Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ



ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ տեղի ունեցավ ռուսաստանյան ռազմական կրթօջախներ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին շնորհավորել եւ արդյունավետ ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

 

Սպորտի բնագավառում ունեցած հաջողությունները ռազմական ոլորտում շարունակելու հաստատակամությամբ Աշոտ Հարությունյանը պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ սովորելու օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում: Մինչ մեկնելը, սակայն, զինվորագրվելու ճանապարհի առաջին ու կարևոր քայլն է սպասվում՝ երդման հանդիսավոր արարողությունը:

«Տրամադրված եմ մարտական, սովորելու եմ գերազանց, որպեսզի բարձր պահեմ Հայաստանի ու ծնողներիս պատիվը»,-ասում է Աշոտը: Նախ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիր, ապա՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, այժմ էլ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն՝ Աշոտի սերը զինվորական ծառայության ու համազգեստի նկատմամբ դեռ փոքրուց է: Մայրը՝ տիկին Լարիսան,  հիշում է, թե ինչպես որդին ընդունվեց «Փոքր Մհեր» կրթահամալիր. «Քննությունից ուշացել էինք: Տխուր-տրտում պատրաստվում էինք տուն վերադառնալ, սակայն ճանապարհին պատահաբար հանդիպեցինք տնօրենին: Նա Աշոտին հարցրեց. «Դո՞ւ ես ընտրել զինվորականի մասնագիտությունը, թե՞ մայրիկդ է համոզել: Վստահ պատասխանեց՝ ե՛ս եմ ուզում»»:

Սպա դառնալու Աշոտի որոշումը ծնողները մեծ ոգևորությամբ են ընդունել: Նրանք հպարտությամբ են նշում. իրենց որդին նախընտրել է հայրենյաց պաշտպանի պատվաբեր ու պատասխանատու մասնագիտությունը` որպես կենսակերպ ու առաքելություն:

 

ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ«Մարտական դրոշի ներքո, զգա՛ստ». հրամանը տրված է: Մեկնարկում է հանդիսավոր միջոցառումը: Կուրսանտներին նախ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է շնորհավորում, արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթում:

Զենքը ձեռքին, գլուխը բարձր, հպարտ կեցվածքով կուրսանտները մեկ առ մեկ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տալիս:

 

Հորեղբորից ոգեշնչվելով՝ Արթուր Մուրադյանն էլ է ընտրել զինվորականի մասնագիտությունը: Սովորելու է ՌԴ Միխայլովի անվան ռազմական հրետանային ակադեմիայում. «Հպարտ եմ, որ այսուհետ կրելու եմ հաղթանակած բանակի համազգեստը: Մեր բանակին պետք են բանիմաց սպաներ, որ հաղթանակները մշտական դառնան»:

 

Երդման արարողությունից հետո կուրսանտներին առաջինը հարազատներն են շնորհավորում ու քաջալերում: Նրանցից շատերը  սպաներ են:

Կուրսանտների շարային երթը եզրափակում է հանդիսավոր միջոցառումը: Տղաները թևակոխում են զինվորականի կայացման պատասխանատու ուսումնաշրջան:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #9 (1256) 29.08.2018 – 04.09.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/08/2018