ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Հունանյան, վերջին ամիսներին Ադրբեջանը սրել է իրադրությունը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում: Դա, անկասկած, ավելի լարված է դարձրել նաեւ ռազմական հետախուզության աշխատանքը: Մեր հետախույզները սպասո՞ւմ էին նման մարտահրավերի, պատրա՞ստ էին դիմագրավելու հակառակորդի ոտնձգությունները:
-Ադրբեջանի նման հակառակորդ ունեցողը միշտ պետք է պատրաստ լինի սադրանքների: Այս առումով մենք անակնկալի չենք եկել: Ավելին, թշնամու ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնացել: Հատուկ նշանակության մեր բոլոր ստորաբաժանումները մասնակցել եւ մասնակցում են հակառակորդին արժանի պատասխան տալու գործողություններին եւ դրանց պատրաստ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն:
-Այսօր առաջին գծում «նշանառուների պատերազմ» է: Կարելի՞ է խոսել նաեւ «դիվերսիոն պատերազմի» մասին:
-Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ակտիվացել են, նրանց սադրանքներն ավելի հաճախակի են դարձել: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ ներքաշել զինված ընդհարման մեջ, սակայն ՀՀ ԶՈՒ եւ մեր ղեկավարության ջանքերով նման փորձերը հաջողությամբ կանխվում են: Միեւնույն ժամանակ մեր կողմից ձեռնարկվում են բոլոր հակամիջոցները` թշնամուն արժանի հակահարված տալու համար:
-Ադրբեջանում հերոսի կոչում են տվել Մուբարիզ Իբրահիմովին այն բանի համար, որ նա այս տարվա հունիսին սպանել եւ վիրավորել է մի քանի հայ զինվորի: Ձեր կարծիքով, ի՞նչն է հերոսական նրա արարքում:
-Իբրահիմովը հաջողության է հասել զուտ պատահականորեն: Նրա արարքն ավելի շուտ նման է 2004թ. Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի՝ քնած հայ սպայի կացնահարմանը: Ես նույնիսկ ուրախանում եմ, որ Ադրբեջանում նրա նմաններին են հերոսի կոչում տալիս. դա նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության եւ ԶՈՒ ղեկավարությունը զուրկ է հերոսականության իրական չափանիշների պատկերացումից, հետեւաբար` ունակ չէ նաեւ հերոսության մղելու սեփական ժողովրդին, ուստի նրան մղում է ոչ թե սխրանքի, այլ` մարդասպանության:
Մուբարիզ Իբրահիմովը սովորական վահաբական ահաբեկիչ է: Նա եկել էր սպիտակ ներքնաշոր հագած, լողացած-մաքրված. վահաբական մահապարտները ինքնազոհության դիմելուց առաջ լողանում են ու սպիտակ հագնում: Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունն այսօր էլ, ինչպես Արցախյան պատերազմի տարիներին, չի խորշում մահմեդական ահաբեկիչների օգնությունից: Ավելին՝ որդեգրել է նրանց հերոսի կոչում տալու դատապարտելի քաղաքականությունը:
-Ճամբարակցի Մանվել Սարիբեկյանի գերեվարումն ու սպանությունը արդյոք չե՞ն վկայում, որ Ադրբեջանի ռազմական հետախուզությունը սկսել է գործել ավելի դաժան մեթոդներով:
-Ադրբեջանցիները միշտ են դաժան վարվել գերիների ու պատանդների հետ` թե՛ Արցախյան պատերազմի տարիներին եւ թե՛ զինադադարի ընթացքում: Նրանց գործելաոճը չի փոխվել: Դեպքեր են եղել, երբ հայ գերու երակների մեջ նավթ են ներարկել` հայկական կողմին հանձնելուց առաջ, խեղճը կուրացել է: Նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել:
-Պարո՛ն Հունանյան, Ադրբեջանում խոսում են ԼՂՀ եւ այաստանի դեմ «կայծակնային պատերազմի» հնարավորության մասին: Ադրբեջանը կարո՞ղ է հանկարծակի հարձակումով անակնկալի բերել մեզ, մեր ռազմական հետախուզությանը:
-Լայնամասշտաբ պատերազմ հանկարծակի սկսել հնարավոր չէ:
-Եկող տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն համարյա կրկնապատկվելու է: Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ռազմական բյուջեի համարյա կեսը ծախսվելու է սպառազինություն գնելու համար: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդ մասին բարձրաձայնում, ինչո՞ւ է բացահայտում իր հնարավորությունները:
-Ադրբեջանն իր հնարավորությունները չի բացահայտում, քանի որ այդ 3.1 մլրդ դոլարը նրա ռազմական բյուջեի իրական մեծությունը չէ. Ադրբեջանն ավելի շատ է ծախսում: Իրական թիվը նա երբեք չի ասի: Խնդիրն այլ է. Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը` ձեռք բերելով անհամեմատ ավելի շատ սպառազինություն ու տեխնիկա, քան թույլատրվում է: Մենք տիրապետում ենք Ադրբեջանի սպառազինության իրական քանակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը:
Ինչ վերաբերում է բարձրաձայնելուն, ապա դրա նպատակը Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելն է: Բոլոր այդպիսի փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ Արցախյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ հայերն ադրբեջանցիներին կարող են հաղթել նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս բազմակի գերազանցում են ինչպես սպառազինությամբ ու տեխնիկայով, այնպես էլ մարդկային ռեսուրսներով:
-Վերջերս ադրբեջանական մամուլում նվազել են բանակի մասին հրապարակումները: Ձեր տվյալներով, ինչպիսի՞ն են ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը եւ մարտունակությունը, ի՞նչ լուրջ խնդիրներ կան նրանց բանակում:
-Այնտեղ ոչինչ չի փոխվել, ընդամենը գրաքննությունն է ուժեղացել: Համարյա բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են, առանց պաշտպանության նախարարության թույլտվության բանակի մասին ոչինչ չի հրապարակվում: Մի մոռացեք նաեւ, որ նրանք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին են:
Ադրբեջանական բանակի մարտունակությունն առաջվա նման ցածր է, բարոյահոգեբանական վիճակը` անկայուն: Նախորդ տարվա համեմատ բոլոր բանակային կորպուսներում ավելացել է արտակարգ դեպքերի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը: Ավելացել են սպանությունների, կաշառակերության, պետական միջոցների յուրացման եւ դրամաշորթության դեպքերը: Մարտական պատրաստության գործընթացն արդյունավետ չէ` սպաների կրթական ցածր մակարդակի պատճառով, սրվել են քրեածին իրավիճակը եւ միջկրոնական հակասությունները տարբեր էթնիկ խմբերի միջեւ, հանցագործությունները թաքցվում են: Բանակի ղեկավարության կոռումպացվածության վկայություն կարելի է համարել այն, որ վերջերս Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարար Աբիեւին ու գլխավոր շտաբի պետ Սադիխովին արգելեց զբաղվել սպառազինություն ձեռք բերելով եւ այդ ոլորտի պատասխանատու նշանակեց առաջին փոխվարչապետ Էյուբովին:
-Հայաստանի ԶՈՒ-ն հետզհետե ավելի թափանցիկ է դառնում հասարակության համար: Ադրբեջանում, ընդհակառակը, խստանում է բռնապետական ռեժիմը, ինչի հետեւանքով ԶՈՒ վերաբերյալ ցանկացած տեղեկություն գաղտնի է պահվում: Ստացվում է, որ ադրբեջանական ռազմական հետախուզության գործը հեշտանում է, իսկ հայկական հետախուզությանը` դժվարանո՞ւմ:
-Այո՛, բռնապետական ռեժիմների ԶՈՒ վերաբերյալ տեղեկություն հայթայթելն ավելի դժվար է` նկատի ունենալով նման երկրներում վարչական ռեսուրսի եւ հակահետախուզության անսահմանափակ հնարավորությունները: Մյուս կողմից, ինչքան ավելի բռնապետական է երկիրը, այնքան ավելի շատ են իշխանությունից դժգոհները. այս հանգամանքը հետախուզությունն անշուշտ օգտագործում է:
Այլ կերպ ասած` հեշտն ու դժվարը, ի վերջո, հետախույզի արհեստավարժության հարց է: Հայերս ունենք հետախուզության հիանալի ավանդույթներ, կարող ենք հպարտանալ մեր հայրենակից աշխարհահռչակ հետախույզներով` Գ.Վարդանյան, Ա.Կետիկյան, Դ.Դավիդյանց, Ա.Ղազարյան, Հ.Հովակիմյան եւ ուրիշներ: Մենք նրանց հետեւորդներն ենք:
