Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԿՈՒՌՔ ԴԱՐՁՆԵԼԸ



ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԿՈՒՌՔ ԴԱՐՁՆԵԼԸԱդրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: Մոզերը այդ առիթով երգիծական «զեկույց» է ներկայացրել իր բլոգում, որի սկիզբն այս է. «Նախքան Ադրբեջան գնալը ես չգիտեի Հեյդար Ալիևին։ Բայց հետո, երկրորդ օրն արդեն ձանձրացել էի նրանից… Անկախ այն բանից՝ ուզում եք, թե ոչ, Հեյդար Ալիևը կլինի ձեր ընկերակիցը և մշտական ուղեկիցը Ադրբեջանում։ Երբ թռչում եք Բաքու, դուք ժամանում եք Հեյդար Ալիևի օդանավակայան: Երբ գալիս եք գնացքով, դուք ճամփորդում եք Հեյդար Ալիևի ճեպընթացով, իջնում եք Հեյդար Ալիևի անվան կայարանում, քայլում Հեյդար Ալիևի զբոսայգով դեպի Հեյդար Ալիևի անվան հրապարակ, անցնում Հեյդար Ալիևի հիմնադրամների, Հեյդար Ալիևի դպրոցների  և Հեյդար Ալիևի համալսարանների կողքով։ Եթե ուզում եք հանգստանալ Հեյդար Ալիևից և նախընտրում եք ավտոմեքենայով ճամփորդել Ադրբեջանով, միևնույն է, դուք բոլոր խաչմերուկներում, բոլոր շրջադարձներում, բոլոր շրջանցիկ ճանապարհներին կտեսնեք նախկին նախագահի լուսանկարները»։

Մոզերն այցելել է զբոսայգի, բնականաբար, Հեյդար Ալիևի անվան, որն «ավելի մեծ է, քան որոշ անկախ երկրներ… Երբ դու քայլում ես աշխարհի ամենալայն փողոցով (12-գծանի), տասը րոպե հետո հասնում ես ավտոկայանատեղի` այնքան մեծ, որ Ադրբեջանի բոլոր մեքենաները միաժամանակ կարող են կայանել այդտեղ։ Սակայն այն դատարկ է։ Քաղաքի հրապարակները նույնպես չափազանց մեծ են, սակայն այստեղ հյուսիսկորեական մակարդակի վեհության մոլուցք է տիրում… Հենց որ դուք անցնեք Ալիևի անվան «Հաղթական» կամարի տակով (այնքան մեծ, ինչպես Փարիզում), որը իրական մուտքն է, դուք պետք է ևս մոտ 2 կիլոմետր քայլեք` մինչև Հեյդար Ալիևի թանգարան հասնելը։ Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ ստիպված էին քայլել թագավորական պալատի երկար սրահով, նախքան թագավորի հետ հանդիպելը»։

Հատելով զբոսայգին և անցնելով հավաքարարների ու «քերողների»՝ «մաքրող մոլագարների» մի ամբողջ բանակի միջով, Մոզերը հայտնվել է «մեծ առաջնորդի» չափազանց մեծ արձանի մոտ, որի վրա ոսկե տառերով փորագրված է նրա անունը,  և որը տեղադրված էր Հեյդար Ալիևի  թանգարանի դիմաց։ Մոզերը բացահայտել է, որ «թանգարանը երեք հարկանի է, ապակե գմբեթով, կառուցված մարմարից ու ոսկուց: Բռնապետին բնորոշ անճաշակություն։ Եթե դուք երբևիցե այցելել եք Քադաֆիներին, Հուսեիններին, ապա ծանոթ եք դրան։ Ես միակ այցելուն էի, և այդ փաստը այնքան էր զարմացրել գրասեղանի մոտ նստած մարդուն, որ նա անջատեց իր Յութուբի տեսահոլովակը, ցատկեց տեղից և սկսեց հետևել իմ ամեն մի քայլին` 4-5 մետր հեռավորության վրա, և ամեն անգամ, երբ նայում էի նրան, նա նայում էր իր հեռախոսին։ Մենք երկուսով էինք ամբողջ շենքում»։

Թեև Հեյդար Ալիևի թանգարանի հսկայական շենքը շատ տպավորիչ է, սակայն թանգարանը միայն «Հեյդար Ալիևի կյանքի մասին պատմող տասնյակ ցուցադրություններ ունի` հարյուրավոր լուսանկարներով։ Մի քանի գրքեր կան՝ նրա մասին և նրա հեղինակած, որոնք պաշտպանված են ապակիներով: Հսկայական հեռուստաէկրաններով ցուցադրում են նրա կենսագրական լուսանկարները…»։ Մոզերը նաև «տպավորվել էր» Հեյդար Ալիևի լուսանկարների մեծ հավաքածուով. «Հեյդար Ալիևը դաշտում` հողագործների հետ, Հեյդար Ալիևը՝ զինվորների հետ, Հեյդար Ալիևը՝ երեխաների հետ, Հեյդար Ալիևը՝ որպես հնագետ, Հեյդար Ալիևը՝ ձմերուկով, Հեյդար Ալիևը՝ բազմամարդ շուկայում»։

Մոզերը ներկայացրել է Հեյդար Ալիևի կենսագրականը` վկայակոչելով մրցանակակիր լեհ լրագրող Ռիշարդ Կապուսինսկուն, որը գրել է. «Սկզբում Հեյդար Ալիևը ԿԳԲ-ի ղեկավարն էր Ադրբեջանում, իսկ հետո` յոթանասունականներին՝ հանրապետության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը: Նա եղել է Բրեժնևի հետևորդը, որը նրան նշանակել էր ԽՍՀՄ փոխվարչապետ: 1987 թ. Գորբաչովը նրան հեռացրեց այդ պաշտոնից։ Հեյդար Ալիևը մաս էր կազմում Բրեժնևի շրջապատի, որն աչքի էր ընկնում կաշառակերությամբ, ամեն տեսակի շքեղության նախապատվությամբ և  համընդհանուր այլասերվածությամբ»։

Մոզերը նշել է, որ լեհ լրագրողի նկարագրությունը «կարող է լինել թանգարանի, իրականում` ամբողջ երկրի կարգախոսը։ Դեռեւս կոմունիզմի ժամանակ կոռուպցիոն գործունեությամբ հայտնի մարդու համար Ադրբեջանն իր նավթահանքերով պետք է, որ լիներ նրա երազանքների գագաթնակետը: Այսպիսով, զարմանալի չէ, որ Ալիևների ամբողջ ընտանիքին հանդիպում ենք Պանամայի հայտնի փաստաթղթերում (օֆշորային գաղտնի հաշիվներում)»։

Մոզերն իր հումորային հոդվածն ավարտել է` հիշելով Հեյդար Ալիևի զբոսայգիները Պոդգորիցայում, Չեռնոգորիայում, Թբիլիսիում, Ստամբուլում, Անկարայում, Բուխարեստում, Կիևում. «Հնարավոր է՝ շուտով ձեր հայրենի քաղաքում: Դրա համար դուք պարզապես պետք է խոսեք ձեր քաղաքային խորհրդի անդամների հետ, իսկ Ադրբեջանը կվճարի ամեն ինչի համար»։

Մոզերը Ադրբեջանն անվանել է «տարօրինակ երկիր, բայց գոնե ես այլևս ստիպված չեմ լինի այցելել Հյուսիսային Կորեա»:

Մոզերի հոդվածից զատ, Վիքիպեդիան մի ամբողջ բաժին ունի՝ «Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը» վերնագրով. «Ադրբեջանում յուրաքանչյուր մեծ ու փոքր քաղաք ունի փողոց Հեյդար Ալիևի անունով` ներառյալ մայրաքաղաք Բաքվի կենտրոնական պողոտաներից մեկը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում կա Հեյդար Ալիևի 60 թանգարան և կենտրոն»։

Ավելին, աշխարհի տասնյակից ավելի երկրներում կան Հեյդար Ալիևի արձանները: Այնուամենայնիվ, Ադրբեջանը Մեքսիկայի մայրաքաղաքում խայտառակվեց, երբ նրա խելամիտ քաղաքային խորհուրդը որոշեց հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձանը քաղաքի գլխավոր պողոտայում գտնվող զբոսայգուց, որը նորոգվել էր Ադրբեջանի միջոցներով։ «Իրավապաշտպանները դեմ էին արձանին և մատնանշում էին Հեյդար Ալիևի իշխանության բռնակալական բնույթը»,- հաղորդել է BBC News-ը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Տարածաշրջան


09/08/2018