Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ



ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ  Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ  դիպչելով  ժայռակերտ  աստիճաններին: «Օրը 4-5 անգամ բարձրանում – իջնում ենք»,- համեստաբար ժպտալով ասում է հաղթ զինվորականը:

Այստեղ ենք եկել զինվորական ղեկավարության խորհրդով՝ հենակետի օրինակելի ավագին ծանոթանալու: Սակայն նրա կերպարն ամբողջական չէր լինի, եթե նրան չտեսնեինք իր  ենթակա անձնակազմի շրջապատում: Երբ երկար թվացող վերելքը հաղթահարեցինք ու վերջապես տեղ հասանք, մեզ  ընդառաջ եկան  դիրքի անձնակազմի անդամները, ու առաջին բանը որ զգացի, նրանցից  ճառագող ուժն էր: ՀՀ հարավարեւմտյան սահմանագոտու ռազմավարական նշանակության բարձր դիրքերից մեկում ենք:

 

Դիրքի տղաները

 

Զով գետնատնակում դիրքի խոհարարը` Նարեկը, սառնարանից հանեց սառը ջրով շիշն ու բաժակները լցնելով՝ մեկնեց մեզ. անմիջապես թեթևություն զգացինք:  «Գառնիի ջուրն է»,-ասաց գոհունակությամբ ու սկսեց կտրատել սառը, կարմիր ձմերուկը: Շուտով սեղանին հայտնվեցին նաև ուրիշ մրգեր` խաղող, սալոր,– հյուրասիրվե՛ք, մեր գյուղացիների նվերն է. սեզոնային բոլոր մրգերի ու բանջարեղենի մեր բաժինն ուղարկում են:

-Ում այս պահին հարմար է, միացե՛ք մեզ, զրուցենք,- առաջարկում եմ: Քիչ անց, տղաների մի մասն արդեն  գետնատնակում էր` սեղանի շուրջ նստած:

Հենակետի պատասխանատու Ասքանազ Հակոբյանը ներկայացնում է այս դիրքի առանձնահատկությունները.

-Քանի որ հակառակորդի դիրքերը մեզ շատ մոտիկ են, ուստի դիտորդներն էլ շատ զգոն են: Հիմնականում ուշ ժամերին են նրանց դիրքերից կրակոցներ արձակվում: Մենք գիտենք, որ դա նրանց վախի դրսևորումն է. զգուշացնում են, թե` այստեղ ենք, հանկարծ մի բան չձեռնարկեք:

-Պատասխանո՞ւմ եք:

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ-Իհարկե՝ ոչ: Ըմբռնումով ենք մոտենում,- ժպտում է երիտասարդ զինվորականը:- Պատասխանում ենք այն դեպքերում, երբ ինչ-որ լուրջ բան ենք նկատում: Անընդհատ հետևում ենք հակառակորդի յուրաքանչյուր տեղաշարժի:

Մարտական հաշվարկի պլանով յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները, լիարժեք տիրապետում է իրեն կցագրված զինատեսակին: Բոլորը քաջ գիտակցում են` ինչ է դիրքային ծառայությունը, հայրենիքի սահմանի պաշտպան լինելը: Հիմա տղաները թող իրեք պատմեն իրենց մասին: Ասո՛:

-Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ասատուր Ասատրյան,- ներկայանում է երիտասարդը:-Ծառայում եմ 2011թ.-ից: Ժամկետային զինծառայությունս այս նույն զորամասում ավարտելուց  անմիջապես հետո անցա պայմանագրային զինծառայության:

-Այն ժամանակ է՞լ էիր մարտական հերթապահություն իրականացնում:

-Ոչ, զորամասում էի: Բայց դեռ այն ժամանակ միշտ աչքս դիրքերին էր: Հիմա արդեն այստեղ եմ… Մեր այս դիրքը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է: Այն հսկելը բոլորիս համար պատասխանատու գործ է: Մեր անձնակազմի ծառայողներից  շատերը մոտակայքից են, բայց մեր երկրի այլ բնակավայրերից էլ ծառայողներ ունենք: Բոլորս էլ գիտակցում ենք մեր առաքելության կարևորությունը: Գիտենք, որ առաջին հերթին մեր ընտանիքների անդորրն ենք  հսկում: 

-Մեր վաշտի սանհրահանգիչն է կրտսեր սերժանտ Խաչատրյանը,- շարունակում  ներկայացնել Ասքանազը:- Շատ լավ է տիրապետում իր մասնագիտությանը: Դիրքում հիվանդ լինի, թե օձը, կարիճը խայթած լինի, անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում բարձր մակարդակով: Սա էլ մեր շարքային Արթուր Գևորգյանն է՝ ֆիզիկապես շատ ամուր, բոքսով է զբավել: Երկվորյակ եղբայրն էլ՝ Արմանը, մեր մյուս դիրքում է ծառայում:

-Ժամկետային զինծառայությունը իրար հետ անցնելուց հետո որոշեցինք երկուսով էլ պայմանագրային զինծառայության անցնել,- ասում է Արթուրը:

-Շարքային Նարեկ Կարապետյանին արդեն գիտեք՝ մեր դիրքի խոհարարն է: Ամեն ինչ շատ համեղ պատրաստելուց զատ՝ նաև լավ գնդացրորդ է:

-Ռուսաստանում էի. սկզբում կարոտը ինձ հայրենիք բերեց,-ասում է Նարեկը,- հետո ժամկետային զինծառայության անցա, հետո որոշեցի շարունակել ծառայությունը որպես պայմանագրային:    

-Կրտսեր սերժանտ Հենրիխ Թովմասյանն էլ մեր ավագ հրաձիգն է: Էլի շատ պատրաստված ու լավ մասնագետ,-շարունակում է հենակետի ավագը,-  Սա էլ մեր հրաձիգ- նռնակաձիգի օգնական շարքային Արմեն Աբգարյանն է:

Արմենը հավաքվածներից ամենաավագն է երևում: Համեմատաբար վերջերս՝ 2017-ին է ծառայության անցել:

-Տիրապետում ենք հակառակորդին արժանի հակահարված տալու բոլոր  հմտություններին ու գիտելիքներին,- վստահ ասում է նա:-  Ցանկացած ժամի, տարվա բոլոր եղանակներին, միշտ պատրա՛ստ ենք:

-Ծառայությունը դժվար է, պատասխանատվությունը՝ մեծ: Ի՞նչն է ձեզ ոգևորում այս գործի մեջ,- հարցնում եմ:

-Երբ մենք հոգնած վերադառնում ենք հերթափոխից կամ առավոտյան վաղ մարտական դիրքեր ենք ճանապարհվում, – Արմենն է պատասխանում,- մոտակա գյուղերի բնակիչների քաջալերանքը միշտ ուղեկցում է մեզ: Քաղաքացիական մեքենաներով ազդանշան են տալիս, պատուհանները բացում, բռունցքները վեր են պարզում ու ասում. «Տղե՛րք ջան, «դուխո՛վ», մենք ձեզ հետ ենք»: Ապրիլյան դեպքերը, կարծում եմ, առիթ եղան, որ մեր ժողովուրդը վերարժևորի զինվորականի դերը: Այժմ բոլորը մեծ հավատով են նայում մեզ: Դա իրոք բարձրացնում է մեր տրամադրությունը և ոգեշնչում է մեզ:

…Ամուսնացած եմ, երեք երեխա ունեմ` երկու աղջիկ, մեկ տղա: Տղաս դեռ փոքր է, չի հասկանում, բայց աղջիկներս` 7 և 10 տարեկան, այնքա՜ն հպարտ են, որ հայրիկը զինվորական է:  Երբ օրը, ժամը գալիս է, պատշգամբում կանգնում են այնքան ժամանակ, մինչև երևամ փողոցի ծայրից: Առաջին մի քանի վերադարձներս նման էին արտերկրից երկար բացակայությունից հետո վերադարձին,-ժպտալով ասում է բազմազավակ հայրը: -Մեր կանայք էլ  լիովին գիտակցում են ու հպարտ են, որ իրենց տան տղամարդը ոչ միայն իրենց, այլ նաև շատ ուրիշների խաղաղ օրվա համար է պատասխանատու: Կինս ինձ միշտ նույն խոսքով է ճանապարհում. «Անփորձանք»… Երբ մտնում եմ տուն, վե՛րջ, ամեն ինչ իր տեղն է ընկնում, ու դրանից մեծ ուրախություն, երջանկություն չկա բոլորիս համար:

Դիրքի բոլոր պայմանագրայիններն էլ խոստովանում են՝ իրենց ծառայությունը մեծ պատասխանատվություն է:

-Հիմա դիտակետերից մեկում մեր Հայրապետն է կանգնած: Նրա գյուղը սարի տակ է, դիրքերին շատ մոտիկ,- ասում են տղաները և ավելացնում,-նա բոլորից զգոնն է սահմանը հսկելու գործում: 

Հերթափոխի ժամն է: Դիտակետում հերթափոխը հանձնելուց հետո մոտենում եմ Հայրապետ Դարբինյանին:

-Ի՞նչ կլինի, հայրենասիրությունից չխոսենք,-  առաջին բանը, որ ասում է Հայրապետը, սա է.- ես այստեղ եմ մտերիմներիս անվտանգությունն ապահովելու համար: Չորս տարի է, ինչ այստեղ եմ. մերոնք արդեն հարմարվել են:

Վերջերս է հայրիկ դարձել` դուստր ունի:

-Մեր այս դիրքում մեծ մասի երեխաները աղջիկ են:- Նույնիսկ մեր ստորաբաժանման մասշտաբով աղջիկները գերակշռում են:

-Ասում են, երբ տղաները շատ են ծնվում՝ պատրաստվի՛ր պատերազմի: Իսկ եթե աղջիկներն են գերակշռում, խաղաղությունը երկարելու է,- որպես բարեմաղթանք ասում եմ տղաներին:

-Ինձ համար կարևոր է, որ որպես մոտակա գյուղի բնակիչ, նաև բերքահավաքի ընթացքում կարողանում եմ ընտանիքիս օգնել.- շարունակում է Հայրապետը:-  Ա՛յ նայե՛ք, այստեղից երևում է ծիրանի այգիս: Տղերքից ով այդ պահին ազատ է լինում, հսկում է նաև իմ այգին,- ավելացնում է ժպիտով:

-Կարծես դեռ փոքր են ծառերը:

-Չէ՛, փոքր չեն, պարզապես մենք ենք սարի գլխին,- «պարզաբանում է» Հայրապետը:

Դիտակետում, ուր կանգնած ենք, մի կողմից հակառակորդի գյուղն է՝ ասես ափիդ մեջ, մյուս կողմից՝ Հայրապետի հայրենի գյուղը: Տղաները ցույց են տալիս հակառակորդի դիրքերը, բացատրում՝ որտեղ ինչն է:

-Իմ գյուղն ամենալավն է,- հպարտանում է Հայրապետը: 

-Սրանից հետո միայն ձեր գյուղի ծիրանն եմ գնելու,վստահեցնում եմ՝ կեսկատակ-կեսլուրջ:

Դիրքին, դիրքապահներին ծանոթացանք, ժամանակն է ավելին իմանալու հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Ասքանազ Հակոբյանի մասին: Մինչև նրա հետ զրուցելը, Արեգը նրան լուսանկարելու է տանում, իսկ դիրքի տղաները, օգտվելով Ասքանազի բացակայությունից, սկսում են իրենց հենակետի ավագի մասին անկեղծ խոսքեր ասել:

-Մեր ստորաբաժանման հրամանատարի առաջին, կարևոր հատկանիշը մարդկայնությունն է,- ասում է Նարեկը:

-Նա հենակետի անձնակազմի անդամների մեծ մասից տարիքով փոքր է, բայց կարողանում է ճիշտ լեզու գտնել թե՛ մեծերի, թե՛ փոքրերի հետ,- հավելում է դիրքի ավագ Ասատուրը,- իսկ դա ամեն մեկին տրված չէ:

-Սրանք միայն խոսքեր չեն: Ծառայությունը հեշտ բան չի, ու եթե նա կարողանում է այսքան լավ կազմակերպել ամեն ինչ և հարգված լինել անձնակազմի կողմից, սա արդեն նրա մասին շատ բան է ասում, – եզրափակում է Հայրապետը:

 

Հենակետի ավագը

 

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ2010թ. Ասքանազը ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ավարտելով՝ ծառայության է անցել այս մարտական հենակետում:

