ՀՊԱՐՏ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Փայտյանը Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել է հայրենի Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, եղել հետևակի մարտական մեքենայի հրամանատար: Փոխհրամանատարն ինքն էլ բանակում ծառայող որդի ունի և ոչ թե պարզապես զինվոր, այլ Ա. Խանփերյանցի անվ. ռազմաավիացիոն համալսարանի ՀՕՊ ֆակուլտետի ուսանող` ապագա սպա:
Բարձրաձայն չի արտահայտվել, բայց ներքուստ մեծ հպարտություն է զգացել, երբ ավագ որդին` Տիգրանը, մասնագիտություն ընտրելիս կանգ է առել զինվորական գործի վրա: Մինչև համալսարան ընդունվելը մի քանի անգամ հարցրել է. «Լավ գիտես, թե ինչ դժվարություններ են սպասվում, պատրա՞ստ ես»: Տղայի պատասխանը եղել է. «Պատրա՛ստ եմ ցանկացած դժվարության»:
Փոխգնդապետ Էրիկ Փայտյանը ծնվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում` ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի ծննդավայրում: Սովորել է հերոսի անունը կրող դպրոցում: Ադրբեջանի որդեգրած ուծացման քաղաքականության տարբեր դրսևորումներին փոխգնդապետ Փայտյանը ականատես է եղել դեռևս դպրոցական տարիքից, երբ դեռ լուրջ խմորումներ չկային: «Այն ժամանակ ես չէի կարող հասկանալ այս ամենի իմաստն ու գուշակել, որ պատերազմ կլինի «երկու եղբայրական ժողովուրդների միջև»:
Մանկությունն անցել է ինտերնացիոնալիզմի բարոյախոսության ներքո: Ծիծաղով է հիշում մի դեպք: «6-րդ դասարանում էի, երբ ադրբեջաներենը հիմնական առարկա դարձավ: Ամեն կերպ բոյկոտում էի այդ առարկայի դասավանդումը: Երբ ծնողներիս տեղեկացնում են, որ ադրբեջաներենի պատճառով չեմ փոխադրվելու հաջորդ դասարան, նրանք պատասխանում են. «Եթե 2 է` թող ադրբեջաներենից լինի»: Բայց, այնուամենայնիվ, Հայրենական պատերազմի վետերան, գյուղում շատ հարգված պապիկիս ուղարկեցին բարեխոսելու:
«Սիմո՛ն դայի, ոտանավորի մի կտորն էլ չի ուզում սովորել,-բողոքել էր ուսուցիչը: Բայց հետո ասել էր,-լա՛վ, թո՛ղ գոնե մի հատված սովորի, կփոխադրենք»: Տանը «պատերազմ» սկսվեց: Ի վերջո, լաց ու կոծով սովորեցի: 35 տարի է անցել, բայց դեռ հիշում եմ այդ քառատողը»:
Ավելի ուշ հայերի հանդեպ ազգային խտրականության դեպքերն ավելի ու ավելի ակնառու դարձան: Հայոց պատմություն առարկան փոխարինվում էր Ադրբեջանի պատմությամբ, շատ հայկական դպրոցներ փակվեցին:
«Ստեփանակերտը և մյուս հայկական բնակավայրերը հայաթափվում էին,-ասում է փոխգնդապետ Փայտյանը,- ու եթե այսպես շարունակվեր, Գանձայի, Բաքվի օրինակով՝ ՀԱՅ բառը կմոռացվեր նաև Արցախի բոլոր հայկական շեներում..»:
1987-89թթ. Էրիկ Փայտյանը ծառայել է Խորհրդային բանակում: Արցախյան շարժման սկիզբն էր, ու ազգամիջյան խմորումները զգալի էին նաև ռուսական զորամասում: «Ծառայակից ընկերներով սկզբում շատ համերաշխ էինք: Ու հանկարծ սկսեցին լուրեր հասնել Սումգայիթի դեպքերի մասին: Մեկի մեքենան էին վառել, մյուսի հարազատին էին խոշտանգել, մեկ ուրիշին՝ սպանել: Անմիջապես սառնության անջրպետ գոյացավ մեր միջև. իրար այլ հայացքով էինք նայում: Մի օր էլ, երբ վաշտի հերթապահն էի, լսեցի, որ հայերի ու ադրբեջանցիների միջև վեճ է բռնկվել: Ճաշարանի հետևի մասում ադրբեջանցիների շուրջ 70 հոգանոց խումբն ու հայերի ավելի փոքրաքանակ խումբը Ղարաբաղի խնդրի շուրջ տաք-տաք վիճաբանում էին: Ադրբեջանցիների խմբի գլխավորը սպորտսմեն, ճարպիկ մի տղա էր: Մեր կողմից ստեփանակերտցի Արայիկն էր խոսում` իմ լավ ընկերը, որը հետագայում զոհվեց Արցախյան պատերազմում: Մեծ դժվարությամբ հաջողվեց «զինադադար կնքել»: Սակայն, միևնույնն է, ներքին անբարյացակամությունը դրանով ոչ թե հանգուցալուծվեց, այլ ավելի սրվեց, և վերջին վեց ամիսներին մեծ զգուշավորությամբ էինք ծառայում. մի ծուռ հայացք, մի թթու խոսք, և լուրջ կռիվ կարող էր սկսվել:
