Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ



ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸԲառ առ բառ կապիտան Մխիթար Ալավերդյանին եմ փոխանցում զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Մովսիսյանի խոսքը.

-Մեկ անգամ սխրանք գործելն  ավելի հեշտ է, քան ամեն օր հերոսավայել  ապրելը: Կապիտան Մխիթար Ալավերդյանի ծառայության յուրաքանչյուր օրը  անմնացորդ նվիրում է, ուժերի գերլարումով բանակին առավելագույնը տալու պատրաստակամություն: Նրա վաշտը մարտական հերթապահություն է կատարում կապի ապահովման հենակետերում, որոնք տեղաբաշխված են երկրի սահմանային գոտում: Կապիտանը ամիսը մի քանի անգամ անցնում է բոլոր հենակետերով: Նա ավելի շատ հենակետերում է լինում, քան զորամասում: Նրան հենակետից հենակետ տանող «Ուազիկը» միշտ ճանապարհին է: Ձմռանը որոշ տարածքներում մեքենան չի կարողանում հաղթահարել վերելքը, եւ կապիտանը հենակետ տանող ուղին կտրում է ոտքով` խրվելով մինչեւ գոտկատեղը հասնող ձյուների մեջ: Մխիթար Ալավերդյանը կապի լավագույն մասնագետներից է, եւ հենց նրան են դիմում կապի անսարքությունը նորոգելու համար: Չեմ կարող չնշել նաեւ կապիտանի սերն ու սրտացավությունը իր զինվորների հանդեպ: Ու այս ամենով հանդերձ, այնքան համեստ է, զուսպ ու առաքինի: Կապիտան Մխիթար Ալավերդյանը զինվորականի կատարելատիպ է ինձ համար:

…Կապիտանը  լսում է  տարակուսած ժպիտով ու ոչինչ չի ասում: Այնպես է զարմացել, ասես մտքով չէր էլ անցնում, որ հրամանատարը այդպիսի կարծիք ունի իր մասին:

-Այն ամենը, ինչը նշել է հրամանատարը, իմ ծառայողական պարտականությունների շրջանակում է: Ու ես մեծ սիրով ու հաճույքով եմ կատարում իմ գործը: Անբարենպաստ եղանակին դժվար հենակետեր հասնելու համար հրամանատարը ինձ տալիս է զորամասի լավագույն մեքենան, լավագույն վարորդին:

…Իմ կյանքի  ամենանվիրական ճանապարհները ձգվում են հենակետից հենակետ ու դեպի տուն: Որովհետև հենակետում ինձ սպասում են զինվորներս, տանը` ընտանիքս: Հանկարծ չմտածեք, որ ուզում եմ համեստ երեւալ. հրամանատարի ասած՝ սխրանք, հերոսություն բառերը, իրոք, զարմացնում են ինձ: Ծառայությունն ինձ համար հոգս չէ, հաճույք է: Ժամանակին հայրս էր այդպես ասում: Նա ճանապարհաշինարար էր ու պաշտում էր իր աշխատանքը: Հոգնած, փոշոտ գալիս էր տուն, ոտքերը հազիվ էր շարժում, բայց աչքերը ժպտում էին: Նա միշտ պատվոգրեր, մրցանակներ էր ստանում` որպես լավագույն ճանապարհաշինարար:

-Դո՞ւք էլ եք ձգտում լավագույնը լինել:

-Չէ՛, երբեք մտքովս չի անցել: Պարզապես, իմ գործն անում եմ` ներդնելով ամբողջ ուժերս: Դպրոցում էլ նույնն էր: Ես իմ ուժերի, ունակությունների չափով սովորում էի, բայց գերազանցիկ չէի ու չէի նեղվում դրանից: Կարեւորն այն էր, որ ես գլուխ չէի պահում, չէի ծուլանում: Նույնն էր ըմբշամարտի պարապմունքներին: Դարձյալ մարզվում էի ամբողջ ուժով, բայց երբեմն պարտվում էի: Պարտվելիս գոնե հոգիս խաղաղ էր լինում, ինձ չէի մեղադրում, որ անբանության պատճառով եմ պարտվել, շարունակում էի մարզվել` հավատալով, որ աշխատանքը միշտ պտուղ է տալիս:

ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ-Աշխատանքը մարդուն իր նպատակին հասցնող ամենամեծ ուժն է:

-Ես մեծ նպատակներ չունեմ: Առավել ևս՝ ինչ-որ բարձունքների հասնելով չեմ պայմանավորում իմ երջանկությունը: Իմ նպատակը օրվա ծառայությունը առավելագույն արդյունավետությամբ, բարեխղճորեն կատարելն է: Դու ամենաբարձրում ես, եթե գործդ նվիրումով ես անում: Հայրս ինձ ու եղբայրներիս առաջին հերթին աշխատել է սովորեցրել: Անբան, ծույլ, գլուխ պահող մարդը ամենավատն էր հորս համար: Ես գոհ եմ իմ ճակատագրից: Ամեն ինչ ունեմ՝ երջանիկ լինելու համար՝ սիրած աշխատանք, լավ ընտանիք, հավատարիմ ընկերներ, հարգանք ու պատիվ…

-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ 15 տարի առաջ ծառայության եք անցել զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող: Ինչպե՞ս կատարեցիք այդ ընտրությունը, ինչը Ձեզ բանակ բերեց:

-Ես Արարատի մարզի Վեդի քաղաքից եմ: Իմ մանկության տարիներին Վեդիի փողոցներում ամեն քայլափոխին կարող էիր հանդիպել կամուֆլյաժով ազատամարտիկների: Տանը, դպրոցում մեզ ասում էին, որ նրանք հերոսներ են: Հիշում եմ՝ 10-12 տարեկան երեխաներ՝ նախաճաշիկի փողը հավաքում էինք  ու սահման գնացող ֆիդայիների համար քաղցրեղեն էինք գնում՝ փոքրիկ տոպրակի մեջ դնելով մեր սերը, ակնածանքը, հպարտությունն ու երախտագիտությունը: Իսկ Վազգեն Սպարապետը ուղղակի սրբություն էր մեզ համար: Մեծերն այնքան էին պատմել նրա մասին, որ երբ առաջին անգամ տեսա Սպարապետին, անասելի տպավորվեցի: Նա մոխրագույն կոստյում էր հագել եւ ինձ շատ գեղեցիկ ու բարձրահասակ թվաց: Իրեն հատուկ ոգեւորությամբ ու ժպտադեմ՝ ինչ-որ բան էր պատմում:

…Այնքան մեծ սիրով ու ջերմությամբ եմ հիշում ծառայությունս` որպես զինվոր:  Իմ երբեմնի հրամանատարներն այժմ բարձրաստիճան զինվորականներ են, ու ես հպարտ եմ, որ նրանց զինվորն եմ եղել: Ես նրանց շնորհիվ եմ սիրել բանակը: Նրանցից այնքան բան եմ սովորել` սկսած մարդկային հարաբերություններից մինչեւ ծառայողական պարտականություններ: Հիմա ես՝ որպես վաշտի հրամանատար, իմ զինվորներին վերաբերվում  եմ այնպես, ինչպես ինձ են վերաբերվել ժամանակին: Ուզում եմ զինվորներիս համար այնպիսի հրամանատար լինել, ինչպիսի հրամանատարներ ունեցել եմ, երբ ինքս էի զինվոր: Ուզում եմ իմ ղեկավարած վաշտում զինվորը զինակից ընկերոջը վերաբերվի այնպես, ինչպես մենք էինք զինվոր ժամանակ վերաբերվում միմյանց: Ուզում եմ, որ հետագայում  ծառայության տարիները հիշելիս  իմ զինվորները ջերմություն ու կարոտ զգան  ու ծառայության տարիները համարեն իրենց կյանքի ամենաօգտակար շրջանը:

…Երբ ավարտում էի ժամկետային զինծառայությունս, հրամանատարներս առաջարկեցին մնալ բանակում: Դե, իմ ուզածն էլ դա էր: 2003-ին դարձա պայմանագրային զինծառայող:  2005-ին ընդունվեցի ենթասպաների դպրոց ու ենթասպայի կոչում ստացա: Հետո ավարտեցի ճգնաժամային կառավարման ակադեմիան: Իսկ 2013-ին 10 տարվա պայմանագրային ծառայությունից ու երեքամսյա սպայական կուրսերը ավարտելուց հետո ստացա լեյտենանտի  կոչում ու նշանակվեցի դասակի հրամանատար:

…«Վատ զինվոր չկա, կա վատ հրամանատար»,- այս միտքը ժամանակին իմ հրամանատարներից եմ լսել: Ես ինչ-որ հատուկ մեթոդներ չեմ կիրառում զինվորիս հետ շփվելիս, ինչ-որ ուսմունքներ չեմ ուսումնասիրում, պարզապես ամեն ինչ անում եմ հանուն զինվորի, իմ բոլոր քայլերը զինվորի օգտին են, ու դրանք երբեք չեն հակասում բանակի շահերին: Որովհետև բանակի հիմքը զինվորն է: Զինվորն ուժեղ է՝ բանակն անպարտ կլինի:

ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸԴու որքան էլ զինվորի հետ շփվելու հոգեբանական պատրաստություն անցնես, միեւնույն է, քեզ հաջողություն է բերելու, ձեզ մտերմացնելու է զինվորի հանդեպ անկեղծ սրտացավությունդ, նրա հոգսերը հոգալու, նրա կողքին լինելու սրտից եկող ցանկությունդ: Զինվորականի մասնագիտության ամենաբնորոշ գիծը, որքան էլ Ձեզ զարմանալի թվա ասածս, ոչ թե քաջությունն է, այլ մարդասիրությունը:

-Ընտանիք ունե՞ք, ամուսնացա՞ծ եք:

-Ունեմ: Արեգնազս արդեն 15 տարեկան է: Քանոնահարուհի է, նվագել է եվրոպական քաղաքներում, մրցանակներ է շահել: Եղիշես 13 տարեկան է, տեխնիկա է սիրում, գուցեև ինձ պես կապավոր դառնա: Գոռս երեք տարեկան է, ամենից շատ նա է ինձ կարոտում ու բողոքում իմ հաճախակի բացակայություններից: Ես քիչ եմ տանը լինում, այդ պատճառով էլ երես եմ տալիս երեխաներիս: Նրանց դաստիարակությամբ մայրն է զբաղվում: Առհասարակ, կինս ինձ ազատել է կենցաղային հոգսերից: Նա հասկանում է, որ ես երջանիկ եմ միայն այն ժամանակ, երբ անթերի եմ կատարում ծառայողական պարտականություններս:

Վերջերս ինձ աշխատանք էին առաջարկել Վիվասելում՝ բարձր աշխատավարձով: Արտասահմանում բնակվող հարազատներս արդեն քանի տարի է՝ կանչում են… Բայց ես նույնիսկ չեմ քննարկում այդ առաջարկները: Եվ գիտեք՝ ինչո՞ւ…

-Որովհետեւ՝ Դուք պետք եք բանակին:

-Ո՛չ: Որովհետեւ բանակն է ինձ պետք: Երջանիկ լինելու համար ինձ պետք են  իմ համազգեստը, հենակետից հենակետ ձգվող հարազատ ճանապարհները, հենակետում ինձ սպասող զինվորներս: Ու այն միտքը, որ մեր սպասարկած կապը աշխատում է անխափան, ու դրանից երկրիս սահմաններն  ավելի անառիկ ու պաշտպանված են դառնում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1259) 19.09.2018 – 25.09.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2018