Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂ ՀԶՈՐ ՏՂԱՆԵՐԸ



ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂ ՀԶՈՐ ՏՂԱՆԵՐԸԱրցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձն է: Սահման ենք ճանապարհվում՝ շնորհավորելու դիրքապահ զինվորներին, փոխանցելու Արցախի ազատամարտիկների միության ու Քաշաթաղի շրջվարչակազմի պատրաստած նվերները:

 

Նախ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը հարավարեւելյան զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանից հետաքրքրվում է սահմանային իրավիճակից, այնուհետեւ բարձրանում ենք դիրքեր: Բոլոր հենակետերում զինվորները մեզ սիրով են դիմավորում: Վստահեցնում են՝ աչալուրջ են: Շարքային Հակոբ Փափախչյանը ծառայությունից է պատմում. ոչ մի դժգոհություն:  Սարգիս Առաքելյանն էլ իր դիտակետից ուշիուշով հսկում է հակառակորդին: Գյումրեցի Ռազմիկ Պետրոսյանը երրորդ անգամ է մարտական հերթապահության բարձրացել:  Կապանցի Վոլոդյա Հովակիմյանն էլ համոզում է, որ դիրքերում ծառայությունը գերադասում է զորանոցային պայմաններից: Ինչ լավն են մեր տղաները, ինչ հզոր են:

Հաջորդ հենակետում մեզ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արթուր Չիլինգարյանն է դիմավորում: Զրուցում ենք, հետաքրքրվում հակառակորդի պահվածքից: Ծառայությունն անցնում է առանց միջադեպերի, զինվորների տրամադրությունը բարձր է: Մեզ է միանում արցախցի դասակի հրամանատար, կապիտան Անդրանիկ Ստեփանյանը. դիրքերն էր ստուգում: Ուղնուծուծով զինվորական է. ավարտել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Հինգ տարի է՝ մարտական հենակետում է: Ինչքան է տարբերվում իր հասակակիցներից:

Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանի ուղեկցությամբ հենակետ են այցելում նաեւ ՊԲ կանանց խորհրդի անդամները: Մայրական հոգատարությամբ հետաքրքրվում են զինվորներին մատուցվող սննդի, փոխհարաբերությունների, առողջական վիճակի մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռոմելա Դադայանը զինվորներին հորդորում է՝ եղեք զգոն ու աչալուրջ:

Այս հենակետում է ապրիլյան քառօրյայի ժամանակ խոցվել թշնամու ուղղաթիռը: Տղաները մանրամասներ են պատմում: Այստեղ դեռ կարելի է տեսնել խոցված ուղղաթիռի մնացորդները: Դիրքում ծառայող շարքային Գարի Դավթյանն ու իր զինակից ընկերներն ասում են, որ  իրենք էլ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել նույնպիսի քաջությամբ: Չենք էլ կասկածում:

Հաջորդ հենակետում ենք: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանն ասում է՝  գիշերը հանգիստ է անցել, կրակոցներն էլ քիչ են:

Վերադարձին զրուցում եմ զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արմենակյանի հետ, որն այստեղ նվիրյալ բժշկի համբավ ունի: Ի դեպ՝ բոլոր դիրքերում զինվորները նրան  հարազատի պես էին ընդունում: Կապիտանն ասում է՝ առողջ զինվորն է մարտունակ բանակի հենասյունը:

Տունդարձի ճանապարհին մտածում եմ՝ սահմանը անառիկ պահող մեր հերոս տղաներն արժանի են մեծարման:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Ազգային բանակ


06/09/2018