Երբ Էրիկ Փայտյանը զորացրվում ու վերադառնում է Հադրութ, Արցախյան շարժումն արդեն սկսվել էր: 23 գյուղ 3 օրվա ընթացքում օմօնականների կողմից հայաթափվել էր: «Մեծ Թաղերը Հադրութի խոշոր գյուղերից է, շուրջ 1500 բնակչություն ունի և բարենպաստ աշխարհագրական դիրք` չորս կողմից շրջապատված է անտառներով: Երբ անձնագրային ռեժիմի ընթացքում ստուգումներ էին անցկացնում, մեր տղամարդիկ, որոնց կարող էին ֆիդայի լինելու կասկածանքով ձերբակալել, թաքնվում էին գյուղամերձ անտառում: Գյուղից շուրջ 400 հոգի այս ընթացքում թաքուն հավաքագրվեց և մասնակցեց ինքնապաշտպանական մարտերին:
Էրիկ Փայյտյանը, նրա քեռին և քեռու փեսան մի ՀՄՄ-ի անձնակազմ կազմեցին: Պատերազմի ընթացքում փոխգնդապետ Փայտյանը բազմաթիվ անգամներ վտանգել է կյանքը, երկու անգամ վիրավորվել: Իր հետ պատահած մի զավեշտալի դեպք է հիշում այդ տարիներից. «…Ռումբ էր պայթել դիրքերից մեկում, և Էրիկ անունով մի ուրիշ մարտիկ էր զոհվել: Գյուղ լուր էր հասել, թե զոհվածը ես եմ: Ամբողջ գյուղը տեղյակ էր, բացի քրոջիցս ու մորիցս: Եկել էին, որ դիակս տուն տանեին: Իսկ ես հանգիստ իջա զինվորական մեքենայից… Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում. բոլոր հարազատներս, գյուղացիները շուրջս պտտվում, ողջագուրվում էին ու հարցնում. «Էրի՛կ, դո՞ւ ես»»:
…Ապրիլյան քառօրյայի օրերին ՀՕՊ զորամասը, որտեղ ծառայում է փոխգնդապետ Փայտյանը, գործել էր հստակ, պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: «Ճիշտ է, գործողություններն անսպասելի սկսվեցին, բայց անձնակազմը խուճապի չմատնվեց. բոլորս էլ համոզված էինք, որ, երբ էլ լինի` հրաբուխը պետք է արթնանա: Այդ պատճառով մենք` զինվորականներս, միշտ էլ սպասել ենք նման զարգացումների: Պատրաստ էինք ինքնաթիռներ դիմավորելու, բայց դրանք այդպես էլ չերեւացին: Եկած ուղղաթիռներին էլ հենց առաջնագծում խոցեցին մեր զինվորները: Փա~ռք ու պատիվ մեր նորօրյա հերոսներին: Հայրենիքն այսօր էլ վստահելի ձեռքերում է»:
♦♦♦
Ա. Խանփերյանցի անվ. ռազմաավիացիոն համալսարանի երրորդ կուրսի կուրսանտ Տիգրան Փայտյանը հպարտ է հոր անցած ուղիով: Ասում է. «Որդիները պե՛տք է շարունակեն իրենց հայրերի գործը»: Սերժանտ է, ջոկի հրամանատար: Սկզբնական զինվորական կրթությունն ստացել էր Քրիստափոր Իվանյանի անվ. ռազմամարզական վարժարանում: Զինվորական կյանքի վերաբերյալ շատ ու շատ կարևոր գիտելիքներ և հմտություններ հենց այնտեղ է ձեռք բերել, հղկել անթերի շարային քայլքն ու կեցվածքը: Երեք տարվա ուսումնառությունից հետո վճռեց շարունակել զինվորական գործն ու ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվ. համալսարանը: Դեռ միասնական քննություններն էր հանձնում՝ համալսարան ընդունվելու համար, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը: Երիտասարդն ուշիուշով հետևում էր հատկապես օդային մարտերի ընթացքին ու շատ էր տպավորվել ՕՍԱ-ԱԿ կայանքի աշխատանքով: «Հենց այդ ժամանակ էլ ընտրեցի ՀՕՊ զորատեսակը: Լսելով ավիացիոն համալսարանն ավարտած կուրսանտների քաջագործությունների մասին` սպա դառնալու որոշումս ավելի ամրապնդվեց: Այժմ մասնագիտանում եմ զենիթահրթիռային համակարգին տիրապետելու գործում: 21-րդ դարում պատերազմները տեղափոխվել են օդային տարածք: Տեխնիկան զարգանում է, և լավ մասնագետների պահանջարկը մեծ է»:
Իր ընտրած մասնագիտության և ռուհի մասին երիտասարդը ոգևորությամբ ու սիրով է խոսում: Լավ է սովորում, կարեւորում է ֆիզիկական պատրաստվածությունը: Սիրում է պտտաձողով ու զուգափայտով ուժային տարբեր վարժություններ կատարել:
Տիգրանն ասում է, որ իր ջոկի անձնակազմի մեծ մասի հետ որոշել են՝ ուսումն ավարտելուց հետո ծառայության են անցնելու Արցախի Հանրապետությունում, պաշտպանելու են ավագների ջանքերով ու արյան գնով ազատագրված հայրենի հողը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #12 (1259) 19.09.2018 – 25.09.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում