Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸԻ տարբերություն ընդհանուր հոգեբանական պատրաստության՝ հատուկ հոգեբանական պատրաստությունը այդքան էլ կապված չէ ուսուցման և դաստիարակության գործընթացների հետ և ավելի մոտ է խնդրի կատարաման ինքնուրույն հոգեբանական պատրաստությանը: Ինքնապատրաստության մեթոդներից են աուտոգեն մարզումները, իդեոմոտոր պարապմուքները և այլն: Աուտոգեն մարզումը հոգեֆիզիոլոգիական վարժությունների համակարգ է: Կիրառվում է սեփական հոգեկան ու ֆիզիոլոգիական գործընթացները կարգավորելու, բնավորության եւ հմտությունների ձեւավորման նպատակով: Իդեոմոտորը մարդու շարժումների, նրա՝ դեռ չկատարած գործողությունների մտովի պատկերացումն է, որի արդյունքում հաջողվում է հետագա գործողությունն առավել արդյունավետ կատարել:

Հատուկ հոգեբանական պատրաստության ընթացքում լուծվում են զինվորականների` մարտական խնդրի գիտակցման, անվերապահ համոզվածությամբ այն կատարելու անհրաժեշտության հարցը, նաև՝ այս նպատակով նրանց մեջ յուրահատուկ մասնագիտական որակների ակտիվացումը: Հենց հատուկ հոգեբանական պատրաստության ընթացքում է, որ լուծվում են ապագա գործողությունների համակարգում անհայտ տարրերի նվազեցման, տվալ խնդրի լուծման համար անհրաժեշտ որակների ձևավորվորման ու ակտիվացվման հարցերը:

Հատուկ հոգեբանական պատրաստությունը լուծում է նաև այնպիսի մի կարևոր հարց, ինչպիսին է անձի հոգեբանական կարգավորումը այն դեպքերում, երբ առկա են որոշակի հոգեբանական խնդիրներ: Զինվորական մասնագիտությունը այն մասնագիտություններից է, որ բարձր հոգեբանական կայունություն է պահանջում անձից, քանի որ ինչպես մարտական, այնպես և խաղաղ ծառայության պայմաններում բազմաթիվ գործոններ իրենց ազդեցությունն են ունենում ոչ բավարար պատրաստված անհատի վրա: Այդ իսկ պատճառով զինվորականների, ու հատկապես ապագա հրամանատարների պատրաստության ընթացքում մեծ տեղ պետք է տալ հատուկ հոգեբանական պատրաստության մեթոդներին: Մասնավորապես՝ իդեոմոտորի կամ աուտոգեն մարզումների դեպքում զինծառայողի աշխատունակությունը արագ վերականգնվում է, նվազում է նյարդահուզական լարվածության մակարդակը, բարելավվում է գործելու տրամադրվածությունը, բարձրանում են հաջողության հասնելու մոտիվացիան (դրդապատճառայնությունը) և մարտական պատրատության ծրագրի յուրացման արդյունավետությունը: Երևակայության մակարդակում և աուտոգեն թուլացման պայմաններում հատուկ հոգեբանական պատրաստության համար կիրառվում է նաև առաջիկա մարտական պատրաստության վարժությունների մշակումը (իդեոմոտոր մարզում):

Իսկ նպատակային հոգեբանական պատրաստությունը իրականացվում է կոնկրետ մարտի, կոնկրետ թռիչքի, քայլարշավի և նմանօրինակ այլ դեպքերում: Այն առավելապես կապված է ուսուցման հետ և ուղղված է անձնակազմի ակտիվության բարձրացմանը, որոշակի խնդրի իրականացման նպատակով՝ ուժերի կենտրոնացմանը: Այն սովորաբար կրում է մոդելավորված մարտական գործողությունների բնույթ:

Հոգեբանական պատրաստության աշխատանքները կազմակերպում են ինչպես ԶՈՒ մարտական պատրաստության կառույցների, այնպես էլ դաստիարակության կառույցների հոգեբանները:

Ժամանակակից մարտի հոգեբանական մոդելը, ինչպես ցույց է տալիս առաջավոր երկրների փորձը, գործադրվում է հետևյալ կերպ.

*   Տարբեր միջոցների նմանակների /ֆուգասների, պայթուցիկ փաթեթների, կրակախառնուրդի, կեղծ փամփուշտների և այլն/ օգտագործմամբ,

*   մարտի ձայնային էֆեկտների ձայնագրությունների /տանկի, այլ զինտեխնիկայի կրակոցների, ականների պայթյունների, ցածր թռչող ինքնաթիռների ձայնի և այլնի/ կիրառմամբ,

*  հրդեհների ստեղծմամբ, վնասված տեխնիկայի, ամենաբազմազան ինժեներական արգելքների և արգելափակոցների անսպասելի կիրառմամբ /ականապատ դաշտերի նմանակում, աննկատելի արգելափակոցներ, թակարդներ, բարիկադներ, կամուրջների ու ճանապարհների քանդված հատվածներ և այլն,

