ԴԺՎԱՐ՝ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Չդադարող մարզումներ եւ ծրագրով նախատեսված դասընթացներ. հյուսիսարեւելյան զորամասում ուսումնական փուլը ակտիվ ընթացքի մեջ է:
Ամիսներ առաջ գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումների ժամանակ փայլուն հանդես եկած զորամասի անձնակազմն ամրապնդում և կատարելագործում է ունակությունները:
Զորամիավորման լավագույն հետախուզական վաշտի զինծառայողներն են մարզվում: Շտկում են մասնագիտական հնարքները: Նման պարապմունքներն են հղկում հետախույզների դիմացկունությունն ու մասնագիտական վարպետությունը:
«Մենք պետք է ամեն օր, ամեն վայրկյան պատրաստ լինենք դիմակայելու հակառակորդին, ուստի ժամանակը զուր չենք վատնում, անընդհատ կրկնում, ամրապնդում ենք գիտելիքները»,- նշում է ժամկետային զինծառայող Տիգրան Հակոբյանը:
Զինվորական առօրյայի կարևոր ու պարտադիր բաղադրիչներից է նաև ֆիզպատրաստության դասաժամը: Տղաները համալիր վարժություններ են կատարում, կոփում մարմինն ու հոգին: Զինվորների շարքում քիչ չեն նաև մարզիկները: Նրանք ծառայողական հագեցած առօրյային զուգահեռ հասցնում են ժամանակ հատկացնել նաև իրենց մարզաձևերին:
Ժորա Աթոյանն ասում է. «Մեր ֆիզպատրաստության շարահրապարակում բոլոր հնարավորությունները կան, որ պարապես, չթուլանաս եւ նույնիսկ գերազանցես այն արդյունքները, որ ունեիր նախքան բանակ գալը»:
Զորամասի կայանավանում ԴՕՍԱԱֆ-ի մեքենավարման դասընթացներն ավարտած նորակոչիկներն են. ծանոթանում են կցագրված զինտեխնիկային, բնութագրերին ու շահագործման կարգին: Սա անհրաժեշտ է հատկապես զինանձնակազմին տեղափոխել պատրաստվող վարորդների համար. պետք է անսարքության դեպքում կարողանան տեխնիկան արագ գործի դնել, վերացնել թերությունները, հերթափոխին հասցնել մարտական հենակետ:
Գոռ Դավթյանը վստահ է՝ գերազանց կհանձնի մեքենավարման առաջիկա քննությունն ու իբրև վարորդ պատվով կանցկացնի երկամյա ծառայությունը:
…Համաձայն պատրաստության պլանի՝ զորամասերում այս շաբաթ անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այսօրինակ մարզումների պարբերականությունը հնարավորություն է ընձեռում սպաներին փնտրելու և գտնելու նոր լուծումներ, ամրապնդելու մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունները պաշտպանողական մարտի նախապատրաստման և պլանավորման ժամանակ:
Զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը նկատում է. «Սա լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր սպա իրադրության կտրուկ փոփոխության, սրման ժամանակ հմուտ գործի, հմուտ ղեկավարի իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը»:
Մեկ այլ զորամասում գործնական պարապմունքներ են անցկացնում հրետանավորները: Անցած ուսումնական կիսամյակի արդյունքներով, մարտական պատրաստության առումով, ստորաբաժանումը ճանաչվել է պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Ուսման գերազանցիկ Անդրեյ Հովհաննիսյանը, որ նախկինում երբեք չի էլ մտածել հրետանավոր դառնալու մասին, անցնելով ծառայության հրետանային ստորաբաժանումում, մասնակցելով մարտական կրակով անցկացվող զորավարժություններին, մեջբերում է Սուվորովի հայտնի թևավոր խոսքը. «Դժվար՝ ուսման մեջ, հեշտ՝ մարտի դաշտում»:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #9 (1256) 29.08.2018 – 04.09.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում