ԲԱՐԵՎՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԻՑ
Շարունակվում է ամառային զորակոչը: Ընդամենը օրեր առաջ կենտրոնական հավաքակայանից տղաներին բարեմաղթանքներով ճանապարհեցինք վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասեր: Եվ ահա այդ առիթով մեկնում եմ հեռավոր զորամասերից մեկը:
ՀՕՊ զորամասում եմ: Հսկիչ-անցագրային կետում ինձ դիմավորեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Փայտյանը: Արցախյան պատերազմի բովում թրծված, ծնունդով հադրութցի այս զինվորականի անցած հետաքրքիր ու պատվավոր ուղու մասին կպատմենք «Հայ զինվորի» առաջիկա համարներից մեկում: Փոխգնդապետի հետ շրջելով զորամասի տարածքում` մոտեցանք բակի կենտրոնական հատվածում՝ մեծ ընկուզենու տակ շրջանաձև նստած զինվորներին:
-Ինչո՞վ են զբաղված,-ցածրաձայն հարցնում եմ փոխգնդապետին:
-Նորակոչիկների ու հին ծառայող զինվորների միջև հերթական վիկտորինան է. հարցերը հիմնականում պատմությունից են: Հետագայում նաև համազորային ծառայության վերաբերյալ հարցեր կավելանան: Օգտակար, հետաքրքիր ժամանց է տղաների համար:
-Հետաքրքիր է՝ ինչո՞վ են պարգևատրվելու հաղթողները:
-Աչքի ընկած հին զինվորները կխրախուսվեն լրացուցիչ արձակուրդով, իսկ նորակոչիկները, որ դեռ «կարանտինի» մեջ են, ազատ ժամանակով:
Չեմ ուզում խանգարել տղաներին, որոնց շրջանում լուրջ մրցություն է ծավալվել. ոչ ոք չի ուզում զիջել:
-Այս օրերին նորակոչիկների հետ հիմնականում ճանաչողական զրույցներ ենք անցկացնում,- ասաց փոխգնդապետը: -Գրառում ենք անձնական տվյալները, նորեկներին ծանոթացնում նոր միջավայրին և միմյանց հետ: Կապ ենք հաստատում զինվորների ու նրանց ծնողների միջև: Ծառայությանը հարմարվելու նախնական շրջանն է: Եթե ընտելանալու այս փուլը հեշտությամբ հաղթահարեցին, մնացածն արդեն շատ արագ ու հարթ կընթանա: Երդման արարողությունից հետո արդեն նորակոչիկները կտեղափոխվեն իրենց մշտական տեղակայման ստորաբաժանումները, ու կսկսվի նրանց բուն ծառայությունը:
Վիկտորինայի ընթացքին հետևում է նաև ՀՕՊ ստորաբաժանումների հոգևոր սպասավոր Ռոման սարկավագ Մարուքյանը: Մինչև նրա նշանակումը այս զորամասում, ժամանակ առ ժամանակ են այցելել հոգևորականները, իսկ հիմա արդեն այցելություններն ամենօրյա բնույթ են կրում:
-Զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալները և ես բոլոր նորակոչիկների հետ անհատական հանդիպումներ, զրույցներ ենք ունենում,- ասաց երիտասարդ հոգևորականը: -Զրույցներն օգնում են, որ արագանա նրանց շփվելու, ինքնադրսևորվելու գործընթացը: Երբ զինվորին վերաբերվում ես եղբոր պես, բնականաբար, նա ավելի է վստահում քեզ:
…Վերջապես պարզ դարձավ, որ վիկտորինայում հաղթել է նորակոչիկների թիմը: Նրանք ավելի ճիշտ ու արագ են պատասխանել հարցերին: «Լա՛վ հերթափոխ է,-ուրախ ասաց փոխգնդապետ Փայտյանը,- զարգացած, կազմակերպված տղաներ են»:
Վիկտորինայից հետո սարկավագը զինվորներին ուղեկցեց զորամասի մատուռ: Կիրակնօրյա մոմավառության արարողությունն է: Տղաներից ամեն մեկն իր մոմով ու իր խոհերով առանձնացավ աղոթքի:
Դրանից հետո արդեն կարող եմ ազատ զրուցել նրանց հետ:
Վարդան Արշակյանը Մարտունու շրջանից է:
-Երկրորդ օրն է, որ այս զորամասում եմ, կամաց-կամաց հարմարվում ենք, բայց, ամենակարևորը` զորամասում առողջ մթնոլորտ է:
Նարեկ Սանդոյանն էլ երևանցի է:
-Մինչև այստեղ գալս, ամեն ինչ ավելի բարդ էր թվում: Բայց արդեն համոզվում եմ, որ մտավախություններս իզուր էին:
Գաբոյան Հրաչը և Հարությունյան Ժորան «հայրենադարձներ» են: Հրաչը եկել է Վրաստանից՝ Սադախլուի Լյուբախ գյուղից, իսկ Ժորան՝ Ռուսաստանի Տուլա քաղաքից:
Հրաչի ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Վրաստան: Տասնութ տարի անց երիտասարդը որոշել է, որ պիտի վերադառնա հայրենիք՝ «պարտքը տալու»:
-Շատերն ասում էին` «Մի՛ գնա, ինչո՞ւ ես գնում»: Բայց ես վճռեցի. «Չէ՛, պիտի գնամ ու հենց մեր երկրի համար ծառայեմ, որովհետև հայ եմ»:
Ժորան վեց տարի Ռուսաստանում ապրելուց հետո ինքնակամ ներկայացել է զինկոմիսարիատ. «Եկել եմ ծառայելու»:
-Արթուրի հետ զրուցեք,- նորակոչիկներից Արթուր Թավուխչյանին մատնացույց արեց սերժանտ Վալերի Կարապետյանը,- հուլիսի 2-ից՝ հենց զորակոչի սկզբից, արդեն այս զորամասում է: Կենտրոնական հավաքակայանում նրան հարց են տվել. «Ի՞նչ տպավորություններ ունես», ասել է՝ «Դեռ չգիտեմ, գնամ զորամաս, հետո կպատասխանեմ»: Հիմա թող պատասխանի:
-Հա՛, արդեն կարող եմ ասել,- առաջ է գալիս վառվռուն, ժպտուն երիտասարդը: – Նոր, լավ ընկերներ ունեմ: Ոչ թե մեկ-երկուսի հետ, այլ բոլորի հետ եմ մտերիմ: Ու ասեմ, որ այս գործում շատ կարևոր է մեր սերժանտների վերաբերմունքը: Նրանք առաջին օրվանից հավասարության ու համախմբվածության սկզբունքներով են մեզ առաջնորդում: Ու սրանք պարզապես խոսքեր չեն. բոլոր նորակոչիկները զարմանում են, որ այսքան լավ հարաբերություններ են հաստատված զորամասում:
-Ձերոնցից ո՞ւմ կուզես բարևել:
-Առաջին հերթին՝ մորս` Կարինեին: Շատ էր մտահոգվում: Հիմա ուզում եմ վստահեցնել՝ բոլորովին մտածելու, անհանգստանալու բան չկա. ամեն ինչ շատ լավ է: Ու թող ոչ մեկի ծնողը չմտահոգվի: Մենք ա՜յ էսպես, ախպերներով շատ լավ ենք, միասնական:
Սերժանտ Վալերի Կարապետյանը, որն անընդհատ տղաների կողքին է, անթաքույց հպարտանում է իր «զորքով»: Ծնունդով Ստեփանակերտից է: Մեկ տարի է, ինչ ծառայում է այս զորամասում:
-Մեր նոր տղաները բոլորն էլ ֆիզիկապես շատ պինդ են, պատրաստված: Երկու մարզիկ ունենք՝ ըմբշամարտիկ: Զգալի է նաև նրանց ծառայելու մեծ ցանկությունը: Շատ ողջունելի է, որ մեր տղաներից երկուսը երկար տարիներ օտար ափերում ապրելով՝ հոգով հայ են մնացել և եկել են Հայրենիքին ծառայելու:
Տարբեր հոգեկերտվածքով, տարբեր ընտանեկան դաստիարակությամբ, մտածելակերպով զինվորներ ունենք, բայց տղաներն, իրոք, շատ համախմբված են: Նրանց բացատրում եմ նաև, որ պատասխանատվությունը շատ մեծ է. համալրելու են ՀՕՊ զորքը,- ասաց սերժանտը:
Այս խոսքերից հետո նա նորաթուխ զինվորների հետ մոտեցավ ձգաձողին. տղաներն իրենց ֆիզիկական պատրաստվածությունն են ցուցադրում` կատարելով ձգում վարժությունը:
-Տղանե՛ր, կուզե՞ք ինչ-որ մեկին մեր հանդեսի միջոցով բարևներ հաղորդել կամ գուցե սիրած աղջկան ասելու բա՞ն ունեք,- հարցրի՝ գրեթե վստահ, որ առանձին խոստովանություններ այսօր չեն լինի: Տղաներից շատերի դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվեց, փորձում էին ցույց չտալ շփոթմունքը: Յուրաքանչյուրը մտովի առանձնացավ իր մտապատկերում գծագրված ամենագեղեցիկ պատկերի հետ:
Այդպես էլ ոչինչ չասացին, իսկ ես, նրանց հրաժեշտ տալով, հաստատ որոշեցի, որ այս նյութի վերջում հատուկ կդիմեմ բոլոր այն աղջիկներին, որոնց սիրեցյալներն այժմ բանակում են. «Սիրելի՛ աղջիկներ, զինվոր տղաների համար ձեր սիրուց թանկ ու նվիրական բան այս աշխարհում չկա…»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Ազգային բանակ