Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՌՆԵՐԻ ՊԵՍ ՀԶՈՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆ



ԼԵՌՆԵՐԻ ՊԵՍ ՀԶՈՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆԱրցախ աշխարհի հյուսիսային սահմանագոտում ենք՝ գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում կարեւոր նշանակություն ունեցող տեղանքում։ Զինվորական ամենագնացը, լեռնային ճանապարհի հազար խոչընդոտ հաղթահարելով, մեզ տանում է դիրքերի ուղղությամբ։ «Ադրենալինով լի առողջարան»՝ տարիներ առաջ այստեղ ծառայած տղաներից եմ լսել այս պատկերավոր համեմատությունը։

Մանրիկ անձրեւ է գալիս, ու անձրեւը մաքրասեր-մաքրակենցաղ տանտիրուհու պես ամենայն ջանասիրությամբ սրբում է ծառ ու թփի փոշին, ու համատարած կանաչը վերածվում է փայլփլուն զմրուխտի։ Իսկապես՝ դրախտային բնություն է։

– Մեր արծիվներն են այս ամենի պահապանը- ասում է հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մարկոսյանը։ Սահմանին հայ զինվորն է՝ լեռների պես ամուր ու հզոր, լեռների պես տիրական։

Փոխգնդապետի խոսքերը քնարական զեղումներից ինձ տեղափոխում են իրականություն. պատերազմի ու խաղաղության սահմանագծին ենք, ու քիչ այն կողմ կանգնած ժպտուն զինվորներն էլ մեր խաղաղ բացվող ամեն օրվա տերն են…

-Նարեկ Սիմոնյան,- ներկայանում է դիրքապահ զինվորներից մեկը:-Ոչ թե պարտավորություն, այլեւ պատիվ է այստեղ ծառայելը։ Այս տարածքում Մռովի արծիվ, լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանն է կռվել, նրա ջոկատի մարտիկները թշնամուն մշտապես ահուսարսափի մեջ են պահել, մենք էլ շարունակում ենք նրա գործը։

Նարեկը շուտով զորացրվելու է, բարեխիղճ ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։

Վարդգես Նավոյանն էլ որպես լավագույն զինծառայող՝ նախարարի կողմից ժամացույցով եւ պատվոգրով է խրախուսվել։

-Տուն եմ վերադառնում։ Երկու տարի սահմանի մի հատվածը ես եմ ընկերներիս հետ պահպանել։ Մնացողներին միայն մի մաղթանք ունեմ՝ անփորձանք, տղերք ջան, դիրքերը ամուր կպահեք։

– Զգոնությունն ու զգաստությունն էլ երբեք չկորցնեք,-ավագ սերժանտ Դավիթ Սիմոնյանն է լրացնում:-Միմյանց հանդեպ էլ հանդուրժող եղեք, պարզ, շիտակ. իրար հետ պոստ եք պահելու, ու ամեն օրը ավելի է ամրացնելու ձեր ընկերությունը։

Շարքային Էդգար Ալիխանյանի ծառայության վերջին օրն է.

– Արցախյան ազատամարտի մասնակից մորս՝ Նունե Ալիխանյանի պատգամը՝ պատվով ծառայելու, կատարել եմ, տուն եմ դառնում պարզ ճակատով։

– Իսկ իմ ծառայության ավարտին դեռ հինգ ամիս կա, -զրույցին միանում է Սահակ Հովհաննիսյանը:- Մոսկվայից եկել եմ հայրենիքին պարտքս տամ: Զորամասն արդեն վաղուց  հարազատ է դարձել, հարազատ են դարձել բանակային ընկերներս։ Ծառայությանս ամեն օրն ինձ էլ ավելի է կապում հայրենի եզերքին: Ըստ իս՝ ամեն մարդ հզոր է հենց իր հայրենիքում։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝ հեղինակի

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Ազգային բանակ


16/08/2018