Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

SԻԵԶԵՐՔԻ ԹԱԳԱՎՈՐԸ



SԻԵԶԵՐՔԻ ԹԱԳԱՎՈՐԸ«Առանց երեւակայության հոգին նույնն է,

ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:

 Վ. Համբարձումյան

 

Վիկտոր Համբարձումյան. անուն, որը տիտղոսներով զարդարվելու կարիք չի զգում: Գիտնական, որն աշխարհը նվաճեց անաղմուկ, բարության, լրջախոհության ու բանականության զենքով:

Աշխարհահռչակ գիտնական, ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5(18)-ին, Թբիլիսի քաղաքում: Նա հրաշամանուկ էր, գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ «խաղում էր» թվերի հետ, վայրկենապես բազմապատկում, գումարում-հանում դրանք: Աստղագիտության դպրոցական դասընթացը մանուկ Վիկտորի ամենասիրելի առարկան էր: Նա անառարկելի հեղինակություն դարձավ դեռևս վաղ տարիքից:

Ընդամենը 13 տարեկան էր, երբ դասախոսություն էր կարդում Էյնշտեյնի հարաբերականության տեսության էության, տիեզերքի կառուցվածքի, արեգակնային համակարգի ծագման մասին:

Անվանի գիտնականի մեծ ուղին սկսվել է Լենինգրադի պետական համալսարանից, որը 1928թ. փայլուն գնահատականներով ավարտելուց հետո ընդունվեց Պուլկովյան աստղադիտարանի ասպիրանտուրան: Գիտական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Վիկտոր Համբարձումյանը կնքվեց որպես աստղաֆիզիկոս: Լենինգրադի համալսարանը բաց չթողեց իր շրջանավարտին. 1931-ին Համբարձումյանն աշխատանքի անցավ հարազատ բուհում և այնտեղ մնաց մինչև 1943թ: Արգասավոր եղան այդ 12 տարիները: 1934թ.՝ 26 տարեկանում Վիկտոր Համբարձումյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում: 1939թ. նշանակվեց համալսարանի աստղադիտարանի տնօրեն, ապա աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1941թ.՝ համալսարանի ուսումնական մասի պրոռեկտոր:

1941թ. էր: Պատերազմը նոր էր սկսվել, և ինչպես ամենուրեք, Լենինգրադում էլ կազմավորվում էին կամավորական խմբեր՝ ռազմաճակատ մեկնելու համար: Այդ խմբերից մեկին զինվորագրվեց պրոֆեսոր Վիկտոր Համբարձումյանը, սակայն զորախմբի հրամանատարը թույլ չտվեց պրոֆեսոր կամավորականին մեկնելու ռազմաճակատ՝ ասելով. «Դու քո գործում ավելի ես պետք»:

Շուտով Համբարձումյանը կարևոր առաջադրանք ստացավ՝ թիկունք տեղափոխել համալսարանի լաբորատորիան և աշխատել ռազմաճակատի համար: Առաջադրանքը փայլուն կատարվեց:

Վիկտոր Համբարձումյանը մեծ ավանդ ունեցավ Հայաստանում ֆիզմաթ գիտությունների զարգացման, աստղաֆիզիկայի ժամանակակից ուղղությունների ստեղծման գործում: Նրա աշխատանքները նվիրված են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի ու գալակտիկայի էվոլյուցիայի հարցերին: Տաղանդաշատ գիտնականի առաջարկած ինվարիանտության սկզբունքը դարձել է աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման բանալին: Լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ բարդ խնդիրների լուծումը մեծանուն գիտնականին հաջողվել է գտնել հենց այդ սկզբունքի հիման վրա: Նրան հաջողվել է ապացուցել, որ գալակտիկայում աստղառաջացման գործընթացները շարունակական ու խմբակային բնույթ ունեն: Համբարձումյանն է տվել աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները, ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման ոլորտում հասել կարևոր արդյունքների:

SԻԵԶԵՐՔԻ ԹԱԳԱՎՈՐԸՆշանավոր գիտնականը 1946թ. հիմնադրեց Բյուրականի աստղադիտարանը, դարձավ նրա տնօրենը և իր աշխատասենյակի պատին փակցրեց իր մեծ ուսուցչի՝ Բելոպոլսկու նկարը: 1949թ. Վիկտոր Համբարձումյանը հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր, որոնց տվել է աստղասփյուռներ անվանումը:

Վիկտոր Համբարձումյանը շատ նշանավոր գիտնականների ուսուցիչն էր, որոնք նրան միշտ հիշել են երախտագիտությամբ:

Պատկառելի են նաև գիտնականի պարգևները. Լոմոնոսովի, Վավաիլովի (Ռուսաստան), Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ) և այլ երկրների մեդալներ, ՀՀ «Հայրենիք» շքանշան:

Որպես իր ժողովրդի արժանի զավակ, Վիկտոր Համբարձումյանն անմասն չմնաց Արցախի ազատագրական պայքարից: Լինելով ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր՝ նա Խորհրդային Միության բարձրագույն օրենսդիր մարմնի նիստերում ունեցած ծանրակշիռ ելույթներով դատապարտել է Արցախում հայ ազգաբնակչության հանդեպ գործադրվող բռնությունները և Կրեմլի որդեգրած հակահայկական քաղաքականությունը ԼՂԻՄ-ում: 1990թ. սեպտեմբերի 12-ին, 82-ամյա աշխարհահռչակ գիտնականը Մոսկվայում միացել է հացադուլ հայտարարած գրող, հրապարակախոս, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Զորի Բալայանին՝ իր հուժկու ձայնը միացնելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող անօրինությունների պահանջին: Հացադուլավորների օրինակին հետևել են Երևանում և Ստեփանակերտում, Ուզբեկստանում՝ Ս. Շարաֆուտդինովը, Տաջիկստանում՝ Ռ. Շուքուրովը և այլ գիտնականներ ու քաղաքացիներ: 20 օր անց, երբ բոլոր հացադուլավորների առողջությանը լուրջ վտանգ էր սպառնում, նրանց այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը և խնդրեց խնայել իրենց կյանքը, քանզի՝ պայքարը դեռ առջևում էր: Իսկ երբ Վեհափառը հայտարարեց, որ. «Առանց Ձեզ ես չեմ վերադառնա Սուրբ Էջմիածին…», Վիկտոր Համբարձումյանը և մյուս հացադուլավորներն ստիպված էին դադարեցնել հացադուլը, հրապարակելով հայտարարություն, որ շարունակելու են պայքարը հանուն Արցախի, «Հանուն Հայրենիքի ազատության, որի համար պատրաստ են ամեն զոհաբերության»:

Աշխարհահռչակ գիտնականը մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին, Բյուրականում: Հանգչում է Բյուրականի Մեծ Աստղադիտակից ոչ հեռու՝ աստղադիտարանի գերեզմանատանը: Բյուրականում վառվում է մեծ Հայի հավերժական ու անմար լույսը։

 

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊՆ ««Մայր Հայաստան» ՌՊԹ» ավագ գիտաշխատող-ֆոնդապահ, մայոր

Խորագիր՝ #11 (1258) 12.09.2018 – 18.09.2018, Պատմության էջերից


13/09/2018