-Իսկ ի՞նչն է քեզ հատկապես ոգևորում զինծառայության մեջ:

-Ամենից շատ` որ սահմանին եմ: Ես այստեղ եմ ու վստահ, որ իմ ընտանիքը, մյուս հայ ընտանիքները հագիստ ու խաղաղ կլուսացնեն: Բացի այդ, սահման պահելը մեծ հպարտություն է:

Ավագ լեյտենանտ Հակոբյանը ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր է ստացել: Իսկ մեկ ամիս առաջ նրան «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի մեդալ է շնորհվել: 

-Սա ինձ համար շատ կարևոր գնահատական է,- ասում է երիտասարդ սպան.-տեսնում եմ, որ գնահատվում է  աշխատանքս, ու ավելի մեծ ոգևորությամբ եմ ծառայում: Բայց գնահատանքը՝ մի կողմ. ձգտում եմ ավելի ու ավելի կատարելագործվել, որ խիղճս միշտ հանգիստ լինի, ու ցանկացած դեպքում պատրաստ լինենք հակառակորդի սադրանքներին:

Իր զինվորական ընտանիքի մասին պատմում է.

-Ծառայությանս սկզբնական շրջանում՝ 2014թ., դեռ դիրքերում ժամկետային զինծառայողներ ունեինք: 18-19 տարեկան տղաներ. սկզբնական շրջանում նրանց մեջ միշտ մի քիչ անհագստություն, վախ լինում էր: Երբ կանգնում էին դիտակետում, ամեն մի աննշան ձայնից անմիջապես կապ էին տալիս. «Մարդ կա»: Ես էլ նրանց ոգևորելու, հանգստացնելու ու ապահովության համար բարձրանում էի, իրենց հետ ամբողջ տարածքը զննում, «դուխ» էի տալիս, մի քիչ մնում էի իրենց հետ ու ասում. «Նորմալ է, շարունակե՛ք ծառայությունը»: Հիմա մեր դիրքերում բացառապես պայմանագրային զինծառայողներ են՝ հասուն, փորձություններ անցած, փորձառու զինվորականներ: Դիրքերի անձնակազմն այժմ ավելի արհեստավարժ է. տղաները՝ ավելի կազմակերպված, համերաշխ:

Իսկ քաղաքացիական ընտանիքը ինչպես բոլորի, այնպես էլ Ասքանազի ոգևորության ամենակարևոր աղբյուրն է: Ասքանազը Էջմիածնի մերձակայքում գտնվող Ջրառատ գյուղից է, ընտանիքը Էջմիածնում է բնակվում:

– Որդիս մեկուկես տարեկան  է: Չարաճճի, աշխույժ տղա է: Զանգում եմ, որ կնոջս կամ ծնողներիս հետ խոսեմ, ինքն առաջինը խլում է խոսափողն ու ասում իմացած միակ բառը՝ «պապա»: Հետո հեռախոսն էլ ոչ մեկին չի տալիս: Մի քանի օր առաջ զանգեցի, ասաց. «պա՛պ», ասացի` «ջա՜ն», հետո՝ «Ո՞ւր ես»: Հանկարծակիի եկա. դեռ «պապա, մամայից» բացի ուրիշ բառ չէր ասել:

Երբ տուն եմ մտնում, ինչով էլ զբաղված լինի, անմիջապես, ձեռքերը պարզած,  գալիս է գիրկս ու էլ չի իջնում:

…Ծանր գործ է, բայց, ամեն դեպքում` շատ պատվաբեր: Կարող է ոչ բոլորն են սա գիտակցում, բայց ուզում եմ ոգևորել բոլոր նրանց, ովքեր մեր դիրքապահ տղերքի պես չեն մտածում: Մենք այստեղ առաջին հերթին մեր երեխաների, ծնողների համար ենք կանգնած, մեր երկիրը, մեր հողն ենք ամուր պահում:

Սիրում եմ զինծառայությունը ու ոչ մի պահ չեմ զղջում ընտրությանս համար: Սպասելիքներիս մեծ մասն արդեն իսկ արդարացել է: Էլի շատ սպասելիքներ, նպատակներ ու երազանքներ ունեմ: Ամեն ինչ իր ժամանակին:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #8 (1255) 22.08.2018 – 28.08.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/08/2018