Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿԳՆԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ «ՄԻՍՏՐԱԼ» ՈՒՂՂԱԹԻՌԱԿԻՐ



ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի կարծիքով այդ պայմանագրերը կստորագրվեն մինչև 2011 թ. ավարտը:

Այս տարվա հունիսին, երբ ստորագրվեցին 1,2 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով առաջին երկու նավերի կառուցման պայմանագրերը, երրորդ և չորրորդ «Միստրալների» գնման ժամկետները չէին հստակեցվել: Բացի այդ, մինչև 2020 թ. ՌԴ զինված ուժերի վերազինման ու արդիականացման պետական ծրագրով դրանց համար գումարներ նախատեսված չեն:

Սերդյուկովը նաև հայտնել է, որ հերթական երկու «Միստրալները» կառուցվելու են ռուսական նավաշինարաններում ու Ռուսաստանը գնելու է դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ:
Սերդյուկովը վերստին հավաստել է, որ ռուս-ֆրանսիական ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվում են գիտահետազոտական մի շարք աշխատանքներ:

Ռուսական կողմը նախկինում էլ չէր թաքցնում, որ նման պատվերի դիմաց Ֆրանսիայից ստանալու է նորագույն տեխնոլոգիաներ, ինչի առթիվ իրենց մտահոգությունն էին արտահայտել ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները` Փարիզին մեղադրելով չհամաձայնեցված ու չկշռադատված քայլեր կատարելու մեջ:

Առաջին երկու մարտանավերը պատրաստ կլինեն 2014 և 2015 թթ.: 21 000 տոննա ջրատարողությամբ և առավելագույնը 210 մետր իրանով ունիվերսալ այս ուղղաթիռակիրները կարող են մեկ նավարկության ընթացքում հաղթահարել մինչև 20 000 մղոն տարածություն: Անձնակազմը բաղկացած է 160 մարդուց, սակայն մարտանավը կարող է տեղավորել ևս 450 մարդու, ինչպես նաև 16 ուղղաթիռներ, որոնցից 6-ը միաժամանակ կարող են գտնվել թռիչքային տախտակամածի վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


09/09/2011