հերթական հագեցած արձակուրդն է անցկացնում հայրենիքում: Այցելեց Արցախ, ելույթ ունեցավ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում, շրջեց քաղաքներով, եղավ ՊԲ սահմանամերձ զորամասերից մեկում, հանդիպեց զինվորների, նորակոչիկների, սպաների հետ, իր ներկայությամբ, իր լուսավոր զրույցներով ոգեւորեց դիրքեր մեկնող տղաներին:
-Տիկին Պապյան, Շուշիի Կերպարվեստի թանգարանում համերգից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասացիք, որ Արցախ կատարած եռօրյա այցի ամենատպավորիչ ու հուզիչ դրվագը զորամաս կատարած Ձեր այցն էր:
-Այո՛, ճիշտն ասած, միշտ հակասական զգացողություններ եմ ունենում, երբ մարդիկ զորամասեր այցից հետո լուսանկարներ են տեղադրում համացանցում: Բայց Հադրութի զորամասի զինվորների հետ արված լուսանկարներից մեկն, այդուհանդերձ, տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում: Այնքա՜ն բարի, այնքա՜ն լավ նկար էր… Ցանկացա, որ զինվորների հարազատները հանգիստ լինեն՝ իրենց զավակներին ուրախ, ժպիտը դեմքներին, ապահով զորամասում տեսնելով եւ, իհարկե, հպարտ էի, երբ թիկունքս այդքան ամուր էր ու լուսավոր: Շատ տպավորված եմ նաեւ հրամանատարների պահվածքից: Ամենուրեք զգացվում էր նրանց ոգին, կամքը, հոգատարությունը, կազմակերպվածությունը: Ցավոք, կարճատեւ եղավ մեր հանդիպումը: Զինվորների մի մասը պատրաստվում էր դիրքեր բարձրանալու: Ուզում էի նրանց հետ գնալ, բայց ասացին՝ ցանկալի չէ:
-Անվտանգությա՞ն նկատառումով:
-Անվտանգությա՞ն,-զարմանում է,- չեմ կարծում: Անվտանգությունն ընդհանրապես շատ հարաբերական է մարդու կյանքում: 2016 թ. ապրիլից առաջ, երբ ինձ հարցնում էին՝ ինչի՞ց ես վախենում, ասում էի՝ պատերազմից: Իսկ երբ տեսա, թե մեր տղաները ո՜նց կանգնեցին… Այլեւս ոչնչից չեմ վախենում: Եվ, կարծում եմ, յուրաքանչյուրիս համար ամոթ պետք է լինի այսուհետեւ որեւէ բանից վախենալը: …Զորամաս այս այցելությունն ինձ համար կարծես առաջին բարեւը լիներ: Հենց այնտեղ էլ հասկացա, որ ավելի հաճախ պետք է այցելեմ՝ ոչ միայն ծանոթանալու, զրուցելու, այլեւ՝ որոշակի ծրագրերով:
– Իսկ դրա համար ի՞նչ է պետք:
-Ընդամենը ինձ ասել, որ այդ հնարավորությունն ունեմ, եւ ես միշտ պատրաստ եմ: Պարտադիր էլ չէ, որ երգեմ: Կարծում եմ` զինվորների, երիտասարդ սպաների հետ զրույցները նույնքան կարեւոր են. նրանց հոգսերը լսելը, խորհուրդներ տալը, չէ՞ որ նրանք կարող էին իմ երեխաները լինել…
-Այդ օրը երգեցի՞ք զինվորականների համար:
-Իրենք երգեցին: Հրաշալի, հայրենասիրական ճիշտ լիցքեր հաղորդող երգեր էին երգում տղաները: Գուսան Հայկազունի «Հպա՛րտ գնացեք», «Գետաշենը», հանրահայտ «Երազ իմ երկիր հայրենին», այլ երգեր:
-Տարբեր առիթներով ասել եք, որ չեք սիրում, երբ հայրենասիրության կոչով՝ հատկապես կանայք են երգում՝ ձեռքները գլխավերեւում ճոճելով:
-Այո՛: Ազգային թրթիռ առաջ բերող ամեն մի երգ հայրենասիրական է: Այդպիսի երգերից ինձ համար ամենաթանկը պոլսահայ տատիս երգերն են եղել, որոնք նա որպես օրորոցային էր երգում՝ «Բամբ որոտան», «Զեյթունցիներ», «Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ», Միքայել Նալբանդյանի «Մանկության օրերը»… Անցյալ օրը համացանցում ատամնահատիկի արարողության մի տեսագրության հանդիպեցի: Մի հրաշալի ժամանակակից ընտանիք էր. հայրիկով, մայրիկով, տատիկ-պապիկներով հավաքված՝ մանկիկի շուրջը պտտվելով, պարելով, ի՜նչ գեղեցիկ ծիսական երգեր երգեցին: Մի՞թե սրանք հայրենասիրության առաջին դասերը չեն:
-Արցախյան այս այցից էլ ինչո՞վ եք տպավորված:
-Օ՜հ, բնությամբ: Երկրորդ անգամն էի Արցախում, բայց Քարվաճառում չէի եղել: Դադիվանքը տեսա:
-Լսել եմ, որ երգել եք այնտեղ:
-Այո՛, Վանքում շրջելիս Տեր Հովհաննեսն ինձ ակնարկեց. «Այս սրահում շատ լավ հնչողություն է, ի դեպ»: Սիրով երգեցի: Դադիվանքն ինձ համար հայտնություն էր: Այդ չքնաղ որմնանկարները մաքրված տեսնելը, Տեր Հովհաննեսի նվիրվածությունը…
-Երբ իմացա, որ Շուշիում կայանալու է Ձեր մենահամերգը, չդիմացա այնտեղ ներկա լինելու գայթակղությանը: Արվեստի թանգարանի փոքրիկ, բայց ինքնատիպ լուծումներով համերգասրահում ներկա էին շատ պատվարժան մարդիկ՝ ոչ միայն Արցախից, այլ նաեւ Հայաստանից, սփյուռքից: Համերգից հետո շրջեցի Արցախ աշխարհի երբեմնի աշխույժ ու լիարյուն կյանքով ապրող այս մշակութային կենտրոնի փողոցներով ու խորը տխրություն զգացի, որ շուշեցին՝ ինքնամփոփ ու մի քիչ էլ թախծոտ, կարծես անմասն էր մնացել այս վայելքից… Հենդել, Պուչինի, Վերդի, Կատալանի, Լեհար եւ վերջապես՝ Կոմիտաս…
Բարձր արվեստը ժողովրդին մոտեցնելու ի՞նչ միջոցներ կան:
-Միջոցներն ու ձեւերը շատ են, հաճախ ՝ շատ պարզ եւ հեշտ իրագործելի: Անցյալ տարի Գյումրիի Յոթ վերք եկեղեցում երգեցի: Եկեղեցու անունը, ինչպես հայտնի է, վերաբերում է այստեղ պահվող Սբ. Մարիամ Աստվածածնի սրբապատկերին, որը ծաղկել է ինքը՝ Ղուկաս Ավետարանիչը: Այստեղ միայն Կոմիտաս երգեցի… Կարծում եմ՝ սա կարող է կարեւոր նախադեպ լինել: Եկեղեցիների բակում բացօթյա համերգներ, փառատոներ կազմակերպելը արտասահմանյան որոշ երկրներում շատ ընդունված է: Սա աշխուժացնում է թե՛ եկեղեցու, թե՛ տեղի համայնքի կյանքը, հոգեւոր մշակույթի հետ շփման նոր կամուրջ է դառնում: Երբ աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը սկզբնավորեց Զալցբուրգի փառատոնը, այդ տարածքում ոչինչ չկար, միայն փոքրիկ մի տուն, որտեղ ծնվել էր Մոցարտը: Այսօր այնտեղ աշխարհի ամենամեծ փառատոնն է անցկացվում, եւ դրա շնորհիվ Զալցբուրգը աշխարհի ամենահայտնի մշակութային կենտրոնն է այժմ: Ես մտածում եմ, որ մենք էլ ունենք այս հնարավորությունը: Պետք է հաճախակի համերգներով, այցերով, ներկայացումներով մեր երկրի կարեւոր հոգեւոր-մշակութային կենտրոնները հետզհետե դարձնենք նման օջախներ: Ֆրանսիայի Օրանժ փոքրիկ քաղաքում հռոմեական բացօթյա թատրոն կա՝ տասը հազար ունկնդրի համար: Շուրջ երեք հազար բնակչությամբ այս փոքր քաղաքը երկու ամիս փառատոնի շնորհիվ բացում է իր դռները, իր սիրտը, ընդունում անվանի հյուրերի, հանդիսատեսի ու հետո ամբողջ տարին ստացված հասույթով կարողանում է հանգիստ ապրել: Մենք էլ, կարծում եմ, այս ուղիով պետք է գնանք:
