Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հընթացս քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ ծրագրերը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եվ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին՝ երկու երկրների պաշտպանության նախարարները կարեւորել են փոխադարձ վստահության եվ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունները հետեւողական կյանքի կոչելը։ Դավիթ Տոնոյանը գործընկերոջը ներկայացրել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջեւանյան հատվածում տիրող իրավիճակը։ Իր հերթին, հայկական կողմի խնդրանքով, ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ եւ հումանիտար իրավիճակը։ Պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ Սիրիայի ժողովրդին համակողմանի մարդասիրական և մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Խոսելով  ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները կարեւորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։

Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։

Այցի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌԴ զինված ուժերի զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոնում  և հանդիպել կենտրոնի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բոչանցևի և Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի հետ: Մտքեր են փոխանակվել ռազմահայրենասիրական դաստիարակության և առողջ ապրելակերպի գործում երիտասարդների ներգրավման և մասնակցության փորձի  վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կենտրոնի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Մ. Գալստյանը խոսել է ռազմամարտավարական խաղերի զարգացման վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցելու ՀՀ-ում այս ոլորտի զարգացմանը:

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


16/08/2018