ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԵԼ Է «ԲԱՐԲԱՐՈՍՍԱ» ԾՐԱԳԻՐԸ
Թուրքիայի զինվորական հրամանատարությունը ռազմածովային նոր ռազմավարություն է մշակել, որն անվանվել է «Օպերացիա Բարբարոսսա-Էգեյան վահան»:
Նոր ռազմավարության շրջանակներում թուրքական ռազմական նավատորմն իր ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից կտեղափոխի Միջերկրական ծով: Մասնավորապես, խոշոր ուժեր կտեղակայվեն Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ: Այնտեղ լրացուցիչ կուղարկվեն երկու ֆրեգատ, երկու կորվետ, մի քանի պահականավեր և հրթիռանավեր, ինչպես ապահովման և մատակարարման նավեր:
Ռազմածովային ուժեղացված խմբավորման օդային պաշտպանությունը կիրականացնեն Կոնյա և Իզմիր քաղաքների մերձակայքում տեղակայված ավիաբազաների ինքնաթիռները: Այդ ավիաբազաներում ի թիվս այլ ինքնաթիռների տեղակայված են նաև թուրքիայի ամենաժամանակակից կործանիչները` ամերիկյան F-16C/D Fighting Falcon:
Թուրքական նավերը մշտական մարտական հերթապահություն կիրականացնեն նաև Ադրիատիկ և Կարմիր ծովերում, Հնդկական օվկիանոսում: Մերձավորարևելյան տարածաշրջանում մշտապես կհերթապահեն 4 ֆրեգատ և ապահովման 1 նավ` հատուկ նշանակության ջոկատով:
Թուրքական կառավարությունը հաստատել է «Բարբարոսսա» ծրագիրը Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատանալուց հետո:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան