ՀԱՄԱՆՎԱԳ
Հսկա ընկուզենիներով օղակված փողոցը մեկեն հետեւում է թողնում մայրաքաղաքի տապն ու փոշին: Ծառերն այնքան մեծ են ու սաղարթախիտ, որ փողոցի կենտրոնում ճյուղերով հպվում են իրար, ծածկում թիկունքում ծվարած տները: Ընկուզենիների մոտ, սյուների վրա մեկական թռչնաբույն կա, մեջը՝ մեծ, սպիտակ արագիլներ` կողք կողքի շարված հուլիսյան բարկ արեւի տակ: …Պատկերն ինձ տանում է անցյալ` մի ուրիշ հուլիսյան կեսօր:
«-Կակո՛, ալուչայի կողը պոպոքի շիվ եմ տնկի:
-Բեյնդ ինչ բրթելի, անես ես, խարցուցել չկա: Պոպոքը տկի տուսը տնկես, որ ճռչանա, արմատներով խողը պնդեցուցի, ճյուղերով օջախը պաշտպանի: Պոպոքի ծառը կռել չի կարելի, տկի քոքը մնա խողի մեջ: Պոպոքի ծառը կռելը արագիլի պոնը քանդելու պես պան ի, մեղք ի:
-Արագիլի պոնը քանդելն ինչի՞ ի մեղք, կակո՛:
-Արագիլը մե անգամ ի ընտանիք կազմելի, մե անգամ ի պոն շինելի ու էդ պոնի մեջ էլ խատնելի: Մարդ չի` վարտեղ մի կտոր խաց թալես տեմը, դաղան յուրտը քցի: Արագիլի պոնը քանդիր, մե քանի օր կապրի ու կխատնի…»:
… -Անահիտ նանա՞ն: Ճաչնասեմ, Անահիտ նանային վա՞վ չի ճաչնալի,- տղամարդու խռպոտ, արեւախանձ ձայնն ինձ վերադարձնում է իրականություն,- փողոցը պրծավ, մե խանութ կա, կողը՝ արագիլի պոն, տեմի տունը Անահիտ նանայի տունն ի:
Խոյեցիները մայրիկին նանա են ասում. ինձ մի պահ թվում է` հորեղբորս հետ զրույցն է շարունակվում Խոյի բարբառով: Մենք որոնում ենք 90-ամյա Անահիտ մայրիկի տունը: Նրա Արմեն որդին չորս զավակ ունի, չորսն էլ զինվորական համազգեստ են կրում…:
-Պարով, խազար պարի եկա՜ք:- Մեքենայի միջից ես լսում եմ Անահիտ նանայի ձայնը: Ժպիտը տաք է, աչքերը՝ լուսավոր, ինքը՝ ձիգ: Գլխին ծաղկավոր գլխաշոր կա: Ափով դեմքը ծածկել է արեւից ու ժպտում է հազար տարվա ծանոթի պես:
-Պարեւ, Անահիտ նանա, իշթար ես,- ասում եմ նրա հանգով ու գրկում տատիկի ուսերը:
-Խոյեցի՞ ես,- հարցնում է ոգեւորված:
-Խա,- պատասխանում եմ, ու մենք նորից ենք գրկվում այս անգամ ավելի ամուր ու ջերմ:
Բակում խաղողի վազերը բարձրացել են ու կանաչ տանիք են կապել ինքնաշեն ճոճի, սեղանի ու փայտե փոքրիկ աթոռների վրա: Դեմ-դիմաց երեւում է արագիլների «չորսհոգանոց» ընտանիքը:
-Էս բույնը ե՞րբ են սարքել, նանա,- հարցնում եմ՝ տեղավորվելով դիմացի աթոռին:
-30 տարի կլինի,- ասում է Անահիտ մայրիկը, ու ես չեմ հավատում լսածիս:
-Ձագերից մեկն է մնում էն բնում, որտեղ ծնվել են: Մյուսները զույգ են կազմում ու հեռանում են` նոր բույն սարքելու: Բնից թանկ բան չկա աշխարհում: Էդ ես եմ քեզ ասում, գաղթական Կեւոյի աղջիկը…
Հանկարծ ես մտածում եմ, որ տատս մոտավորապես Անահիտ նանայի տարիքին կլիներ, եթե ողջ լիներ: Գուցե Խոյի Սալմաստ գավառում իմ Գայանե տատը ու Անահիտ նանան…
Ես ճիգով հավաքում եմ ցաքուցիր մտքերս անցյալից ու պատրաստվում Անահիտ նանայի հիշողության արահետներով գնալ մեկ ուրիշ անցյալ, որից սկիզբ է առնում զինվորական համազգեստ կրող չորս եղբայրների` Գեւորգի, Սեւակի, Մհերի ու Նարեկի պատմությունը:
-Որտեղի՞ց սկսեմ,- հարցնում է Անահիտ նանան:- Խոյից Իգդիր, Իգդիրից Քարաշամբ, Քարաշամբից Ոսկեվազ…
-Հորեղբայրս ասում էր` մարդուն որտեղ մի կտոր հաց տաս այնտեղ յուրտը կգցի:
Նանան հանկարծ տխրում է, դանդաղ փակում է աչքերն ու օրորում գլուխը. ասես ինչ-որ բան է ուզում հիշել:
-Քանի անգամ հայրս, ընտանիքն առած, վերադարձավ Իգդիր` իր տունը: Երբ աշխարհը մի քիչ խաղաղվում էր, մենք գնում էինք տուն: Հետո թուրքերն էլի վրա էին տալիս, ու էլի գիշերով փախչում էինք տնից, գալիս Ոսկեվազ: Վերջին անգամ հրաշքով փրկվեցինք: Թուրքի զորքը կտրել էր ճամփան: Հերս ասում էր` եթե երեխան լացի, բոլորիս կկոտորեն: Մայրս կուրծքը դրել էր երեխայի բերանը ու հայացքը չէր կտրում փոքրիկից: Վերջին անգամ Արազն անցանք գիշերով… Հերս ասում էր` երկիր պիտի զորք ունենա, ամեն ընտանիք զորքում գոնե մի զավակ` զենքը ձեռքին: Ու էդ որդին պիտի լինի քո ապրելու իրավունքը
Հերս ինձ էր ասում, ես թոռներիս եմ ասել: Էնքան ասեցի, որ մեկի փոխարեն չորս զինվոր ունեցա զորքում: Ես չորս անգամ ապրելու իրավունք ունեմ,- Անահիտ նանան ծիծաղում է մանրիկ, բայց հանկարծ ստվեր է անցնում դեմքով.
-Գաղթական Կեւոյի ականջը կանչի:
Հետո Նանան ճիշտ խոյեցիների նման բացած ափերը պարզում է վեր ու նայում երկնքին. մենք այդպես ենք փառք տալիս Տիրոջը:
-Երբ ռուսի ու գերմանացու կռիվն սկսվեց, ես ուզում էի ռազմաճակատ գնալ, մայրս չթողեց: Թաքուն տաք, նոր թխած հաց էի տանում զինվորներին, մի օր հրամանատարը բռնեց: Ասեցի՝ զինվորին հաց տալը մատաղի պես սուրբ է, մեղքի տակ մի ընկեք… Նայեց-նայեց, հետո հայացքը փափկեց: Ժպտաց:
Զինվորին պիտի տաս: Իմ ու քո զինվոր չկա: Տղան համազգեստ հագավ, բոլորինս է:
-Մերոնք ասում են` զինվորը ամանաթ է: Փոքր ժամանակ եմ լսել էդ բառը: Մեր գյուղում զորամաս կար: Երբեմն զինվորները իջնում էին գյուղ, հյուրընկալվում գյուղացիների տներում: Մերոնք ասում էին իրենց երեխաներին` ծիրանի ծառը վտանգավոր է, վրան լիքը չոր ճյուղեր կան, մի թողեք Վանյան բարձրանա ծառը, հանկարծ կընկնի, Վանյան ամանաթ է, դուք բարձրացեք, Վանյայի համար դույլով ծիրան քաղեք:
-Վանյան ո՞վ է, Նանան հուշի փեշից բռնած՝ գնացել է անցյալ:
-Վանյան՝ ռուս զինվորը:
Նանան գլխով է անում:
-Զինվորն է ամանաթ, մեկ էլ որբը: Ես հինգ որբ եմ պահել: Երբ ամուսնացա Գրիգորի հետ, նրա միլիցապետ հորը արդեն աքսորել էին, մայրն էլ մահացել էր` որբ թողնելով չորս երեխաներին: Գրիգորը մեծն էր` 18 տարեկան: Ես` 16 էի էդ ժամանակ: Հետո ամուսնուս հորքուրը մահացավ: Մի օր Գրիգորը եկավ, խեղճացած, վիզը ծուռ կանգնեց դիմացս ու կմկմալով ասաց.
-Անահի՛տ, հորքուրիս երեխեքը ո՞նց են ապրելու մենակ, ախր շատ փոքր են:
Ասեցի.
-Գնա բեր, ես կպահեմ: Դարձան հինգ երեխա: Տասը երեխա էլ ես ունեցա: Առաջին պատառը որբերին եմ տվել, էս լույսը վկա, առաջինը որբերի համար եմ տուն սարքել:
Մի ամանաթ էլ տղաս` Արմենը պահեց: Աղջիկս շատ շուտ հեռացավ կյանքից: Տղաս ու հարսս տուն բերեցին նրա մանկահասակ երեխային՝ Ալլային: Հիմա չորս զինվորի քույր է: Հարսիս մամա է ասում: Մի քանի օր առաջ մեծ հարսանիք արեցինք` 300 հոգով` ծանոթ-բարեկամով, հարազատ-հարեւանով: Իմ վերջին վարձքն էր…
-Վարձքդ ի կատար,- ասում եմ: Նանան ժպտում է գոհ:
-Իսկական խոյեցի ես,- ու մեծ, փշփշոտ, տաք ափը դնում է ձեռքիս:
-Աստծուց աշխարհի չափ գոհ եմ: Իր օրհնանքը մանանայի պես թափել է գլխիս: Սեւակս ռազմական համալսարանն ավարտեց: Հրամանատար է, իր զինվորների հետ սահման է պահում: Իսկակա՛ն հրամանատար է՝ լուրջ, հանգիստ, խելացի: Մի օր լսեմ՝ Արմենը տղային ասում է՝ եթե զինվորին մատով կպչես, եթե մի կոպիտ խոսք ասես, ինձ ես վիրավորում…
Մհերս «Փոքր Մհերն» ավարտեց: Մհերիս չես տեսել՝ թիկունքը էս դռնից չի մտնի, բիլակը պինդ, ձիգ տղա է: Ուզում էր Ռազմական համալսարան ընդունվել: Էրեխիս չընդունեցին, ասեցին՝ առողջական խնդիր ունես: Ոնց էր նեղվել: Ասեց՝ մեկ է, ես սահման եմ պահելու: Ո՞նց, իմ տարեկիցները գնան սահման պահեն, ես մնամ տա՞նը: Հրամանատարը հարցրել էր՝ քանի՞ հատ ժիմ կանես, ասել էր՝ մինչեւ հոգնեք հաշվելուց: Հիմա սահմանին է:
Նարեկս «Մոնթե Մելքոնյանն» ավարտեց: Երկու օր առաջ տարան բանակ: Արմենը բանակ ճանապարհելուց առաջ Նարեկին ասեց՝ էս երեք խորհուրդս չմոռանաս՝ ոչ մեկին չհայհոյես, ոչ մեկի հետեւից չբամբասես, ուժդ ու հացդ կկիսես ընկերոջդ հետ, հոգսդ կպահես քեզ:
-Նարեկին լուսանկարել ենք զորահավաքակայանում:
-Գեւորգս ախպերների մեծն է: Երկու տարի սահման պահեց, հետո եկավ, սկսեց ծառայել ներքին զորքերում: Անընդհատ ասում էր՝ պոստերը կարոտել եմ: Հետո դիմում գրեց, որ իրեն սահման տանեն: Ասել էին` քո երեք եղբայրները զինծառայող են, դու Երեւանում մնալու իրավունք ունես, ասել էր՝ չէ՛, ինձ տարեք իմ պոստերը…
Անահիտ նանայի դեմքը փայլում է, աչքերում անթաքույց խինդ ու հպարտություն կա:
-Հպարտանալու տեղ ունեք, նանա՛, -ասում եմ ընդգծված գորովանքով: Ժպտում է լայնաշուրթ, ուղղում է մեջքն ու խոր շունչ քաշում:
-Քո ընտանիքը քո պատիվն է,- ասում է, հետո ձեռքով կանչում որդուն: Արմենը գալիս, հնազանդ նստում է 90-ամյա մոր կողքին:
-Մարդիկ տղայիս ասում են` Արմեն, փափախդ թեք դիր, չորս ասլան տղա ունես՝ չորս սահմանապահ…
Հերթով կպսակեմ: Չորս տղա՝ չորս նոր օջախ Ոսկեվազ գյուղում: Թուրքի զորքից փրկված գաղթական Կեւոն…
….Քամին խաղում է տերեւների հետ, ու արեւը թրթռուն պատկերներ է նկարում սեղանի դարչնագույնին, նանայի խորակոս կնճիռների ու ծաղկանկար գլխաշորի վրա: Ես ակամա նայում եմ վեր: Հսկա ընկուզենին գրկել է ցանկապատն ու ծանրումեծ տարածել ճյուղերը: Արագիլները շատացել են, հազիվ են տեղավորվում բնի մեջ: Երկուսը մեծ են, երեքը՝ փոքր: Փոքրերը շուտով կթռչեն ու նոր բներ կշինեն ինչ-որ մեկի տան ցանկապատի կողքին` դարավոր ընկուզենիների մոտ…
-Թող Տերը զինվորին քաղցր աչքով նայի:
Նանայի ձայնը աննկատ ձուլվում է օրվա համանվագին…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Բանակ և հասարակություն