«ՇԱՆԹ-2018». ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ԲՆԱԳԻԾԸ
Օր երկրորդ: Արտակարգ ռեժիմով իր գործառույթներն է շարունակում իրականացնել զինված ուժերի գլխավոր շտաբը: Ընդհանուր խաղարկային իրավիճակը լրագրողներին ներկայացնում է ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը. «Ադրբեջանը օգտվելով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակից` Թուրքիայի անմիջական աջակցությամբ փորձում է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը: Սկսվել են մարտական գործողություններ: Բնակավայրերի եւ առաջնագծի ուղղությամբ հրետանային ներգործությամբ Ադրբեջանը նպատակ ունի գործողությունների մեջ ներքաշել նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Զինված ուժերը ճնշում են հակառակորդի կրակակետերը: Բնակչության շրջանում ունենք զոհեր եւ վիրավորներ: ԱԻՆ-ը իրականացնում է համապատասխան միջոցառումներ բնակչության տարհանման ուղղությամբ»:
Հայկական կողմը, ըստ պայմանական սցենարի, տարածքների կորուստ չունի. «Հակառակորդը ունեցել է տեղաշարժ չեզոք գոտում, որը խոչընդոտվել է: Այս պահի դրությամբ` վերականգնել ենք բնագիծը: Առավել կարեւոր ուղղություններում հայտնաբերվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբեր, որոնք նմանակել են մեր հատուկ նշանակության ուժերը: Դրանք վնասազերծվել են»,-հայտնում է գեներալ-մայորը:
Պայմանական դրվագներից մեկում էլ Թուրքիայի կողմից 400 փախստականներ հատել են սահմանը: Նրանց կազմում են նաեւ վարձկաններ, որոնք վտանգ են ստեղծել բնակավայրերի եւ կարեւոր նշանակության օբյեկտների համար: Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ վերջիններս ձերբակալվել են:
Դավթյանի խոսքով՝ այժմ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները նախապատրաստվում են պետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում ժամանակին իրականացնելու զորահավաքի միջոցառումները:
Գլխավոր շտաբի պետը նշեց, որ զորավարժությունների ընթացքում ի հայտ եկած թերություններն արձանագրելու համար ստեղծվել է հատուկ խումբ. «Տեղեկատվությունը հավաքագրվում է: Քսան օրից ոչ պակաս ժամանակ է պետք` ծագած խնդիրները վերլուծելու եւ հետեւություններ անելու համար: Նախնական տվյալներով, կարող եմ նշել, որ զգացվում է որոշ պետական մարմինների փորձի պակասը: Շատ մեծ պատասխանատվություն են դրսեւորել հատկապես տեղական ինքնակառավարման մարմինները»:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում