Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԻՆԾՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր»
թերթի հրատարակիչ և խմբագիր

ՇԻՆԾՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՎերջին հոդվածներից մեկում Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին նշել էի, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից…. Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնության խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում…»:
Թուրքիայի արտգործնախարարությունը անմիջապես հերքեց զեկույցում տեղ գտած փաստերը՝ կրոնական իրավունքների խախտումներն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»: Իսկ Էրդողանն անմիջապես հրամայեց իր օգնականներին համատեղ հայտարարություն պատրաստել Թուրքիայի բոլոր ոչ մահմեդական առաջնորդների ստորագրությամբ եւ պնդմամբ, որ իրենց կրոնական իրավունքները չեն խախտվում: Քանի որ ոչ մահմեդական առաջնորդները պատանդներ են Թուրքիայում, նրանց ոչինչ չէր մնում անելու, քան ստորագրել այդ դիմումը, որը նրանց համար պատրաստել էր թուրքական կառավարությունը:
Չնայած մեզ համար հեշտ է քննադատել ազգային փոքրամասնությունների առաջնորդներին՝ իրենց հանդեպ կիրառվող ճնշումները թաքցնելու համար, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանք ապրում են դաժան ռեժիմի ներքո. այս երկրում առանց վարանելու կարող են ձերբակալել և խոշտանգել ոչ միայն կրոնական առաջնորդներին, այլև նրանց համայնքի անդամներին: Մենք պետք է «գոհ» լինենք, որ նախագահ Էրդողանը, չնայած իր բռնապետական բնավորությանը, ցուցաբերել է բացառիկ «նրբազգացություն» իր երկրի դեմ արված մեղադրանքների նկատմամբ և գնահատել է ոչ մահմեդական առաջնորդների ստորագրած համատեղ հայտարարությունը՝ մտածելով, որ դա կօգնի Թուրքիային լավ երևալ միջազգային հանրության աչքին:
Այսպիսով, նախագահ Էրդողանի հրամանով Թուրքիայի 18 ոչ մահմեդական փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչները 2018 թ. հուլիսի 31-ին հնազանդորեն ստորագրել են համատեղ հայտարարություն:
Այդ շինծու հայտարարության մեջ նշված է. «Որպես դարեր շարունակ այս երկրում ապրող հնագույն համայնքների, տարբեր կրոնների և հավատքի խմբերի կրոնական ներկայացուցիչներ և հիմնադրամների տնօրեններ՝ մենք ազատ ապրում ենք մեր հավատքով ու ազատ դավանում ենք՝ համաձայն մեր ավանդույթների: Բռնաճնշումների մասին պնդումներ կամ ենթադրություններ պարունակող հայտարարությունները լիովին կեղծ են: Անցյալում մեր ունեցած մի շարք խնդիրներն ու հետապնդումները ժամանակի հետ գտել են իրենց լուծումը:Մենք մշտական կապի մեջ ենք մեր պետական հաստատությունների հետ, որոնք պատասխանում են մեր բարձրացրած հարցերին՝ բարի մտադրություններով և դրանք լուծելու ցանկությամբ: Մենք հանդես ենք գալիս այս համատեղ հայտարարությամբ գիտակցաբար՝ ելնելով հանրային կարծիքի ճիշտ իրազեկման պատասխանատվությունից»:
Ստորագրողների թվում էին՝ հունական ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, Թուրքիայի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսհակ Հալեվան, սիրիական համայնքի ղեկավար Մոր Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, Խալդյան համայնքի ղեկավար Ֆրանսուա Յաքանը, Թուրքիայի սիրիական կաթոլիկ եկեղեցու գլխավոր փոխանորդ, պատրիարք քորեպիսկոպոս Օրհան Չանլին, Գետիկփաշա հայկական բողոքական եկեղեցու և դավանության հիմնադրամի հոգևոր նախագահ, պատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, Բեյօղլուի սիրիական սբ. Կույս Մարիամ եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսին, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեռնար Սարիբեյը և այլք։ Այս ոչ մահմեդական 18 առաջնորդների համատեղ հայտարարությունը լայնորեն տարածվեց Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների թերթերով, թուրքական բոլոր լրատվամիջոցներով և արտասահմանյան մամուլում։
Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 1-ին՝ համատեղ հայտարարության ստորագրումից մեկ օր անց, բոլոր 18 ոչ մահմեդական առաջնորդները հրավիրվեցին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի պաշտոնական ընդունելությունների սրահ և 4-ժամյա ճաշ-հանդիպում ունեցան Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ։ Վաղօրոք սպասվում էր Էրդողանի մասնակցությունն այս հանդիպմանը, սակայն նա չի ներկայացել։
Չնայած համատեղ հայտարարության նպատակը Թուրքիայում ոչ մահմեդական հաստատությունների առջև ծառացած բազմաթիվ դժվարությունները կոծկելն էր, այս բլեֆը շատ արագ բացահայտվել է, երբ մասնակիցները հանդիպման ժամանակ Իբրահիմ Քալընին բողոքել են իրենց կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։
Օրինակ, արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է տեղական հայկական լրատվամիջոցին, որ ինքը և Շիրինօղլուն Քալընին պատմել են այն կալվածքների մասին, որոնք վերջին տարիներին վերադարձվել են հայ համայնքների հիմնադրամներին՝ սակայն քաղաքապետի կամ նախարարի կողմից որոշումը չեղյալ համարելով։ Նրանք նաև բողոքել են պատրիարքարանի իրավական կարգավիճակի և նվիրատվություններ ստանալու անհնարինության մասին, որի պատճառով պատրիարքարանը կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առջև։ Արք. Աթեշյանը առաջարկել է՝ կամ թուրքական կառավարությունը թույլատրի, որ պատրիարքարանը ստանա նվիրատվություններ կամ բյուջե հատկացնի՝ նրա ծախսերը հոգալու համար։ Նա նաև բարձրացրել է տեղական եկեղեցական ներկայացուցիչների կասեցված ընտրությունների և պատրիարքական ընտրությունների հետաձգման հարցերը։ Ընդունելության մյուս մասնակիցները ևս բողոքել են Քալընին իրենց տարբեր դժվարությունների մասին՝ հակասելով իրենց իսկ ստորագրած հայտարարությանը։ Ահա թե ինչու է նախաճաշը տևել չորս ժամ…
Իր հերթին Քալընը նախագահ Էրդողանի անունից շնորհակալություն է հայտնել ստորագրող կողմերին իրենց համատեղ հայտարարության համար՝ ակնհայտ դարձնելով, որ դա Թուրքիայի համար խոշոր հաջողություն է:
Միակ մարդը, որն ընդդիմացել է ոչ մահմեդական առաջնորդների այս համատեղ հայտարարությանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն է. նա համարձակորեն հայտարարել է. «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոց բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարներ ընտրենք, և համայնքն էլ աղավնու պես երկչոտ է»։
Պարզ է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել էր ճնշման ներքո: Զավեշտալի է, որ թուրքական վարչակարգը ճնշում է գործադրել ազգային փոքրամասնությունների առաջնորդների վրա, որպեսզի նրանք հայտարարեն, թե իրենց չեն ճնշում: Նման բան կարող է լինել միայն Թուրքիայում:

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Տարածաշրջան


16/08/2018