ԿԾԱՌԱՅԵՄ ՈՒ ԿԱՊՐԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
-Երկու տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Մենք՝ Բախչինյաններս, բնիկ մարալիկցիներ ենք: Պապերս այգեգործներ են եղել: Մինչ անկախացումը կարողացել են իրենց բերք ու բարիքով տուն պահել, քիչ թե շատ բարեկեցիկ ապրել: Հայրս պատմում էր, որ սովետական կարգերի փլուզումից հետո երկրի սոցիալական վատ վիճակն է ստիպել, որ վերցնի ընտանիքն ու հեռանա: Ասում էր՝ մութ ու լույս տարիներ, օրվա հացի խնդիր, անապահովություն…
Քսան տարի է անցել: Իհարկե, օտար երկրում ապրելն ավելի դժվար է, երբ հասուն տարիքում ես տեղափոխվում: Բայց, կապ չունի, կա մի անբացատրելի զգացողություն: Ինչքան էլ լավ լինի, դու գիտես՝ քո տանը չես: Ոտքերդ հողի վրա դողում են, որովհետեւ ուրիշի հողին ես կանգնած: Օտարության մեջ հայ մնալու, չձուլվելու խնդիրը միշտ էլ կա:
…Հիշում եմ՝ հայրս արգելում էր ինձ ու եղբորս՝ Արմանին, տանը ռուսերեն խոսել: Մի բառ անգամ լսելիս նյարդայնանում էր: Ասում էր՝ Աշո՜տ, հայերեն խոսիր: Սկզբում գլխի չէինք ընկնում, թե ինչն է պատճառը: Մի քանի տարի հետո միայն հասկացանք,որ հայրս չէր ուզում, որ մոռանայինք հայերենը: Տանը ազգային երաժշտություն էինք լսում: Ասում էին` սա է մերը:
Հինգ տարի առաջ ընդունվեցի Մոսկվայի տնտեսագիտական համալսարան: Կուրսի գերազանցիկներից մեկն էի: Առաջարկեցին շարունակել ուսումս մագիստրատուրայում, բայց ես ավելի կարեւոր որոշում էի կայացրել…
…Հայկական հզոր բանակի մասին շատ եմ լսել: Եվ ինձ միշտ գրավել է բանակն ու զինվորական ծառայությունը: Զինվոր դառնալը սկզբում երազանք էր, հետո՝ նպատակ: Ծնողներիս հաճախ ասում էի՝ պիտի Հայաստանում ծառայեմ: Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ ասածս իրականություն է դառնալու: Դիպլոմն ստանալու հաջորդ օրը հորս ասացի, որ Մարալիկ եմ գնում: Մտածում էր՝ արձակուրդ եմ գալիս: Կամավոր զինվորագրվելուս մասին լուրը լսելուց հետո զարմացավ: Զարմանքը կրկնապատկվեց, երբ իմացավ, որ ուզում եմ Հայրենիքում մնալ մշտապես:
Ինչպես տեսնում եք՝ ես այստեղ եմ: Մենակ եմ եկել: Ծնողներիս չթողեցի գալ: Հարազատներս կողքիս են՝ հորեղբայրս, հորաքրոջս աղջիկը, տատիկս, զարմիկներս: Եկել են ինձ բանակ ճանապարհելու: Լյուդմիլա տատիկս մի քիչ հուզված է, բայց շատ է ուրախացել, երբ իմացել է, որ որոշել եմ ծառայությունից հետո Հայաստանում մնալ: Լավ եմ տրամադրված: Վստահ եմ՝ բանակն ինձ շատ բան կտա: Մշտապես հորս պատվիրանն եմ հիշում` պատվով կծառայես: Դժվարությունները տղամարդու համար են,- ասում է Աշոտ Բախչինյանը:
…Անիի տարածքային զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկա: Մարալիկցիները կրկին մեկտեղվել են` բանակ ճանապարհելու հայրենիքի պաշտպաններին: Շիրակի կայազորի ավագ գնդերեց, տեր Հակոբ քահանա Գրիգորյանը նորակոչիկների օրհնության կարգ է կատարում: Աղոթք է բարձրացնում զինվորների անփորձանք ծառայության եւ երկրի խաղաղության համար:
Զինվորական կոմիսար, փոխգնդապետ Գրիգորյանն էլ հայրենիքի նորաթուխ պաշտպաններին իր ծառայության մասին հիշողություններ է պատմում. տղաներին նախապատրաստում է ծառայությանը: Զորակոչի ամենահուզիչ պահն է: Զորահավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկները հրաժեշտ են տալիս հարազատներին:
Ահա եւ Աշոտը: Գրկել է սիրելի Լյուդմիլա տատիկին:
-Ժամանակն է, բաբո՛ւլ ջան, պիտի գնամ…
-Անփորձանք, բալե՛ս:
Խաղաղ ծառայություն, տղե՛րք …
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Ազգային բանակ