* հակառակորդի հակազդեցության կազմակերպմամբ /անձնակազմի պատրաստված խումբ, դասակների երկկողմանի խաղ և այլն/:

Իրականացնելով վերոհիշյալ միջոցառումների տարբեր համադրություններ` լուծվող խնդիրներից, զինատեսակից և զորատեսակից կախված` հոգեբանը, մարտական պատրաստության կառույցի սպաների, հրամանատարների և շտաբների հետ միասին, կարող է նպատակադրված ուսումնամարտական գործընթաց տարբեր հոգեբանական գործոններ ներմուծել՝ առաջ բերելով ոչ միայն դրական ակտիվություն, այլև բացասական հոգեբանական վիճակներ՝ անսպասելիության, տեղեկատվության սահմանափակության, անորոշության, չծրագրված գործողությունների կատարման և այլնի տեսքով:

Նշված գործոնների հմուտ ներմուծումը ուսումնական պրոցես ժամանակակից մարտի առանձին դրվագների իրական մոդելավորման հնարավորություն է տալիս, որի շնորհիվ լուծվում են հոգեբանական պատրաստության խնդիրները: Անձնակազմի հոգեբանական պատրաստությունը կարելի է քննարկել ըստ մարտական պատրաստության տարբեր պայմանների և տարբեր զորատեսակների: 

Տակտիկական պարապմուքների ժամանակ մարտական մեքենաներ վարելիս, օրինակ, անձնակազմի հոգեբանական պատրաստության խնդիրները սրանք են.

– Շարժվող մեքենայում երկար ժամանակ գտնվելիս բացասական ազդեցության հաղթահարում՝ շեշտը դնելով հատկապես մեքենայի վարման ընթացքում ուշադրության և արագության ռեակցիաների վրա:

– Կամային որակների ձևավորում, որոնք անհրաժեշտ են տարբեր լանդշաֆտների և իրադրության հանգամանքներում՝ անձնակազմի կողմից տարբեր արգելքների, արգելափակոցների հաղթահամրան համար: Օրինակ՝ «ջրավախության» հաղթահարում, երբ անհրաժեշտ է լինում մեքենաները վարել ջրային արգելքների միջով:

 Այս կարգի խնդիրների լուծումը ապահովվում է` մարտական մեքենաների վարման հրահանգը ճշգրիտ, կանոնների համաձայն կատարելով, վարորդական դասընթացներով, ուսուցանվողների նպատակասլաց և հետևողական գործողություններով, վարման դասընթացների ժամանակ մարտականին հնարավորինս մոտեցված բարդ իրավիճակների ստեղծմամբ, շարժվող մեքենայում գտնվելու ժամանակի ավելացումով, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ֆիզիկական մարզանքները շարունակելով, ճանապարհի այնպիսի հատված և ուղղություն ընտրելով, որ մեքենան վարելիս առավել մեծ ջանքեր պահանջվեն, շարժման ընթացքում դիտման հատուկ խնդրադրումների իրականացմամբ, ինչպես նաև՝ տակտիկական պարապմունքների, զորավարժությունների ու կրակային պարապմունքների ընթացքում յուրացված հմտությունների և որակների անընդմեջ կատարելագործմամբ:

Անկախ զորատեսակներից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության լեռնային լանդշաֆտը՝ ապագա հրամանատարների պատրաստության համակարգում կարևոր է լեռնագնացության տարրերի ընդգրկումը ուսուցողական գործընթացում:

Մարտական ուսուցման ամենօրյա հոգեբանական պատրաստությունը իրականանում է յուրաքանչյուր վարժության կատարման ընթացքում` մարտիկների հոգեբանական կոփման որոշակի տարրերի մշակմամբ: Դրանք ներառվում են պարապմունքների անցկացման ծրագրում:: Մարտական գործողությունների իմաստային հիմքի մոդելի ձևավորման համար պետք է հետապնդել տակտիկական պատրաստության նպատակներ՝ անձնակազմի ծանոթացում զորամասի մարտական տեխնիկային, զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանվելու հնարավորությունների պատկերավոր ցուցադրություն և այլն:

Տվյալ պարապմունքի ժամանակ հոգեբանական պատրաստության նպատակով կարելի է կազմել մեր և հակառակորդի տեխնիկայի, սպառազինության համեմատական ստենդ, կազմակերպել ցուցադրական՝ անհատական, ստորաբաժանման, վաշտի կազմով հրաձգություն:

Այսպես են կազմվում բոլոր ուսումնական ծրագրերի` անձնակազմի հոգեբանական կոփման տարրերը: Հոգեբանական պատրաստության խնդիրների լուծման հիմնական ծանրությունը, մասնավորապես մարտի պատկերավոր մոդելի հիմքերի ձևավորման ուղղությամբ, բաժին է ընկնում տակտիկական և կրակային պատրաստությանը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #8 (1255) 22.08.2018 – 28.08.2018, Ռազմական


23/08/2018