ԱՌԱՋՆԱԳԻԾ ՀԱՑ ՈՒ ՋՈՒՐ ՀԱՍՑՆՈՂԸ
«26 տարի է բատինկա եմ հագնում, առավոտից երեկո սա է՝ հենակետից հենակետ, մեկ առ մեկ հաց ու ջուր հասցնելով անցնում ենք ամբողջ առաջնագիծը, դժվար է, ամեն մարդու բան չէ զինվորական ծառայությունը, ամեն մարդ չի դիմանա, ամեն մարդու բախտ չի վիճակվում գիշերը գլուխը բարձին դնելուց զգալ հոգևոր մեծ ուժը, հոգու հանգստությունը, որ իջնում է վրադ. առաջնագիծը պահող զինվորին հաց հասցնելը սրբազան մի բան է».-Սամսոն Բոլյանը զորամասի պայմանագրային գումարտակի թիկունքի պետն է, ծանոթացանք, երբ մեզ մարտական հենակետեր էր ուղեկցում: Դիրքապահ տղաները կատակում են՝ մարտական հենակետերում Բոլյանն ամենասպասված այցելուն է: Թիկունքի պետն իրեն երկար սպասել չի տալիս, գրեթե ամեն օր է դիրքեր բարձրանում, ասում է՝ հատկապես ամռանը, երբ օդի ջերմաստիճանը բարձր է, հենակետեր անհրաժեշտ է ամեն օր թարմ սնունդ հասցնել: Իր ծառայողական պարտականությունները միայն սնունդ, ջուր ու վառելիք մատակարարելով չի սահմանափակվում. իբրև հրամանատարի տեղակալ, ամեն անգամ հենակետում լինելով՝ խրամատ է մտնում, անձամբ հանդիպում հերթափոխի կանգնած տղաներին, հետաքրքրվում նրանց որպիսությամբ, առաջնագծում տիրող իրադրությամբ:
…Իննսուներկուսին է զորակոչվել ազգային բանակ: Ղևոնդ Հովհաննիսյանի զինվորն է եղել: Ասում է՝ կարևոր է, որ հրամանատարը զինվորի համար հեղինակություն լինի, իր հրամանատարն այդպիսին էր, և նրա սերը զինվորի հանդեպ այնքան վարակիչ էր… Ինքն էլ ծառայությամբ աչքի ընկնող զինվոր, առաջարկ է ստացել մնալ բանակում, լեյտենանտի ուսադիրներ է ծառայությամբ վաստակել, այսօր արդեն մայորի զինվորական կոչում ունի, եւ արդեն քսանվեց տարի բանակն իր երկրորդ տունն է: «Մեր մեծերն ասում են. «Երջանիկ է նա, ով 7 որդով սեղան կնստի»: Ես իսկապես երջանիկ մարդ եմ, այսօր ոչ միայն 7 զավակներիս հետ եմ սեղան նստում, այլև՝ թոռներիս: Երևի երջանկությունս այսքան կատարյալ չլիներ, եթե կողքիս Նելլիի պես կին չունենայի: Բժշկականի ուսանողուհի էր, ես էլ նոր-նոր սպայական կոչում ստացած զինվորական, տեսա, սիրահարվեցի, փախցրի ու հետս Մեղրի տարա, այդ օրվանից սկսվեց մեր համատեղ ծառայությունը»,-կատակում է Սամսոն Բոլյանը: Հաշվի առնելով, որ դիրքային ստորաբաժանումներում թիկունքի պետի ծառայությունը բավականին բարդ ու պատասխանատու աշխատանք է, բազմազավակ ընտանիքի հոգսերն հիմնականում տիկին Նելլին է հոգում: Տան տիկինը խստապահանջ է ու միաժամանակ կանացի, հոգատար. առաջին հայացքից է նկատելի: Զարմանում եմ՝ ինչպես է հասցնում, կատակում է. «Չհասցնելու իրավունք չունեմ, ամուսինս այնտեղ՝ գումարտակում է թիկունքի պետ, ես էլ այստեղ՝ տանը»: Հայկը Բոլյանների յոթերորդ՝ ամենակրտսեր զավակն է, վեց ամիս առաջ է լույս աշխարհ եկել, ավագ դուստրը՝ Սուսաննան էլ արդեն երկու երեխաների մայր է: Տիկին Նելլին վստահեցնում է՝ հայրենիքն ամուր է իր հողին ապրող ընտանիքներով, ամեն նոր ծնվող մանկան հետ ավելի ես կապվում հող հայրենիին, այն ավելի թանկ է դառնում, երկրի, պետականության հանդեպ պատասխանատվությունն ավելի է մեծանում: Սուրենը՝ ավագ որդին, ժամկետային ծառայությունից հետո նախընտրել է միանալ հորը, ինքն էլ պայմանագրային գումարտակում է ծառայում: Մյուս որդին՝ Սերժը, այս պահին Հայաստանում չէ, մայոր Բոլյանը հպարտ-հպարտ նշում է՝ շուտով վերադառնալու է. առաջիկա զորակոչին հայրենիքին ծառայելու իր հերթն է, Հովհաննեսն ու Հայկն էլ դեռ ժամանակ ունեն, բայց պատրաստ սպասում են զենք բռնելու իրենց հերթին: Մայոր Բոլյանը վստահեցնում է. իր ընտանիքում կարգն է այդպիսին՝ տղան պիտի ծառայի ազգային բանակում, այլ կերպ լինել չի կարող:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #8 (1255) 22.08.2018 – 28.08.2018, Բանակ և հասարակություն