ԻՄ ԵՂԲԱՅՐ ՍԵՎԱԿԸ
-Ես ընդամենը երկու անգամ եմ Սեւակին տեսել զինվորական համազգեստով: Առաջին անգամ` երբ եղբայրս հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում էր տալիս, եւ երկրորդ անգամ` երբ իմ ծննդյան օրը տուն մտավ` հզոր, հպարտ ու խնդուն: Ու տունը բառացիորեն լցվեց իրենով: Ցնծությամբ: Զինվորական համազգեստը շատ էր սազում Սեւակին: Նրա էությանը: Սեւակի ամենաբնորոշ հատկանիշը ուժն էր: Ուժը նրա բոլոր առաքինությունների հիմքն էր: Հոգու ուժը:
…Սևակը երկու տարով փոքր էր ինձնից: Նա իմ միակ եղբայրն էր: Մենք միասին էինք քնում, միասին էինք արթնանում, միասին էինք հողը փխրեցնում բահով ու սածիլները դնում փոքրիկ փոսերի մեջ…
Սևակը սիրում էր ժամերով կպցնել լեգոյի խորանարդիկներն իրար ու տներ պատրաստել՝ մի ամբողջ թաղամաս… Ու երբ ես «անցնում էի» նրա «քաղաքի» վրայով «երկրաշարժի պես», Սևակը ծեծում էր ինձ: Հա, ես էի մեծը, բայց Սևակն ավելի ուժեղ էր…
Ես ավագն էի, ու մանկության տարիներին բոլորն ինձնով էին զբաղված. Սևակը մի տեսակ ուշադրությունից դուրս էր մնացել: Երբ մայրս սովորեցնում էր դասերս, Սևակը նստում էր իմ կողքին ու ինձնից արագ էր սովորում անգիրը, ինձնից սիրուն էր գրում տառերը: Երբ սկսեց դպրոց գնալ, բոլորը հասկացան, որ նա շատ ավելի ընդունակ է ու աշխատասեր, քան ես…Ու նրան մեծ ապագա է սպասվում:
Սևակին բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, ընկերները, հարևանները, համագյուղացիները; Իսկ աղջիկները պաշտում էին նրան: Սևակը հաղթանդամ էր, գեղեցիկ, նրբանկատ…Տասներկու տարի գերազանց սովորեց դպրոցում:
Սևակին մեկ անգամ տեսնողը էլ չէր մոռանում, էնպիսի ներքին հմայք ուներ:
Սերգեյի դեմքը զարմանալիորեն խաղաղ է, աչքերը տաք են ու լուսավոր: Հիշողությունները նրան իսպառ կտրել են իրականությունից ու տարել անցյալ: Իսկ ես ավելի ու ավելի եմ լարվում: Իմ քունքերում անկանգ տրոփում է կրակոց բառը: Այս զրույցը միայն մի ճանապարհ ունի՝ դեպի առաջնագիծ, որտեղ հակառակորդի դիպուկահարն է ու դիտակետից իր երկրի խաղաղությունը հսկող զինվորը…
-Սևակը բռնցքամարտով էր զբաղվում: Ամեն առավոտ դասի գնալուց առաջ մարզվում էր:
Սերգեյը «ձգում է» զրույցը: Գուցե անգիտակցաբար, գուցե թաքուն հույսով, որ ժամանակը կանգ կառնի 2015 թվականի վրա, …ու չի գա 2016-ը:
-Երբ զորահավաքակայանում ասացի՝ Սևա՛կ, պետք լինի՝ ընկերներս թիկունք կլինեն քեզ, ներողամիտ ժպտաց: Ի՞նչ իմանայի, որ ինքն է բոլորին սատար լինելու:
…Երբ բանակից եկա, Սևակն արդեն հասուն տղամարդ էր: Էնքան հասուն, որ ավագության իրավունքը փոխվեց: Ոնց էի ուրախանում, երբ ընկերներս ասում էին՝ չնեղանաս, բայց Սևակին քեզնից շատ ենք սիրում: Ասում էին՝ Սևակն ուրիշ է:
Նրա հրամանատարը` փոխգնդապետ Զավեն Հունանյանն ասում էր, որ Սեւակը եղել է իր ամենաքաջ, ամենակարգապահ ու ամենախելացի զինվորներից մեկը: Ասում էր, որ նա բոլոր հանձնարարություններն անթերի էր կատարում: Սիրում էր իր ընկերներին ու բոլոր դժվարությունները հաղթահարում էր արժանապատվորեն:
…Սևակը թերություն չուներ: Ես անընդհատ հիշում եմ, վերհիշում…ու ոչ մի թերություն չեմ գտնում նրա մեջ: …Հավատո՞ւմ եք:
– Հավատում եմ,- ասում եմ՝ այդ մի հատիկ բառի մեջ դնելով սիրո, հարգանքի, մխիթարության ու երախտիքի իմ ամբողջ կարողությունը…
– Սևակն ընդունվեց պետական համալսարանի ինֆորմատիկայի ու համակարգչային գիտությունների բաժինը: Նա կարող էր ցանկացած բուհ ընդունվել, որովհետև բոլոր առարկաներից գերազանց էր ստանում ու մրցանակներ էր շահում օլիմպիադաներում: Բոլոր ուսուցիչներին թվում էր, թե Սևակը հենց իրենց առարկայի ուղղությամբ է շարունակելու ուսումը:
Իմ հրամանատարը՝ փոխգնդապետ Աշոտ Հովհաննիսյանը, այցելել էր Սևակին, երբ նա հոսպիտալում էր: Սևակը շատ էր ուրախացել: Հիմա Սևակի հրամանատարը՝ փոխգնդապետ Զավեն Հունանյանն է դարձել մեր ընտանիքի բարեկամը: Մի անգամ հարցրել էին՝ դու ՎՈՒԴ-ի Սերոժի եղբա՞յրն ես: Ու երևի գովել էին ինձ: Սևակը զուսպ տղա էր, բայց հպարտությունը չէր կարողանում թաքցնել: Երևի դա միակ դեպքն է, որ Սևակին ինձնով էին ճանաչել: Մեր ամբողջ ընտանիքին էին Սևակով ճանաչում: Համագյուղացիների համար ես Սևակի եղբայրն էի, մայրս Սևակի մայրն էր, հայրս՝ Սևակի հայրը…
Սերգեյը լռում է: Կողքի սեղանի մոտ երիտասարդ մայր է նստած՝ երկու մանկահասակ աղջիկների հետ: Երեխաները ձողիկով դեղնավուն հյութ են խմում ու թմփլիկ թաթիկները թափահարելով ողջունում են Սերգեյին: Մի օր այս փոքրիկները կմեծանան: Ու կիմանան, որ Արմավիրի Արևիկ գյուղում ապրել է մի տղա՝ Սևակ անունով ու զոհվել է, որ իրենք Հայրենիք ունենան: Եթե նրանք իմանան այս ամենը, մեր հայրենիքն ավելի ուժեղ ու պաշտպանված կլինի:
-Զորահավաքակայանում մի բարձրաստիճան զինվորական, տեսնելով Սևակի արտաքին տվյալները, ասում է՝ դու կծառայես պատվո պահակախմբում…
Սերգեյը, ինչպես հանկարծակի սկսել էր, այնպես հանկարծակի լռում է, հետո դանդաղ խառնում է պաղպաղակը, սևեռված ձուլելով սպիտակն ու դարչնագույնը: Նա այնպես հիմնավոր է լռում, ասես՝ ավարտեց ասելիքը: Ասես՝ եթե լռի, հրաշք կկատարվի, …ու կփոխվի Սևակի պատասխանը: Սևակը կգնա ծառայելու պատվո պահակախմբում՝ սպիտակ ձեռնոցներով ու անվտանգ…
-Հետո՞…
-Սևակն ասում է՝ ես պիտի առաջնագիծ գնամ…
Մեծ էկրանին Արաբո Իսպիրյանը մոր մասին ինչ-որ երգ է երգում: Փոքրիկ աղջիկները իջել են աթոռներից ու պարում են, իսկ մայրը ծափահարում է խանդավառ:
-Փոխգնդապետ Զավեն Հունանյանը խրամատում դիրքավորված տղաներին ասում է, որ շարժ է նկատվել հակառակորդի կողմում,- Սերգեյը ինձ չի նայում, պատմում է՝ աչքը պարող փոքրիկներից չկտրելով:- Հետո Սևակին զգուշացնում է՝ Կարոյի հանդեպ ուշադիր կլինես. առաջին անգամ է դիրք բարձրանում: Քիչ անց Սևակը մոտենում է դիտակետին (փոխգնդապետ Զավեն Հունանյանն է պատմել): Նույն պահին ուժեղ պայթյուն է լսվում: Սևակը Կարոյին ասում է՝ ոնց որ՝ վիրավոր եմ, զրահաբաճկոնս հանիր՝ տեսնեմ՝ հո սրտիս չի՞ կպել: Գումարտակի հրամանատար Զավեն Հունանյանը վազելով մոտենում է, հանում զրահաբաճկոնն ու տեսնում, որ եղբայրս կորած է արյան մեջ: Սևակն ասում է՝ մորս չասեք, որ վիրավորվել եմ: Նա հանգչում է փոխգնդապետ Զավեն Հունանյանի ձեռքերում: «Հպարտ եմ, պատիվ ունեմ»՝ ասում է ու փակում աչքերը…
…Անձրևը դադարել է: Արևը լցվել է սրճարան ու ոսկեգույն ներկել պատերը, սեղաններն ու մարդկանց: Սերգեյը հեռախոսը մոտեցրել է դեմքիս:
– Կարոտել եմ, տուն իմ հայրենի,
Դու ամրոցն ես հզոր հայրերի,
Ու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի,
Հայրենի՛ք,
Աղոթում եմ՝ Աստված պահպանի…
Սևակն է երգում: Այնքան հուզված է երգում, այնքան քաղցր ու զուլալ: Փոքրիկ աղջիկները մոտեցել են մեր սեղանին ու Սևակի երգի տակ ճոճվում են նազանքով՝ թափահարելով ոսկեգույն հյուսիկների դեղին-կարմիր ժապավենները:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում