ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՈՃԵՐԸ
Ինչպես հայտնի է, զինվորական կոլեկտիվի (ստորաբաժանման անձնակազմի) լիարժեք ղեկավարումը չի սահմանափակվում հրամանատարի զուտ կազմակերպչական գործունեությամբ. ներառում է նաև ներքին` սոցիալ-հոգեբանական գործընթացների կարգավորումը, դեստրուկտիվ (քայքայիչ) կոնֆլիկտների կանխարգելումն ու լուծումը: Այն դրսևորվում է կոլեկտիվի հոգեբանության հիմնական տարրերի վրա ազդելու ունակությամբ (կարծիք, ավանդույթներ, փոխհարաբերություններ և այլն): Սովորաբար առանձնացնում են զինվորական ղեկավարման հետևյալ ոճերը.
Ավտորիտար ոճ
Այս ոճին հակված զինվորական ղեկավարին (հրամանատարին) բնորոշ են վարքի հետևյալ դրսևորումները: Նա սովոր է տալ գործնական, հակիրճ հրամաններ ու հրահանգներ: Նրա սահմանած արգելքները հաճախ ուղեկցվում են սպառնալիքներով: Նրա խոսքը հստակ է, սակայն ձայնին բնորոշ է ամբարտավան հնչերանգը: Նա սովորաբար հաշվի չի նստում այլոց հույզերի և զգացմունքների հետ: Նման զինվորական ղեկավարի գովասանքն ու քննադատությունը սովորաբար սուբյեկտիվ բնույթ են կրում: Այս տիպի ղեկավարի առկայության դեպքում ստորաբաժանումում աշխատանքները ծրագրվում են նախօրոք, սակայն որոշարկվում են միայն մոտակա խնդիրները, իսկ հետագա ծրագրերը չեն քննարկվում: Ղեկավարի (հրամանատարի) խոսքը որոշիչ է և վերջնական: Ձայնի հնչերանգը` հատու: Լիդեր-հրամանատարի դիրքը խմբից դուրս է:
Ժողովրդավարական ոճ
Այս ոճով առաջնորդվող զինվորական ղեկավարի (հրամանատարի) հրահանգները սովորաբար հնչում են առաջարկների ձևով: Խոսքին բնորոշ է բարեկամական հնչերանգը: Նրա թե՛ գովեստը, և թե՛ քննադատությունը համակցվում են խորհուրդներով: Հրահանգները և արգելքները ուղեկցվում են քննարկումներով: Բոլոր տեսակի միջոցառումները ծրագրվում են ոչ թե նախօրոք, այլ՝ խմբում: Հրամանների և հրահանգների իրականացման համար պատասխանատու են բոլորը: Աշխատանքի բաժանումը, կատարումը ոչ միայն առաջարկվում է, այլև քննարկվում է խմբի մասնակցությամբ: Լիդեր-հրամանատարի դիրքը խմբի ներսում է:
Ազատական ոճ
Ձայնի հնչերանգը պայմանական է: Այս ոճին բնորոշ է գովեստի կամ քննադատության բացակայությունը: Ոչ մի համագործակցություն չկա անձնակազմի հետ: Բոլոր գործերն ինքնահոսի են թողնված: Այսպիսի ոճ ցուցաբերող հրամանատարը հրահանգներ չի տալիս: Ստորաբաժանումում աշխատանքի բաժանումը և կատարումը կախված են այլ անձանց անձնական հետաքրքրություններից և չեն վերահսկվում հրամանատարի կողմից: Լիդեր-հրամանատարի դիրքը խմբից դուրս աննկատ է:
Ոչ հետեւողական ոճ
Սեփական խոսքի կառուցման, հրահանգավորման նման ոճով առաջնորդվող զինվորական ղեկավարը փոփոխական, անկայուն մոտեցում է դրսևորում ամեն ինչում: Ուստի կոլեկտիվի ներսում փոխըմբռնման պակասի հետևանքով կարգապահության ցածր մակարդակ և կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում: Լիդեր-հրամանատարի դիրքը փոփոխական է:
Իրադրային ոճ
Նման ոճով առաջնորդվող զինվորական ղեկավարի խոսքը ճկուն է և, կախված իրավիճակից, կարող է ներառել ժողովրդավարական, ավտորիտար կամ երբեմն նաև ազատական տարրեր: Այս ոճը կիրառող հրամանատարին բնորոշ են իր ենթակայության տակ գործող ստորաբաժանման վերահսկողության բարձր մակարդակը և խմբի ներսում ծագող խնդիրներին ճկուն ու կառուցողական լուծումներ տալու կարողությունը: Լիդեր-հրամանատարի դիրքը կախված է հանգամանքներից:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ըստ սոցիալ-հոգեբանների` զինվորական կոլեկտիվի հոգեբանության ճիշտ կառավարումը կարող է իրականացվել երեք հիմնական միջոցներով: Առաջին հերթին զինվորական ղեկավարը պետք է ձգտի բացահայտել և օգտագործել ստորաբաժանումում տիրող բարենպաստ հոգեբանական գործոնները: Օրինակ` իր գործունեության մեջ նա կարող է հիմնվել կոլեկտիվի` իր սեփական պահանջների հետ համընկնող կամ դրանք չմերժող կարծիքների, հայացքների վրա, հնարավորություն տալ, որ կոլեկտիվի տրամադրվածության առողջ տարրերը դրսևորվեն: Արդյունքում, ապահովվում է ոչ միայն ենթակաների` հրամանատարի աշխատանքին սատարումը, այլև պայմաններ են ստեղծվում անձնակազմի հոգեբանական զարգացման համար: Առաջնային խնդիր է կոլեկտիվի անդամների նկատմամբ վստահություն մշակելը, առավել վստահելի անձանց ներկոլեկտիվային գործունեությունը կարգավորող որոշ խնդիրների լուծում հանձնարարելը, նախաձեռնության դրսևորումների խրախուսումը և այլն:
Զինվորական կոլեկտիվի հոգեբանական երևույթների կառավարման երկրորդ միջոցը խմբային դիրքորոշումների կարգավորումն է, դրական ուղղորդումը, միջանձնային փոխհարաբերությունների, խմբային տրամադրությունների բարելավումը և այլն: Այս խնդիրները լուծելի են, եթե ղեկավարը հաշվի է առնում զինվորական կոլեկտիվի ներքին գործընթացների օրինաչափությունները: Օրինակ` խմբային կարծիքի դինամիկայի ճիշտ ուղղորդմանը կարելի է հասնել այն դեպքում, եթե ղեկավարը ոչ թե բացահայտորեն պարտադրի իր կամքը, այլ խնդրի էությունը կոլեկտիվի անդամներին հասու դարձնի, միասին քննարկելու, սեփական կարծիքը արտահայտելու, մյուսների հայացքներին ծանոթանալու և ըստ այդ ամենի` փոխշահավետ որոշում ընդունելու հնարավորություն տա: Այս գործընթացի ճիշտ ղեկավարման դեպքում վերջնական որոշումը համընկնում է զինվորական ղեկավարի կամքին:
Զինվորական կոլեկտիվում զինվորական ղեկավարի կողմից սոցիալ-հոգեբանական երևույթների կառավարման երրորդ միջոցի էությունն այն է, որ հիմնական գաղափարները, որոշումները բխում են հենց իրենից` զինվորական ղեկավարից, այնուհետև բացատրվում է և հասցվում ենթակաների գիտակցությանը: Այս գործելաոճը գերադասելի է կիրառել այն դեպքերում, երբ հրամանատարը դեռ նոր է ծանոթանում ենթակաների հետ, կամ զինվորական կոլեկտիվը դեռևս ձևավորման նախնական փուլում է:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽԱՌՆՎԱԾՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զինվորական կոլեկտիվի ղեկավարի կարևոր բնութագրիչներից է նրա խառնվածքը, որով հիմնականում պայմանավորվում է նաև նրա գործելաոճը: Ահա հրամանատարի չորս խառնվածքի տիպերին բնորոշ առանձնահատկությունների համառոտ նկարագիրը:
Սանգվինիկ հրամանատարը առավել հակված է ճկուն մոտեցումներ ցուցաբերելու զինվորական մասնագիտության տարբեր ոլորտներում: Անձնական շփումների հակվածությունը նրան թույլ է տալիս անձամբ վերահսկելու տարբեր խնդիրների լուծումը, հրամանների իրականացումը:
Խոլերիկ հրամանատարը առավել բռնկուն է, պահանջկոտ: Նա հակված է շարժվելու ըստ «կաղապարների» (առավել պահպանողական է) և պահանջելու իր հրամանների անհապաղ կատարում:
Ֆլեգմատիկ հրամանատարը հակված է աշխատասենյակից կառավարելուն: Նա պահանջկոտ է ինչպես իր ենթակաների, այնպես էլ սեփական անձի նկատմամբ: Նորարարությունները ընդունում է մեծ դժվարությամբ: Տարբեր գործերում ցուցաբերում է դանդաղկոտություն:
Մելանխոլիկ խառնվածքը խիստ անբարենպաստ է զինվորական ղեկավարի համար: Եթե նախորդ երեք խառնվածքները հիմնված են նյարդային ուժեղ համակարգի վրա, ապա մելանխոլիկ խառնվածքը վկայում է հրամանատարին անհրաժեշտ տվյալների թուլության մասին: Չունենալով ղեկավարին բնորոշ կարևորագույն որակները` կամքի ուժ, նախաձեռնողականություն և այլն, այս տիպի հրամանատարն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Ապագա սպաների մասնագիտական ընտրության ընթացքում ցանկալի է, որ բացառվի այս հոգեկերտվածքով անձի բարձրագույն ռուհ ընդունվելը:
Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴևՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Բանակ և հասարակություն