Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ



ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆՆարեկ Վարդանյան.

տանկի նշանառու օպերատոր

 

Մի քանի ժամից տուն եմ ճանապարհվելու: Իմ ծառայության վերջին օրն է: Քնել չեմ կարողանում: Քանի անգամ եմ պատկերացրել այս օրը, քանի անգամ եմ մտովի դուրս եկել զորանոցից, հրաժեշտ տվել հրամանատարներիս, վերջին անգամ քայլել շարահրապարակով… Բայց այսօր չեմ ուզում գիշերն ավարտվի՝ պառկել եմ իմ զինվորական մահճակալին ու տնտղում եմ շուրջս: Ամեն մանրուք լավ «տեղավորում» եմ հիշողությանս մեջ՝ հանկարծ ինչ-որ բան չմոռանամ:

 

Վերկացի ազդանշանին դեռ կես ժամ կա: Իսկ ես արդեն սափրվում եմ, լվացվում: Նայում եմ ինձ հայելու մեջ. ուրիշ եմ, փոխվել եմ: Հետո մաքրում եմ կոշիկներս:  «Զինվորական բատինկան պետք է հայելու պես փայլի»,-միշտ կրկնում է հրամանատարս: Ուրեմն պետք է էլի շփեմ: Այ, հիմա փայլում է… Հագնում եմ համազգեստս: Այն իմ մտահոգությունների, իմ տագնապների, իմ ուրախությունների վկան է: Ինչերի՜ միջով ասես, որ չենք անցել: Ամրացնում եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանը, սերժանտի տարբերանշանը, որ զորամիավորման հրամանատարի տեղակալն անձամբ է ինձ հանձնել: Ռազմական տեսչության հանձնաժողովի հանկարծակի ստուգումներ էին: Տանկի մեր անձնակազմը կրակային բարդ խնդիր ստացավ: Գլխավոր ռազմական տեսուչի, հրամանատարության, զինվորների ու սպաների՝ բոլորի հայացքները մեզ էին ուղղված, բոլորը սպասում էին այդ կրակոցին:  Տանկը պոկվեց տեղից: Եվ ես 16-րդ վայրկյանին խոցեցի թիրախը: Ոգեւորությունից տեղիցս այնպես վեր թռա, որ քիթս խփեցի դիտասարքին… Ցավ չզգացի. երջանիկ էի:

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ…Մի քանի ժամից տուն կճանապարհվեմ: Տղաները զորանոցում են՝ եկել են հրաժեշտ տալու: Արամն է, Արմենը, Դավիթը, Կարենը: Կատակում են, սրամտում: Լսում եմ ու միաժամանակ հիշում ձմռան այն ցուրտ օրը,  երբ տանկը խրվեց ցեխի մեջ, եւ մենք այն ճոպանով ձգեցինք ու հանեցինք: Գուցե հենց այդ պահին մեր ընկերությունն  այսպես ամրացավ:

…Վերջին անգամ տողանի եմ կանգնում: Շարահրապարակով մեկ հնչում է անուն-ազգանունս: Զինվորական քայլքով մոտենում եմ զորամասի հրամանատարին: Փոխգնդապետ Արմեն Մաթեւոսյանն ամուր սեղմում է ձեռքս: Ուրախ-ուրախ վերցնում եմ զինգրքույկս…

…Աչքիս առաջ է գալիս գիշերային հրաձգությունը սարերում: Ընդամենը յոթ ամսվա ծառայող էի,  երբեք գիշերը տանկ չէի աշխատացրել: Ստուգողական վարժությունից հետո հրամանատարը մեզ անմիջապես իր մոտ կանչեց: «Հաստատ լավ չենք կրակել»,-մտահոգվեցի: «Ապրե՛ք,-փոխգնդապետը թեթեւակի ժպտաց, ապա կարգադրեց,-տեղավորվեք իմ մեքենայում»: Ճանապարհին խանութ մտավ եւ դուրս եկավ քաղցրավենիքի մեծ տոպրակներով. մինուս քսանհինգ աստիճան ցուրտը մեկեն ցրվեց:

Փոխգնդապետ Մաթեւոսյանը իր սիրով, իր արդարամտությամբ, զինվորին խրախուսելու իր բնավորությամբ մեզ ստիպեց լավ ծառայել: Շնորհակալ եմ, հրամանատա՛ր:

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ-Դեպի հայրական օջախներ, քայլով մարշ,-հնչում է հրահանգը:

Զորամասից դուրս եմ գալիս: Եվ մի մեծ կարոտ կծկվում, մնում է մեջս… Իմ տանկը լավ կպահեք, տղե՛րք:

Մեր բակում եմ: Մամայի համար ծաղիկներ եմ ընտրում: Վարդեր շատ է սիրում:  Այ, էս փունջը կվերցնեմ: Նրա ժպիտը հեռվից եմ նկատում:  Վազում եմ… վազում… վազում… Ամուր գրկում եմ… Դու աշխարհում ամենալավն ես, ամենաբարին ես, ամենասիրունն ես, մայրի՛կ: Աստիճաններով բարձրանում ենք: Դուռը բացվում է, բոլոր հարազատներս այստեղ են: Դե, ինչ, տոնական տորթը կտրելու ժամանակն է:

Զինկոմիսարիատում եմ: Ինձ շնորհավորում են, ապա հարցաթերթիկ մեկնում: Պետք է գնահատեմ ծառայությունս: «Գո՞հ եք սննդի որակից». նորից զորամաս եմ տեղափոխվում, հիշում լոբով ու կարտոֆիլով աղցանը: Ի՜նչ համեղ էր… Գո՛հ եմ:

…Կապիտանը կնքում է զինգրքույկս՝ զորացրված եմ պահեստազոր: Պահեստազոր… Չէ՛, իմ սրտով չէ. ընտրելու եմ սպայի մասնագիտությունը:

Գրի առավ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Ֆոտոպատմությունը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


02/08/2018