ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՈՒՆԱԿ Է ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1992թ. մայիսին Ինժեներական զորքերի վարչությունը կենտրոնական ապարատում կազմավորվեց որպես ծառայության բաժին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերակազմավորվեց որպես վարչություն: Սակայն զինված ուժերում ինժեներական զորքերի օր սահմանվեց սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման եւ փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան պայթյունային հանգույցներ եւ ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվեց հակառակորդի առաջխաղացումը, եւ նրան հասցվեց կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստ:
Պատերազմական գործողություններին զուգահեռ, տեղի էր ունենում կանոնավոր բանակի կազմավորումը, նաեւ` ինժեներական ստորաբաժանումների ստեղծումը: Ստորաբաժանումները համալրվում էին ԽՍՀՄ ռազմաինժեներական ակադեմիան ավարտած սպաներով, շինարարական զինվորական ուսումնարանի, պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտներով: Որոշ ջոկատներում ինժեներական գործից քիչ թե շատ հասկացող կամավորներ էլ կային: Եթե համազորային ստորաբաժանումները համալրվում էին սպառազինությամբ ու տեխնիկայով, ապա ինժեներական ապահովման խնդիրները սպառազինության առումով իրականացվում էին ձեռքի տակ եղած միջոցներով, ներգրավվում էր նաեւ համապատասխան տեխնիկա ժողովրդական տնտեսությունից:
Ինժեներական ստորաբաժանումները մեծ ներդրում են ունեցել մարտական գործողությունները հաղթանակով պսակելու գործում: Եթե որպես պաշտպանվող կողմ ժամանակին չիրականացվեին ամրաշինական աշխատանքներ, ապա զոհերի եւ վիրավորների թիվը շատ ավելին կլիներ: Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդը չհասցրեց կահավորել իր դիրքերը: Հայկական ուժերի առաջխաղացումից հետո նա հապճեպ անցավ պաշտպանության, չհասցրեց նախապատրաստվել եւ նաեւ թերի կահավորման պատճառով անհաջողություն ունեցավ:
Ռազմական ամրաշինության առումով տեղանքը ժամանակին կահավորելով` զորքը ապահովվում է հակառակորդի խոցման բոլոր միջոցներից` թե՛ հրետանու, թե՛ ավիացիայի: Կարեւոր է նաեւ ինժեներական զինամթերքով հակառակորդին կորուստներ հասցնելը եւ համապատասխան աշխատանքների շնորհիվ նրա առաջխաղացումը կասեցնելը կամ դանդաղեցնելը, ինչն անելու համար այսօր հստակ գործող համակարգ է ստեղծված:
Հատկապես մեծ ծավալի աշխատանք կատարվեց 1996-1998թթ.` կահավորվեց առաջնագիծը: Սեղմ ժամկետներում փորվեցին հակատանկային փոսեր եւ փոս ճանապարհներ: Սա հնարավորություն տվեց, որ զորքի ապահովման խնդիրները կատարվեն անվտանգ` չթողնելով հակառակորդին դիմելու նոր սադրանքների:
Այժմ էլ շարունակվում են մեծածավալ ռազմական բնույթի համապատասխան ամրաշինական աշխատանքների իրականացումը բոլոր զորամիավորումներում: Նպատակը ինժեներական կառույցների կատարելագործումն է այնպես, որ դրանք ի զորու լինեն պաշտպանելու զորքը խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կառուցում ենք համապատասխան պատնեշներ, փոս ճանապարհներ, հողաթմբեր` ապահովելու զորքերի անվտանգ շարժը: Ուշադրության կենտրոնում են նաեւ ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցները, որոնք ստեղծվում են հակառակորդին վնաս պատճառելու, նրա տեղաշարժը կաշկանդելու համար: Գաղտնիք չէ, որ հակառակորդը փորձում է օգտագործել միջդիրքային տարածությունները, սակայն այստեղ բազում թակարդներ ենք պատրաստել, որոնց վնասը նրանք բազմիցս զգացել են իրենց մաշկի վրա: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում ռազմական ճանապարհների եւ շարասյունային ուղիների կառուցման, վերանորոգման եւ սպասարկման ուղղությամբ:
Ինժեներական զորքերի շնորհիվ է նաեւ, որ մեր բանակի կենսունակությունը բարձր է:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #11 (1258) 12.09.2018 – 18.09.2018, Ռազմական