Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵ՛Ր ՀԵՐԹՆ Է ՀԻՄԱ…



ՄԵ՛Ր ՀԵՐԹՆ Է ՀԻՄԱ...Զորակոչի նախապատրաստական եւ իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով՝ անձնակազմի հետ աշխատելու փորձ ու մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիկների ընդունման, տեղակայման  ու ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձեւավորվել են խմբեր:

 

Պաշտպանության բանակի գումարտակներից մեկում ենք: Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Լալայանն ու վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Իսաբեկ Գաբրիելյանը դիմավորում են նորակոչիկների հերթական խմբին: Անհատական զրուցում են բոլորի հետ անխտիր, հետաքրքրվում՝ ինչ խնդիրներ ունեն, ինչ մտահոգություններ. տարբեր խառնվածքի, տարբեր մտածելակերպի, տարբեր դաստիարակության ու  կրթական մակարդակների երիտասարդներ են, պետք է լավ ճանաչել նրանցից յուրաքանչյուրին:

Նոր զորակոչված տղաներն աստիճանաբար հարմարվում են զինվորական կյանքին՝ առավոտ վաղ արթնանալ, ճիշտ քայլել, ճիշտ կեցվածք, արդեն սովորել են համազգեստը, կոշիկը կրելու կանոններն ու նրբությունները…

ՄԵ՛Ր ՀԵՐԹՆ Է ՀԻՄԱ...Զինվորական կյանք է, ամեն ինչ կանոնակարգված՝ ուտել, քնել, հանգստանալ, պարապել ըստ զինվորական ժամանակացույցի:

Աջ դարձ, ձախ դարձ…, ու այսպես քայլ առ քայլ ավելի հղկված, հստակ է դառնում  նրանց յուրաքանչյուր շարժուձեւը,  այժմ բոլորովին չեն զիջում փորձառուներին:

Արդեն ծանոթացել են օրվա կարգացուցակին, զորամասի տարածքին, ու երբ նոր համալրում են բերում, իրենք արդեն քթի տակ ժպտալով մեկմեկու ասում են՝ «մալադոյներն եկան»:

Իսկ իրենցից առաջ եկածներն այս պահին  հրաձգարանում են՝ մինչեւ երդման արարողությունը դեռ պետք է կրակեն, քթներին առնեն վառոդի հոտը, ականջները վարժվի կրակոցի ձայնին: Զինվորանում են տղերքը…

 

 

♦♦♦

ՄԵ՛Ր ՀԵՐԹՆ Է ՀԻՄԱ...Զրուցում եմ ընդամենը մի քանի օր առաջ բանակ  զորակոչված տղաների ՝ մեր նորաթուխ զինվորների հետ: Հովհաննես Իսրայելյանը Շիրակի Ջրառատ գյուղից է:

-Զորամասում մեզ շատ լավ ընդունեցին, շատ անմիջական ու սրտաբաց: Երկու տարի այստեղ ենք ծառայելու, պետք է շուտ հարմարվենք:

-Արդեն ընտելացել եմ,- ասում է նորխարբերդցի Նորայր Մկրտչյանը: -Դժվարությունները տղաների համար են, կհաղթահարենք. կյանքում ինչն է հեշտ որ:

Նարեկ Դադալյանի համար էլ զինվորական կյանքը անծանոթ չէ.

ՄԵ՛Ր ՀԵՐԹՆ Է ՀԻՄԱ...«Աչք եմ բացել, համազգեստ տեսել: Հայրս զինվորական է, մասնակցել է Արցախյան պատերազմին, ապրիլյան դեպքերին: Արցախյան կռվի ժամանակ քեռիս՝ Կարեն Դադամյանն է զոհվել: Զինվորի համազգեստը մեծ պատասխանատվությամբ եմ  կրում: Չի բացառվում, որ հետագայում զինվորականի ճանապարհն ընտրեմ:

-Իմ հայրն էլ է Արցախյան պատերազմի մասնակից,- զրույցին միանում է Գեւորգ Մելքոնյանը (Մարտունի) հիմա ծառայում  եմ այնտեղ, որտեղ հայրս տարիներ առաջ իր մարտական ընկերների հետ կռվել է  ու մի լավ դաս տվել թշնամուն: Կծառայեմ պատվով ու ամուր կպահեմ հորս, նրա մարտական ընկերների  եւ ինձնից առաջ ինձ նման ծառայած զինվոր տղերքի ամուր պահած հողը… Մեր հերթն է հիմա…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Ազգային բանակ


02/08/2018