ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
Ճանապարհը մի հենակետից մինչեւ մյուսը երկար չէ, բայց վտանգավոր է։ Ապահովության համար կրկին առաջանում են փոս ճանապարհներով։ Երբ տեղ հասանք, նոր հերթափոխի զինվորներն արդեն ընդունել էին մարտական հերթապահությունը։ Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Գասպարյանը հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Սարգիս Պեպանյանին հարցրեց մարտական խնդիրը։ Լիարժեք պատասխան ստանալուց հետո գումարտակի հրամանատարն սկսեց ստուգել կացարանի եւ օժանդակ շինությունների մաքրությունը, զենք-զինամթերքի, սննդի պահպանման վիճակը, կապի աշխատանքը եւ այլն։
Քիչ անց ծանոթանում, զրուցում ենք ամենավտանգավոր հենակետերից մեկի պահապանների հետ։ Անդրանիկ եւ Իշխան Խեչումյանները իրենց տունն են պաշտպանում։ Նրանք այստեղ են եղել ամենաթեժ մարտերի ժամանակ, այստեղից չեն հեռանալու վաղը, մյուս օրը, երբեք։
-Ինքներդ եք տեսնում, մեր գյուղը փոքր է, եթե մենք էլ հեռանանք, կդադարի գոյություն ունենալ։ Չէ՛, մենք գնալու տեղ չունենք, մենք պետք է առաջ նայենք,- ասաց Իշխանը։
Շարքային Արտակ Հովհաննիսյանն Ալավերդուց է, իսկ Արթուր Կիրակոսյանը՝ Դովեղից։
-Ձեզ մոտ ո՞նց է,- հարցրի Արթուրին։
-Էլի նույնը, այգիներում թե աշխատող մարդ տեսան՝ կկրակեն, սրիկաների աչքը միշտ հարեւանի ունեցվածքին է։
Սերժանտ Սարգիս Պեպանյանը Հարգվի գյուղից է, պատերազմի ժամանակ կռվել է Կարո Կիրակոսյանի ջոկատում, հետո՝ շուրջ տասը տարի ծառայել է պայմանագրով։ 2004թ. թողել է ծառայությունը, ապա կրկին վերադարձել է բանակ։
-Երեք երեխա ունեմ՝ երկու տղա, մեկ աղջիկ։ Մեծ տղաս բանակում է, ինձ պես սահմանի պահպանություն է կատարում, առանձին տուն չունեմ, գնալ-գալով էլ դժվար է, բայց, ինչ արած, բանակը ամենավստահելի եւ ամենահաստատուն կառույցն է, գիտեմ, որ ամիսը վերջացավ, աշխատավարձ եմ տուն տանելու,- ասաց Սարգիսը մեզ դիտակետեր առաջնորդելիս։
Այստեղ՝ խրամատում, նույնպես վտանգավոր է. թուրքն իր բարձր դիրքից ամեն ինչ տեսնում է ու կարող է կրակել։ Հարկադրված որոշ հատվածներ անցնում ենք վազքով։ Դիտորդներից առաջինը, որին հանդիպեցինք, կուրթանեցի շարքային Ռոման Խաչիկյանն էր։ Նա գումարտակի հրամանատարին զեկուցեց, որ իր դիտարկման ժամանակ արտակարգ դեպք տեղի չի ունեցել, բայց հետո մեզ բացատրեց, որ թշնամին իր նպաստավոր դիրքից երբ ցանկանա կրակում է.
-Ես չեմ կրակում, հրաման չկա, մեր ղեկավարությունը միշտ պահում է հրադադարը չխախտելու խոստումը։
Հաջորդ դիտակետում հերթապահողը կրտսեր սերժանտ Գրիգոր Ալիխանյանն էր Ախթալայից։
-Երեք տարի է, ինչ ծառայում եմ, ճիշտ է, գալ-գնալը մի քիչ դժվար է, բայց պետք է պահպանենք մեր սահմանը, ապահովենք մեր գյուղերի անվտանգությունը, ուրիշ կերպ չի լինի,- ասաց Գրիգորը եւ սկսեց ցույց տալ հանդիպակաց դիրքերում երեւացող ադրբեջանցիներին.
-Տեսե՛ք, մենք չենք կրակում, նրանք աքլորացել են, բա որ թույլ տային կրակել… էտենց ազատ ման կգայի՞ն։
Նոր հենակետը
Երբ հասանք հենակետ, այստեղ նոր կացարանի շինարարություն էր ընթանում։ Ավելի ճիշտ, հենակետը հիմնադրվել է ամռանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, որովհետեւ հենց այս անտառոտ տեղանքով էին թուրքերը գալիս անասնագողության, նրանց վերջին փորձը այս գարնանը լիակատար ձախողում ունեցավ։ Հենակետում նոր կացարան էր կառուցվում։ Վարպետները վաշտի հրամանատարի տեղակալ Մերուժան Նազարյանը եւ շարքային Արմեն Թեւանյանն էին։ Նրանց օգնում, քար ու շաղախ էին մատակարարում ինժեներասակրավորային վաշտի ավագ, ենթասպա Վահե Պողոսյանը, նույն վաշտի զինվորներ շարքային Գալուստ Ղուլյանը, կրտսեր սերժանտ Արեւշատ Թադեւոսյանը, սերժանտ Վահան Ղազարյանը, շարքայիններ Աշոտ Պալոյանը եւ Արտաշես Պետրոսյանը։
Նոր փորված խրամատով շարժվեցինք առաջ եւ հանդիպեցինք դիտորդ շարքային Անդրանիկ Ալավերդյանին։ Նա զեկուցեց, որ ամեն ինչ կարգին է, արտակարգ ոչինչ տեղի չի ունեցել, հետո իր մասին ասաց, որ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է այստեղ, որից հետո վեց տարի ծառայել է Տավուշի կողմերում, իսկ այժմ դարձյալ այստեղ է։ Քիչ հեռվում հանդիպեցինք ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Արամ Խաչիկյանին։ Կողբեցի քսաներկուամյա երիտասարդն ասաց, որ ծառայել է Վայքում, որտեղ նույնպես պարբերաբար մարտական հերթապահություն է կատարել։
Եռաշերտ պաշտպանություն
Մյուս հենակետում ծառայությունը նույնպես նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այս ամռանն է կազմակերպվել։ Կացարանի շինարարությունը առայժմ ընթացքի մեջ է։
Մարտական հերթափոխն արդեն կատարվել էր, եւ սահմանի պահպանությունն ստանձնել էին հենակետի ավագ սերժանտ Դավիթ Գասպարյանը, շարքայիններ Վահե Գիգոլյանը, Անդրանիկ Մանուկյանը, Անուշավան Նալբանդյանը, Ազատ Վասիլյանը… Բոլորն էլ երիտասարդ եւ եռանդով լի տղաներ են։ Անասնագողերի (եւ ոչ միայն) մուտքը տարածք բացառելու համար նրանք ստեղծել են եռաշերտ պաշտպանություն։
-Տարածքն անտառային է, եւ մենք պետք է ուշադիր լինենք, որ մեր անասունները չմտնեն թշնամու զբաղեցրած տարածք,- ասաց Ազատ Վասիլյանը։
-Ճիշտ է, բարդ տեղանք է, բայց քանի որ մենք արդեն այստեղ ենք, վստահ եղեք՝ սահմանը կպահպանվի հուսալիորեն։ Թուրքը թող չհոխորտա, մեր համբերությունն էլ անվերջ ու անսահման չէ,- ասաց բագրատաշենցի Դավիթ Գասպարյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