Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է



ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է

Տարածքը – 5 348 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը – 18.0%

Մարզկենտրոնը` ք. Գավառ

Տարածաշրջանները` Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ

Քաղաքները` Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 3597 մ (Աժդահակ լ.)

Ամենացածր կետը ծովի մակարդակից – 1325 մ (Գետիկ գետի հովիտ)

Բնակչությունը – 230.7 հազ. մարդ (2017 թ. դրությամբ)

 

Գեղարքունիքի մարզը տարածքի մեծությամբ առաջինն է Հայաստանի Հանրապետությունում: Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը: Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝  Վայոց ձորի մարզին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՄարզի ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք՝ 85 կմ, ամենացածր կետը Գետիկ գետի կիրճն է (Ձորավանք գյուղ, 1 325 մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3 597 մ):

Բարձր լեռներն են Սպիտակասարը  (3 555 մ), Վարդենիսը (3 522 մ):

Գլխավոր լեռնաշղթաներն են` Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի:

Ամենաերկար գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ) և Մասրիկը  (45 կմ):

Ամենամեծ լիճը ՝  Սևանա լիճը  (1 278.7 կմ2 մակերես) ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա է: Այն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճերի մեջ երկրորդն է: Առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է:

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա և Ուրմիո լճերից հետո:

Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝  Հրազդանը:

Լիճը հայտնի է էնդեմիկ ձկնատեսակներով (Սևանի բեղոտ, Սևանի կողակ, Սևանի իշխան):

Լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից է: Այստեղ կան կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր: Վանի թագավորության շրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) այստեղ կառուցվել են ամրություններ ու բնակավայրեր:

Լճի մակարդակը վերականգնելու համար կառուցվել են Արփա-Սևան (48.3 կմ), ապա՝  Որոտան-Արփա ջրատարները (21,6 կմ):

Այստեղ առկա են բույսերի 1 600 և կենդանիների  330 տարատեսակներ:

Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ:

Հունվարյան միջին ջերմաստիճանը -5 -100C է: Ամառները տաք են, արևոտ: Միջին ջերմաստիճանը հասնում է +18 +200C:

Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում` մինչև 1000 մմ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՕգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) պաշարները:

Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունիքի հնագույն բնակավայրերից է:

Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն:Նորատուսում գտնվող միջնադարի ճարտարապետական բարձր ոճով քանդակված բազում խաչքարերը տեսնելու են գալիս աշխարհի տարբեր երկրներից հազարավոր զբոսաշրջիկներ:

Սևանի թերակղզում է գտնվում Սեւանավանքը. 874թ. Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամն է այստեղ կառուցել երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին (պահպանվել է արձանագրությունը):

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԳեղարքունիքի մարզում է նաև հրաբխային խառնարանով Արմաղան լեռը:

Լեռան բարձրությունը կազմում է 2829 մ: Գագաթին առկա է 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ:

Ըստ ավանդապատումի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի անտեսանելի լինեն մարդկանց համար` այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ պատվում է մառախուղով:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Հոգևոր-մշակութային


06/09/2018