Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ



ՀԱՎԵՐԺՈՂ ԽՈՐՀՈՒՐԴՀայրենի հողը նորից ջերմացավ: Ո՛չ, ռումբեր չեն պայթում, արյուն չի հեղվում: Արևի շողերի ջերմ համբույրից է ջերմացել հողն իմ հայրենի: Այս գարունն էլ նման կլինի իմ կյանքի բոլոր քսան գարուններին՝ խաղա՜ղ, ծաղկառատ:

Հիմա ե՛ս եմ քո պաշտպանը, քո սահմանների անառիկության առհավատչյան: Ես զինվո՛ր եմ, հա՛յ զինվոր, հաղթանակա՛ծ բանակի զինվոր:

Մայրս տանն ինձ է սպասում: «Մա՛մ, հպա՛րտ եղիր բոլոր այն մայրերի նման, որոնց զավակներն իմ կողքին, ինձնից առաջ, առանց մեկ րոպե անգամ վարանելու հագան հայկական բանակի զինվորի համազգեստն ու երդում տվեցին: Հիշում եմ, որ միշտ ասում էիր, թե պապս ինչպես է առաջին անգամ ինձ գրկել և ասել, թե կարող է հանգիստ խղճով հեռանալ. իր տանը զինվո՛ր է ծնվել: Ասել է ու խանձարուրս դրել պատից իջեցված հրացանի կողքին»:

Պապս չկա…

Ավետը զինակից ընկերս է:

Նրան ընտանիքում սպասում են անվասայլակին ընկերացած հայրը, վիշտը սրտում անթեղած մայրն ու քույրը, որին բաժին է հասել աչքերում ծվարած թախիծը։

Հայրը կյանքի գնով պաշտպանել է ընկերներին: Ավետը միշտ ասում է, որ իր հայրը Աստծո պահածն է: Հոր միակ հույսը ինքն է: Հայրենասեր հոր միակ հույսն ու հպարտությունը:

Ավետը կանչիս չի արձագանքում: Մտքերի ծովում է: Մեր շուրջը թվացյալ խաղաղություն է: Պետք չէ խախտել կյանքի անդորրը: Թող այս թռչունն իր վաստակածը վայելի: Ծիծաղելի է, չէ՞. թռչունին ընդամենը մի քանի հատիկ է պետք: Հատիկին ծլել է պետք, ինչն անգամ թռչունին չի հետաքրքրում:

-Հա՛յկ, լսու՞մ ես ինձ:

Ժպտում եմ Ավետին և գլխով հաստատում: Աչքերս հայրենիքիս սահմանն են հսկում:

-Մի անգամ հայրս իր հրացանն էր մաքրում: Ընկերներիս հետ խաղում էի: Ես գիտեի, թե զենքերը միայն խաղալիքներ են: Վազեցի հորս մոտ և նայեցի. զարմացած էի նայում: Հայրս, առանց գլուխը բարձրացնելու, ասաց. «Այս հրացանը պապիս հրացանն է եղել: Աչքի լույսի պես էր պահում: Ոչ ոք նրան չէր կարող դիպչել: Իր համար սուրբ էր»:

Մաքրում էր հայրս հրացանն ու կարծես ինքն իր հետ ինչ-որ բան խոսում:

Հայ ժողովուրդը բռունցքվեց: Նրա գլխին նորից սև ամպեր կուտակվեցին: Հայրս վերցրեց հրացանն ու… Ժամանակն էր. Արցախն էր կանչում: Ընկերների հետ հայրս էլ գնաց:

Թշնամին պարտվեց: Նա մինչև հիմա վիրավոր շան նման գլուխն այս ու այն կողմ է թեքում և անհույս կաղկանձում:

Հուսանք, որ աշխարհն առողջ է…

Հայրս ինձ է սպասում: Գարուն է: Ես երևի էլ չբարձրանամ այստեղ: Հիմա էլ վախենում եմ դիրքերս թողնելուց: Բա որ հանկա՞րծ… Ո՛չ, նա՛ էլ է խիզախ, նա՛, ով գալու է ի՛նձ փոխարինելու:

Գնա՛մ, որ պապիս հրացանը մաքրեմ…

 

ԱԼՎԻՆԱ ՇԻՐՎԱՆՅԱՆ

Գ. Չաուշի անվան դպրոցի ուսուցչուհի

Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Հոգևոր-մշակութային


06/09/2018