-Ադրբեջանը կատարելագործում է հետախուզության տեխնիկական միջոցները: Մասնավորապես, մամուլում գրվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի եւ տիեզերական արբանյակ ձեռք բերելու ծրագրի մասին: Իսկ Հայաստա՞նը:
-Նախ` մենք միայն մամուլի հրապարակումներից չէ, որ գիտենք Ադրբեջանի զինանոցի նոր նմուշների մասին: Ինչ վերաբերում է մեր հակաքայլերին, ապա կարող եք չկասկածել, որ դրանք համարժեք են եւ լիովին բավարար` մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Ուզում եմ շեշտել, որ մեր ոլորտը ՀՀ բարձրագույն ղեկավարության մշտական ուշադրության եւ հոգածության առարկան է:
-Ադրբեջանի դիվերսիոն վերջին արտագրոհներից հետո գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը շրջանառության մեջ դրեց այն տեսակետը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հնարավոր պատերազմը կանխելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանին «անուղղելի վնաս» հասցնելուն: Հնարավո՞ր է, որ դա կատարվի ռազմական հետախուզության ուժերով:
-Եթե մեր առջեւ այդպիսի խնդիր դրվի, ապա մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ պատրաստ ենք:
-Հետախուզությունից կանխատեսումներ են պահանջում հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ: Ձեր կանխատեսումները մ՞իշտ են իրականանում:
– Մեր կանխատեսումներն իրականանում են այն ճշգրտությամբ, որն անհրաժեշտ է երկրի ռազմական անվտանգությունն ապահովելու համար:
-ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ռազմական հետախուզությունում փոփոխություններ սպասվո՞ւմ են: Մասնավորապես՝ ակնկալվո՞ւմ է հատուկ նշանակության ստորաբաժանումների դերի բարձրացում:
-Ցանկացած երկրի հետախուզություն զգուշանում է կառուցվածքային կտրուկ փոփոխություններից: Դա պայմանավորված է հետախուզության առանձնահատկություններով: Հետախույզները նույնիսկ կատակով ասում են, որ վախենում են երեք բանից` բացահայտումից, գաղտնազերծումից եւ վերակառուցումից: Բայց դա չի նշանակում, թե մեր կառույցը զարգանալու կարիք չունի: ՀՀ ռազմական հետախուզության զարգացումը նախանշված է ՀՀ ղեկավարության կողմից եւ կիրագործվի ծրագրի համաձայն: Ե՛ւ հատուկ նշանակության ստորաբաժանումները, եւ՛ մեր մյուս կառույցները պետք է բավարարեն արդի պահանջները: Այս տարի արդեն իսկ էապես բարելավվել է մարտական պատրաստության որակը, ստորաբաժանումները համալրվել են տեխնիկական նորագույն միջոցներով: Ծրագրված է շարունակել այդ գործընթացը` հաշվի առնելով այլ երկրների փորձը: Նախատեսվում է կատարելագործել եւ՛ տեխնիկական միջոցները, եւ՛ անձնակազմի մասնագիտական կրթությունը, եւ՛ սպառազինությունը:
-Կա՞ն ձեռքբերումներ, որոնց մասին կուզենայիք խոսել:
-Այո՛, ձեռքբերումներ եղել են թե՛ այս եւ թե՛ անցած տարիներին` ինչպես մարտական խնդիրների կատարման, այնպես էլ մարտական պատրաստության ոլորտներում: Բազմաթիվ հայ հետախույզներ պարգեւատրվել են պետական, գերատեսչական եւ այլ պարգեւներով: Հենց դա էլ ձեռքբերումների վկայությունն է, դրանց գնահատականը: Ճիշտ է՝ սովորաբար պարգեւատրումների մասին հասարակությունը չի իմանում, ինչն էլ հենց հետախույզի մասնագիտության առանձնահատկություններից է: Մեր կարգախոսն է` «Վասն հայրենյաց, բայց առանց փառքի իրավունքի»:
– Ձեր մաղթանքը հետախույզի մասնագիտական տոնի առթիվ:
-Բոլոր ռազմական հետախույզների անունից ուզում եմ հավաստիացնել մեր ժողովրդին, ՀՀ նախագահին, ԶՈՒ եւ ՊՆ ղեկավարությանը, որ հայ ռազմական հետախույզները պատրաստ են իրենց սրբազան պարտքը կատարելու ժողովրդի եւ հայրենիքի հանդեպ:
Հետախույզներին մաղթում եմ առողջություն, նրանց ընտանիքներին` բարօրություն, եւ թող միշտ իրենց մասնագիտական պարտքը կատարեն խաղաղ պայմաններում:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