-Սովորաբար նման դեպքերում պատճառաբանում են ֆինանսներ չունենալը:
-Չկա նման բան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ներդնողը, եւ ով է դիմում նրանց: Սրանից երեսուն տարի առաջ ես անցել էի ունկնդրման փուլը, ստացել էի արտասահմանում՝ միջազգային մրցույթի մասնակցելու իրավունք: Մշակույթի նախարարությունը հոգում էր բոլոր ծախսերը: Միայն 100 դոլար անդամավճար էր պետք մուծել, իսկ ես չունեի այդ գումարը: Ինչ-որ հայ բարերար վճարեց գումարը, մասնակցեցի մրցույթին, դարձա դափնեկիր: Տարիներ անց, երբ այդ նույն թատրոնում պրեմիերա էի երգելու, զանգահարեցի այդ մարդուն, հրավիրեցի համերգի: Ինքը չէր հիշում, զարմացավ, թե որտեղի՞ց գիտեմ իրեն: Հիշեցրի, ու նա այնքան էր հուզվել. ասաց՝ «Եղել է, որ երկու միլիոնով եմ օգնել, բայց ոչ մի շնորհակալություն»:
Գիտեք, շատ կարեւոր է, որ մարդը հասկանա, թե ինչ կարեւոր գործ է անում: Ասում են՝ մեր գործարարները չեն աջակցում: Բայց նրանք պետք է իմանան, թե ինչի համար են տալիս այդ գումարը: Հարկավոր է հրավիրել նրանց, նստեցնել առաջին շարքում, մեծարել, որպեսզի հաջորդ նախագծին նորից սիրով աջակցեն: Իսկ եթե գումարի կեսը գրպանում են, հետո էլ ասում՝ «չստացվեց», բնականաբար, այլեւս չեն աջակցի:
Մշակույթի տարածման, բարձրացման մասին խոսելիս պետք է հիշել, որ կարեւորագույն գործոններից մեկն էլ երկրի իշխանավորների ուղղորդումն ու աջակցությունն է: Երբ ես նոր էի սկսել երգել, Կարեն Դեմիրճյանը հաճախ էր գալիս թատրոն: Նա շատ էր սիրում օպերան ու քաջածանոթ էր համաշխարհային օպերային երաժշտության գոհարներին: Երբեմն անգամ «պատվիրում» էր. ասում էր՝ հաջորդ անգամ «Բոհեման» կբեմադրե՞ք, ես անպայման կգամ: Ու գալիս էր իր շքախմբով: Եկողների մի մասը, անգամ եթե հեռու էին օպերայից, Օպերային թատրոնում նստած՝ զգում էին, որ դրա մեջ բարձր մի բան կա… Իսկ վերջին տարիներին, պետք է ցավով ասեմ, որ մեր երկրում մշակույթի նշաձողը անչափ շատ էր իջել…
-Այժմ իրավիճակը փոխվե՞լ է: Որո՞նք պետք է լինեն հաջորդ քայլերը:
-Մշակույթին տիպար-անհատներ են պետք: Այն ժամանակ կային Ռաֆայել Ղազարյանը, Ռաֆայել Իշխանյանը, Գրիգոր Գուրզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, որոնց օրինակին շատերն էին հետեւում:
-Ժամանակին, երբ թատրոնի մեծ վարպետ Վահրամ Փափազյանն իր ներկայացումներով շրջում էր գյուղից գյուղ, շենից շեն, թերեւս, չէր մտահոգվում՝ ըստ արժանվույն կգնահատվի՞ իր արվեստը, կընկալվի՞: Բայց սա իր խորը ազդեցությունն էր ունենում հասարակ ժողովրդի վրա: Կրթում էր, բարձր արվեստի հետ շփման հնարավորություն տալիս:
-Մեր ժողովրդին ներհատուկ է լավն ընդօրինակելու բնազդը: Օրինակ՝ Գյումրիի ունկնդիրը բացառիկ է: Նրանք երբեմն այնպիսի մեկնաբանություններ կարող են անել, որ անգամ հանկարծակիի կգաս՝ որտեղի՞ց եկավ այդ խոր ըմբռնումը: Դա արվեստը հասկանալու մեր ժողովրդի բնազդն է. այլ կերպ չեմ կարող բացատրել: Դա պետք է արթնացնել, պետք է օրինակ ծառայել: Շատ գործ կա անելու, բայց, վստահեցնում եմ, որ դա դժվար չէ: Պարզապես արժեքների ներկայիս համակարգը (եթե դրանք ընդհանրապես կարելի է արժեք համարել) կենսակերպի է վերածվել:
-Ինչ-որ տեղ նաեւ՝ «իմիջի», ընդօրինակման կերպարի, թերեւս:
-Այո՛, բայց շատ արագ կարելի է այս ամենը շտկել: Եվ առաջին հերթին անհրաժեշտ է, որ իշխանությունն ինքը դրանով լրջորեն զբաղվի: Այսինքն՝ իշխանավորները պետք է հաճախեն համերգասրահներ, պետք է պետականորեն ուշադրություն դարձվի մշակույթի խնդիրներին, եւ ես լիահույս եմ, որ դա կլինի:
-Համաշխարհային ռոք աստղ Սերժ Թանկյանն Ապրիլյան քառօրյայից հետո Արցախին նվիրված մի երգ գրեց, որի եզրափակիչ տողերն էին՝ «Մենք պիտի հաղթենք մշակույթով…»: Ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող Արցախի մասին այս երգում նման տողերը շատ խորհրդանշական են:
-Պետք է ասեմ՝ իմ այս վերջին այցելության ընթացքում զգացի, որ արցախցին ինքնարտահայտվելու խնդիր ունի: Այսպիսի՜ հաղթանակ կռած ժողովուրդը ինքնարտահայտման բարդույթ ունի: Դա կարեւոր խնդիր է, եւ այնպես, ինչպես մեր պապենական հողերն են ազատագրվել, արցախցին այդ բարդույթից պետք է ազատագրվի:
-Ինչպե՞ս պետք է դա լինի: Եվ մշակույթի դերն այստեղ արդյոք առաջնայի՞ն է:
-Մշակույթի համար պետք է հող նախապատրաստել, իսկ այդ հողը առաջին հերթին արժանապատվությունն է: Մեզ բոլորիս առաջին հերթին արժանապատվություն է պետք, արժանապատվություն՝ ամենաբարձր մակարդակով: Այո՛, մենք փոքրաթիվ ենք, շատ մեծ բնական պաշարներ ունեցող երկիր չենք, բայց մեզ հետ պետք է հաշվի նստեն: Սա մենք ապացուցել ու ապացուցում ենք: Վերջերս լսեցի մեր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գնահատականը Գյումրիի ռուսական ռազմաբազայի հետ կապված վերջին դեպքերի առիթով: Գիտե՞ք՝ դա ինչ էր ինձ համար… Ակամա ոտքի կանգնեցի, երբ նա խոսում էր: Ինձ գոնե պետական այրի նման արժանապատիվ կեցվածքն անչափ օգնում է, եւ մենք բոլորս դրա կարիքը շատ ունենք:
Ինձ համար շատ բան է փոխվել մեր երկրում: Սա մեծ նվեր էր բոլորիս: Ես միշտ ասում էի, որ այլեւս հնարավոր չէ այսպես, որ պետք է մի բան փոխվի, բայց որ դա ինքս կտեսնեմ, չէի հավատում: Հիմա արդեն գլուխս բարձր եմ շրջում իմ երկրում: Երբ արցախցիներն էլ զգան, որ մի շատ կարեւոր բան է փոխվել իրենց կյանքում, որ իրենց ձայնը որոշիչ է, դա ինքնին մեծ խթան կլինի ոչ միայն մշակույթի, այլեւ բոլոր ոլորտների զարգացման համար:
Այդ պահին տիկին Պապյանի հայացքը պատուհանից դուրս ինչ-որ բան որսաց. ժպտալով պատուհանից նայում էր. «Սիրիահայ երիտասարդների խումբ է»,- ասաց. հայացքից ջերմություն էր հորդում:
-Երբ այստեղ եմ լինում, հաճախակի տաքսի եմ նստում ու գնում եմ սիրիահայերի շուկան… օճառ գնելու,- նուրբ ժպտում է,- իսկ իրականում՝ ուղղակի տեսնելու, լսելու, շփվելու այդ ազնիվ, մաքուր, աշխատասեր մարդկանց հետ: Սիրիահայ վարսավիր ունեմ: Բավականին երկար ճանապարհ եմ կտրում՝ նրա մոտ հասնելու համար, բայց դա կարեւոր չէ: Նրանք բոլորովին ուրիշ մշակույթ բերեցին իրենց հետ: Շատ եմ ափսոսում, որ ոմանք այլ երկրներ մեկնեցին՝ չկարողանալով այստեղ հաստատվել…Հուսամ, մի օր այս խնդիրն էլ կլուծվի:
-Տիկին Պապյան, անդրադառնալով օպերային արվեստին. չէ՞ որ այն որոշակի պատրաստվածություն է պահանջում հանդիսատեսից:
-Այո՛: Արվեստի ընկալումն ընդհանրապես որոշակի գիտելիքներ պահանջում է՝ անկախ անհատի ներհայեցողական ընկալումից: Գերմանիայի դպրոցներում բոլոր աշակերտները պարտադիր որեւէ դասական գործիքի են տիրապետում՝ ֆլեյտա, սրինգ, կիթառ կամ մեկ այլ գործիք՝ աշակերտի ընտրությամբ: Այս կերպ նաեւ հանդիսատես է կրթվում: Գերմանացիները ամեն կիրակի օր ընտանիքով թանգարաններ են այցելում: Մինչեւ տասնութ տարեկանների համար մուտքն անվճար է: Եթե մեզ մոտ 4 երեխա ունեցող ընտանիքը ցանկանա թանգարան գնալ, բավականին թանկ կարժենա: Գերմանացիների մոտ այդ պետական աջակցությունը կա:
Ես անունները չգիտեմ, չեմ էլ ուզում հիշել, բայց համացանցում միլիոնավոր հավանումներ ունեցող այսպես կոչված «երգիչները» այս իմաստով ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում… Գյումրիի թատրոնում մի բեմադրություն դիտեցի՝ «Հարսանիք թիկունքում»: Սերիալը նույնությամբ տեղափոխել էին թատրոնի բեմ: Բեմադրության առաջին մասում առնվազն հինգ անգամ սուրճ բերեցին. «Կոֆե դնենք, կոֆե խմենք»: Իսկ երկրորդ մասն արդեն նուրբ լարերի վրա խաղալու անհաջող փորձ էր: Անձամբ ես ուզում եմ թատրոն գնալ, որպեսզի մոռանամ մեր կենցաղը: Բայց չեմ ուզում տեսնել մեր ազգի ողբերգության վերարտադրությունը բեմում: Ի՞նչ անեմ այս պարագայում. լա՞ց լինեմ: Ես չե՛մ ուզում լաց լինել:
Մեզ մոտ էլ սա պետք է պատվի հարց լինի, քանի որ ինչ երաժշտւթյուն լսում ես, ինչպիսի արվեստի գործ դիտում կամ կարդում ես, այդպիսի մարդ ես: Սակայն հուսադրող բաներ էլ եմ տեսնում: Մի տարի առաջ այստեղ համերգ ունեցա, եւ երեք շաբաթ առաջ արդեն բոլոր տոմսերը գնվել էին, եւ հանդիսատեսի մի մասը աստիճանների վրա նստած էր լսում: Այսնինքն՝ կա՛ այդ ունկնդիրը, նայած՝ ինչ ես առաջարկում: Պետք է խաղացանկը փոխվի, պետք է նաեւ համընթաց քայլենք ժողովրդի հետ: Քարը քարին դնելով՝ բարձրացնենք մեր մշակույթը: Եվ կարեւորը՝ նշաձողը պետք է շատ բարձր պահենք: Մեր առջեւ պետք է շատ մեծ, բարձր խնդիրներ դնենք եւ հասնենք դրանց: Եվ դրա բոլոր հիմքերը կան:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Հոգևոր-մշակութային