Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները:

Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել հայկական զինված ուժերի զարգացման ծրագրերին, խնդիրներին և ձեռքբերումներին: Դավիթ Տոնոյանը հավաստիացրել է, որ հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց նաև շարունակական բարեփոխումների շնորհիվ, որոնք հետևողական կերպով իրականացվում են զինված ուժերում:

Հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև առաջնագծում տիրող իրավիճակը, խոսել միջազգային ռազմական համագործակցության առանցքային ուղղությունների մասին:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ, նկատելով, որ սփյուռքը մշտապես բանակի կողքին է, ընդգծել է այն հանգամանքը, որ ամառային զորակոչի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ վերադարձել են հայրենիք ու ծառայության անցել հայոց բանակում:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները եղել են նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծանոթացել կրթօջախների պայմաններին:

Խորագիր՝ #8 (1255) 22.08.2018 – 28.08.2018, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/08/2018