Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿՆԵՐ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ



ՖՐԻԴՐԻԽ  ՎՈԼՖ

ԿՐԱԿՆԵՐ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ

1916 թվականի  այդ ձմեռ Դուէի մոտ գտնվող դիրքերում ու գյուղում ծառայող սակրավորներիցս ոչ ոք  անգամ չէր համարձակվում մտածել Ժերմենային սիրահետելու մասին։ Հանքափորի կարճ բաճկոնով ու տղամարդու կապույտ տաբատով այդ առողջ քսանամյա  աղջիկը, որ մոր հետ մնացել էր հանքերի լցակույտերում, իր պարզ ուղղամտությամբ տարածության վրա էր պահում  ամաչելուց շատ հեռու զինվորներիս։ Սակայն Ժերմենայի յուրաքանչյուր շարժումում այնքան հրապույր կար, որ մարդու սիրտ էր տրոփում նույնիսկ  այն ժամանակ, երբ  այդ  աղջիկը մեզ համար չոր բանջարեղենով գուլյաշ էր տաքացնում։ Պարզ է՝ սպաներն էլ էին հետաքրքրվում Ժերմենայով։ Բայց մենք նրան համարում էինք զինվորական եղբայրության անդամ, ու հենց որ մեր դասակի լեյտենանտը  աղջկա հետ մենակ էր մնում, իսկույն մեկնումեկը նրան շտապ հաղորդագրություն էր տանում կամ որեւէ հարազատի մահվան կապակցությամբ  արձակուրդի թույլտվություն խնդրում։

Մեր  աղջկա շքախմբում  առաջին տեղը պատկանում էր  անճոռնի, լողլող, տղեկի դեմքով Շորշ Վիրտինգենին։ Սովորաբար նա ձկան պես լուռ էր։ Բայց հենց որ Ժերմենան երգում էր «Երեք սիրուն թմբկահարները», նա հիացած ու խելահեղ գոչում էր. «Օ՜, օրիորդ, ես պաշտում եմ ձեզ»։ Ու հիմա  անվերջ  աղջկա համար երգում էր իր սիրած երգը՝ «Ես իջել եմ լեռներից, ուր ձնահյուսքն է ցած սահում»։

Այդպես էլ  ապրում էինք  այդ ձմեռ՝ մի շաբաթ հանգստանալով գյուղում, մի շաբաթ դիրքերում փոխարինելով հետեւակին։ Մի  գիշեր լողլող Շորշը հուզմունքից փնչացնելով ներս ընկավ բլինդաժ։ Նա հերթապահում էր խրամատի վերջում, ֆրանսիական դիրքերի ժամապահից երեսուն մետր  այս կողմ։ Շորշն սկսեց մեզ հավատացնել, թե ֆրանսիացին մի գլուխ բղավում է «Ժերմենա Դյուվետր»։ Մենք ձեռ  առանք Շորշին՝  ասելով, թե նա խելքը գցել է, եթե ցանկալի  աղջկան  ամենուր տեսնում է։

Այնուամենայնիվ, երկու հոգով գնացինք նրա հետ։ Եվ, իրոք, մի ֆրանսիացի բղավեց. «Գերմանացի՛ ընկեր, ձեզ մոտ գյուղում չկա՞ արդյոք օրիորդ Ժերմենա Դյուվետր…»։

Ես ֆրանսերեն հարցրի, թե ինքն ով է։

¬Ժերմենայի ընկերը։ Պիեռը։

¬Դե, մի՛ գոռա։ Գցի՛ր հրացանդ։ Եվ մոտեցիր մեր  արգելապատնեշին։

Նա իսկույն դուրս ցցվեց դիրքից եւ  անզեն  անցնելով քսան մետր չեզոք գոտին, կանգնեց մեր  արգելապատնեշի մոտ։

Ես ու լողլող Շորշը նույնպես դուրս եկանք։ Պահանջեցինք, որ ֆրանսիացին նկարագրի Ժերմենային։ Ամեն ինչ ճիշտ ու ճիշտ համընկնում էր։ Բայց Շորշը հանկարծ դարձավ դատախազի պես բծախնդիր։ Հարկ եղավ թարգմանել Պիեռի յուրաքանչյուր բառը, ու երբ Ժերմենայի կազմվածքը նկարագրելիս «թմբլիկը» թարգմանեցի «պարարտ» կամ «լիքը կրծքերով» բառերով, Շորշը բարկացած ընդհատեց ինձ. «Նա բարդու պես սլացիկ է»։ Վերջիվերջո, հարկադրված  այնուամենայնիվ ընդունեցինք, որ ֆրանսիացին Ժերմենային ճիշտ է նկարագրել։

Եվ  այդժամ Պիեռը խնդրեց ոչ  ավել, ոչ պակաս բերել իր հարսնացուին, քանի որ նա քաղաքացիական  անձ է։ Մենք բացատրեցինք, որ դա կարող ենք որոշել միայն մեր ընկերների հետ միասին։ Թող գա  այստեղ վաղը գիշեր։ Պիեռը հարսնացուի համար սկսեց ոսկու սարեր խոստանալ։ Դա մեզ ստիպեց  ավելի ուշադիր լսել ֆրանսիացուն։ Սակայն մեր ջոկի համար Ժերմենան քիչ բան չէր նշանակում։ Երկու գերմանացի զինվորներիս լռությունը Պիեռին ստիպեց մեծացնել փրկագինը. նա կտա պահածոյացված բրյուսելյան խոզապուխտ, ծխախոտ, տաք գուլպաներ…

Երբ վերադառնում էինք մեր դիրքերը, նա մեր հետեւից դեռ գոռում էր.

¬Ֆրանկֆուրտյան նրբերշիկնե՜ր…

Ամբողջ գիշեր ջոկը խորհրդակցում էր։ Պարզվեց, որ դա  այնքան էլ հեշտ գործ չէ։ Ծննդյան տոներին՝ երկու օրից, մեզ պիտի փոխարինեին։  Անհրաժեշտ էր պայմանավորվել նաեւ մեր  աջակողմյան հարեւանների հետ, որպեսզի նրանք էլ չկրակեին։ Դա նշանակում էր, որ փրկագնի մի մասը հարկ կլիներ կիսել տասնվեց մարդու մեջ։

Հաջորդ օրը մենք  այդ  ամենի մասին տեղեկացրինք Պիեռին ու նրա ընկերոջը, որին նա բերել էր որպես վկա։

Եվ  ահա պայմանավորված ժամին մեզ մոտ եկավ շինելով ու կնգուղը գլխին քաշած մի զինվոր։ Ժերմենան էր։ Մենք նրան թաքցրինք բլինդաժի մի  անկյունում՝ ծածկելով վերմակներով։ Շորշը նստել էր ծղոտի վրա ու կամացուկ սուլում էր «Ես իջել եմ լեռներից»։ Նա կորցնում էր իր սրտի տիրուհուն։

Վերջապես վրա հասավ հանդիսավոր պահը։ Շորշն ու ես Ժերմենային տարանք հանդիպավայրը։ Չեզոք գոտում մեռելային լռություն էր։

Հանկարծ ֆրանսիական դիրքից դուրս թռավ մեզ ծանոթ կազմվածքը։ Պիեռը գրկեց Ժերմենային։ Մենք՝ երկու գերմանացիներս, չէինք շարժվում։  Անսպասելի Պիեռը նետվեց դեպի մեզ, գրկեց ու համբուրեց. «Ընկերներ, ընկերներ»,¬կրկնում էր նա։  Այդ պահին Ժերմենան էլ սկսեց համբուրել մեր  այտերը, շուրթերը, նրա ձեռքերը շոյում էին մեր դեմքերը։

¬Մնաք բարով, բարեկամնե՛ր,¬ ասաց Ժերմենան։

¬Ցտեսություն, Ժերմենա՛։ Երջանիկ եղիր,¬ ասացի ես։

Շորշը բան չասաց։ Նա շրջվեց ու հեռացավ։ Ես հետեւեցի նրան։

Ֆրանսիացին հասավ մեր հետեւից.

¬Ընկերնե՛ր։

Նա մեզ երկարեց ծանր փաթեթը։  Աստված իմ, հուզմունքից մենք մոռացել էինք  ամենակարեւորը։

Համա՜ թե քեֆ  արեցինք  այդ գիշեր բլինդաժում։ Հետ չէին մնում նաեւ աջակողմյան հարեւանները։ Ֆրանսիացիներն իրոք ժլատություն չէին  արել. կարմիր գինի,  ապուխտ, նրբերշիկ, շոկոլադ, ծխախոտ։ Խմում էինք ու խմում Ժերմենայի կենացը։

Հանկարծ սակրավորներից մեկը մտածեց ¥իհարկե թունդ ու հաճելի կարմիր գինուց հետո¤, որ պետք է մոմեր վառել։  Ախր մեզանից  ամեն մեկը տնից Ծննդյան տոների  առթիվ մոմերի փաթեթ էր ստացել։ Մենք մոմերը  ամրացրինք փշալարի  ասեղներին, եւ գիշերվա մեջ փայլփլեցին  անթարթ կրակե կետերը։ Թվում էր՝ կրակի լեզվակները պարում են փշալարերի վրա։

Շուտով տեսանք, որ  այն կողմում՝ ֆրանսիական դիրքերում նույնպես վառվեցին մանրիկ կրակե կետեր, չնայած ոչ  այնքան, որքան մեզ մոտ, չէ՞ որ ֆրանսիացիների համար մեծ տոնը ոչ թե Ծնունդն է,  այլ Նոր տարին։

Իսկ մենք բլինդաժում քեֆ էինք  անում, խմում ու խմում մինչեւ լուսաբաց։ Միայն լողլող Շորշն էր լուռ մեկնվել  անկյունի ծղոտներին, ուր դեռ երեկոյան պառկած էր Ժերմենան։

Այդ գիշեր եւ հաջորդ օրը ոչ մի կրակոց չեղավ։ Պատերազմը ռազմաճակատի  այս մասում իր սովորական կերպարանքն ստացավ միայն  այն օրից, երբ դիրքերում մեզ փոխարինեցին նոր մարտկոցները ու բացեցին ուժեղ կրակ՝  անհապաղ ստանալով ֆրանսիական մարտկոցների պատասխան «օրհնությունը»։

 

Թարգմանեց ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #9 (1256) 29.08.2018 – 04.09.2018, Հոգևոր-մշակութային


30/08/2018